«Լազաթ»

«Լազաթ»

Եվ այսպես․ արտակարգ դրությունն ավարտվեց՝ տեղը զիջելով արտակարգ կարանտինին։ Առաջին հայացքից թվում է՝ խիստ սահմանափակումների ավարտը լավատեսության հիմք է տալիս, սակայն երբ ուսումնասիրում ես կառավարության որոշումը՝ 2020 թ․ սեպտեմբերի 11-ից մինչեւ 2021 թ․ հունվարի 11-ը ներառյալ կարանտին սահմանելու մասին, եւ ծանոթանում ես հավելվածում նշված միջոցառումներին, հասկանում ես, որ շարքային մարդու կյանքում շատ քիչ բան է փոխվելու։

Ասենք, ինչքանո՞վ կարելի է փոփոխություն համարել տոնական, հիշատակի, կրթական ու սպորտային միջոցառումների ժամանակ գործող 40 մարդու սահմանափակումը 60 մարդով փոխարինելը։ Այսինքն, մինչեւ հունվարի 11-ը ոստիկանությունը լայն հնարավորություններ է ունենալու՝ ներխուժել ու ընդհատել ցանկացած միջոցառում՝ հաշվելով ներկաներին եւ հայտնաբերելով, ասենք, 61 մարդու։ Շարունակելու է գործել անձը հաստատող վկայականի պարտադիր լինելու պահանջը հանրապետության տարածքում տեղաշարժվելիս։ Խիստ սահմանափակումներ են գործելու քաղաքական միջոցառումների՝ հավաքների կազմակերպման ժամանակ, որոնք թույլատրվում է իրականացնել միայն «անհատական պաշտպանության միջոցների կիրառման եւ անձանց միջեւ նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում»:

Շարունակելու են մարդկանց ինքնամեկուսացնել, տեղորոշել, հարկադիր բուժել եւ այլն։ Եվ ամենակարեւորը․ «ՀՀ ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի եւ կարգի»: Այսինքն՝ մինչեւ հունվարի 11-ը պարետի կամայական որոշմամբ մեզ պարտադրելու են դիմակներ, պաշտպանական այլ միջոցներ, եւ, առհասարակ՝ մեր ապրելու կերպը պարետն է որոշելու։ Կորոնավիրուսը մի ուրիշ «լազաթ» է տվել իշխանություններին։