Իրենք դատարանում պետք է պատասխանեն, թե ինչ հիմքով են դա արել

Իրենք դատարանում պետք է պատասխանեն, թե ինչ հիմքով են դա արել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արայիկ Հարությունյանի նախարարության, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և իր դոկտորական ատենախոսությունը քննող հանձնաժողովի։

Հիշեցնենք, որ ԲՈԿ-ը հանձնաժողով էր ստեղծել, որպեսզի քններ Հայրապետյանի դոկտորականում ենթադրյալ գրագողության դեպքերը։ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի՝ առկա են նման դեպքեր, ապօրինի է, և ինքը դիմել է դատարան․

«Քննությունն ավարտվել է և եզրակացություն է եղել՝ ապօրինի հանձնաժողովի ապօրինի եզրակացություն, որտեղ ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող ձևակերպումներ են եղել և ես հետագայում այդ եզրակացությունը վիճարկեցի Վարչական դատարանում, գործն արդեն այնտեղ է և ակնկալում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում այս հարցը կլուծվի, որովհետև այն ձևակերպումները, այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են, ապօրինի են և իրականությունից կտրված։ Ի սկզբանե հայցի պատասխանող կողմը եղել է այն ապօրինի հանձնաժողովը, որտեղ ներառված էին իմ նկատմամաբ ակնհայտ թշնամություն և շահերի բախում ունեցող մարդիկ, պահանջը եղել է եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելը, հետագայում որպես պատասխանող ներգրավվել են  թե՛ ԿԳՍՄ նախարարությունը, և թե՛ ԲՈԿ-ը, հիմա 3-ն էլ պատասխանող կողմ են»,- ասաց Հայրապետյանը։

Նախկին ռեկտորի խոսքով՝ հանձնաժողովում եղել են շահերի բախում ունեցող և իր նկատմամաբ ակնհայտ թշնամանք տածող անձին, իսկ այն պնդումը, որ եղել են նաև իր կողմնակիցներ, իրականությանը չի համապատասխանում․

«Խոսքը վերաբերում է հանձնաժողովի անդամներից մի քանիսին, որոնցից մեկի կինը դատի էր տվել ՀՊՏ համալսարանին, որովհետև չէր հաղթահարել դասախոսների մրցույթը, հանձնաժողովի մեկ ուրիշ անդամի ընկերն էր նույն պատճառով դատի տվել համալսարանին։ Այսպիսի մարդկանցից կազմված ինչ-որ մի խումբ էր ձևավորվել, որոնք հատուկ առաքելություն են ունեցել սևացնելու իմ աշխատանքը։ Ես իմ մամուլի ասուլիսի ընթացքում շատ պարզ հայտարարեցի, որ իմ ատենախոսության մեջ եղած խնդիրները սահմանափակվում են աշխատանքի տեսական հատվածում՝ թարգմանաբար օգտագործված որոշ նյութերում, ոչ պատշաճ հղումներով։ Դա նվազագույն խնդիրն է, որ եղել է նախկին համակարգում ատենախոսություններ պաշտպանելիս։ Այս խումբը ձևավորվեց և փորձեց ամեն կերպ ապօրինի և թշնամական ձևակերպումներով նսեմացնել իմ աշխատանքը, և, հետևաբար, ես դա վիճարկեցի դատարանում։ Ընդհանուր գործընթացը այնաստիճան ապօրինի է, որ նույնիսկ ընթացակարգ չկա, որպեսզի ես ասեմ՝ ընթացակարգի պահպանմա՞մբ է եղել, թե՞ ոչ։ Մարդիկ միանձնյա որոշել են, թե ովքեր պետք է լինեն հանձնաժողովի անդամները։ Նախարարի հրամանով հաստատվել են անդամները, ապա ես ԲՈԿ-ի նախագահի մամուլի ասուլիսից տեղեկանում եմ, որ անդամներին որոշել են համանախագահները, այսինքն՝ ինքը և գիտպետկոմի փոխնախագահը, և նույնիսկ հրապարակային հայտարարություն է կատարվում, որ այդ անդամներին որոշել են հետևյալ սկզբունքով․ մի քանի հոգի չեզոք, մի քանի հոգի ինձ դեմ, մի քանի հոգի՝ ինձ կողմ։ Այսինքն՝ հրապարակային ինքնախոստովանություն է կատարվում, որ շահերի բախումով խումբ է ձևավորվել, մարդը փաստացի հայտարարում է այդ մասին, և ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ այդ մարդիկ պետք է որոշեն, թե ովքեր են ինձ կողմ կամ ովքեր են ինձ դեմ, կամ, ընդհանրապես, սա ի՞նչ իրավական ընթացակարգերով են իրենք առաջնորդվել, որ այդպիսի որոշումներ են կայացրել։ Ես պնդում եմ, որ այդ հանձնաժողովում ոչ ոք ինձ կողմ չի եղել, բայց եղել են բազմաթիվ անդամներ, որոնք ակնհայտ թշնամական վերաբերմունք են ունեցել»,- պատասխանեց Հայրապետյանը։

Նրան հարցրինք, թե ինչո՞վ է զբաղվում հիմա․

«Ես կատարում եմ հետազոտական աշատանք, նաև դասավանդում եմ և Երևանի ավագանու անդամ եմ, նաև զբաղվում եմ աշխատանքի  տարատեսակ առաջարկներ մերժելով, որովհետև կարևոր խնդիրներ ունեմ լուծելու, մասնավորապես այդ անարդարությունների հետ կապված»։

Մենք գրել էինք,  որ ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները լարվել են, բանը հասել է նրան, որ Գոգյանը պատրաստվում է լքել պաշտոնը։ Հեռանալու որոշմանը նպաստել է նաեւ Հարությունյանի վիճարկելի ցուցումները։ Նրա վերջին հրահանգը Գոգյանին եղել է Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ, մասնավորապես՝ հրահանգել է վերջինիս գիտական աստիճանից զրկել՝ հենվելով նրա ատենախոսության վրա։

Գոգյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ տեղեկությանն՝ ասել էր․ «Եկեք այդ հարցին չպատասխանեմ, մոտական ժամանակներին եկեք սպասենք էլի»։

Հայրապետյանին հարցրինք, թե իրեն մանրամասներ հայտնի՞ են այս դեպքի վերաբերյալ․

«Անկեղծ ասած՝ ես մանրամասներին չեմ տիրապետում, ես երեկ ֆեյսբուքյան գրառում եմ կատարել, որ ինձ այլևս չի հետաքրքրում, թե ով ում ինչպիսի ապօրինի հրահանգներ է տվել։ Սա իրականում աբսուրդի ժանրից է, ինձ ոչ ոք չի կարող զրկել գիտական աստիճանից առաջինը հենց իրավական պատճառով, և ես պնդել ու պնդում եմ, որ իմ դոկտորական ատենախոսությունը նախկին համակարգում սակավաթիվ իրական հետազոտութոյւններից է, և եթե իրենք ուզում էին ինչ-որ գործընթաց սկսել, ապա պետք է հակառակ կողմից սկսեին, այն աշխատանքներին, որոնք փողով են գրվել, որոնք բացարձակ գիտական արժեք չունեն, այլ ոչ թե ֆիքսվեին տեսական հատվածի հղումների վրա, դրանք պիտակավորեին և փորձեին արժեզրկել իմ տարիների կատարած աշխատանքը, որը իրենք դատարանում կպատասխանեն, թե ինչ հիմքով են արել»։