Ինչո՞ւ են ուզում տրոհել ակադեմիան, եթե կա միասնական գործող համակարգ

Ինչո՞ւ են ուզում տրոհել ակադեմիան, եթե կա միասնական գործող համակարգ

Նախօրեին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի վերաբերյալ  քննարկում, որը տեւել է մի քանի ժամ եւ անցել է թեժ մթնոլորտում։ Մասնավորապես, ակադեմիայի ներկայացուցիչների համար առաջնային է ԳԱԱ կարգավիճակի հարցը. նրանք կարծում են, որ օրինագծով պետք է հստակ ամրագրվեն ակադեմիայի՝ որպես գիտական կառույցի, դերն ու գործառույթները:   

Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, անդրադառնալով նախարարի գնահատականին, որ «ԳԱԱ համակարգում գործող ավելի քան 30 ինստիտուտների ֆինանսավորման եւ գործունեության արդյունավետության հարցը պետք է, ի վերջո, դիտարկվի, եւ վաղուց կուտակված խնդիրների լուծմանը պետք է մի օր գնալ, որքան էլ այդ լուծումները ծանր լինեն», նշեց, որ լուծումներ պետք է լինեն, բայց լուծում՝ չի նշանակում փակել ակադեմիան կամ նրա ինստիտուտները տրոհել, բաժանել․

«Դրա իմաստը ո՞րն է։ Եթե մի բան են նախաձեռնում, ու հստակ դրա նպատակը չի երեւում, դառնում է ինքնանպատակ։ Անհասկանալի է, թե ինչու են ուզում տրոհել, բաժանել ակադեմիան, եթե կա միասնական գործող համակարգ, որը շատ էլ լավ աշխատում է։ Ինչքա՞ն կարելի է անիմաստ քննադատել եւ ասել՝ վատ է, չտեսնելով այդ արդյունքը, գիտական արտադրանքը, որ ինստիտուտները տալիս են։ Եթե որեւէ ինստիտուտ տարեկան 100-200 գիտական աշխատանք է հրապարակում, մի՞թե դա գնահատելի չէ։ Այո, ակադեմիայում կան խնդիրներ, եւ պետք է այդ խնդիրներին անդրադառնալ, ու ակադեմիան ինքն իր ներսում կարող է խնդիրներ դնել, առաջարկներ անել, լուծումներ գտնել եւ ներկայացնել կառավարություն։ Իմիջիայլոց, մեզ առաջարկվել էր ակադեմիայում կատարվելիք փոփոխությունների մասին առաջարկություններ անել, բոլոր ինստիտուտներն առաջարկները ներկայացրել են, եւ ակադեմիան էլ այդ առաջարկները ներկայացրել է նախարարությանը։ Ո՞վ գիտի ակադեմիայի աշխատանքների առավելություններն ու թերություններն ավելի լավ, քան ակադեմիականները։ Դրսից գալիս,  դժգոհում-գնում են, իսկ իրենք ի՞նչ են անում, իրենց արածն ո՞ւր է, ընդամենը պետք է համագործակցել»։

Կատվալյանը տարակուսում է՝ եթե իշխանությունները ցանկանում են ակադեմիայի աշխատանքը բարելավել, իրոք շահագրգիռ են գիտության զարգացման գործում, դժվա՞ր է հանդիպում կազմակերպել իշխանությունների, կառավարության եւ ակադեմիայի միջեւ, քննարկել բոլոր հարցերը․ «Թող պետությունը ինքն իր պահանջները ներկայացնի ակադեմիային, իր պատվերը տա, թե ինչ է ուզում գիտությունից, ակադեմիայից, եւ տեսնի՝ ակադեմիան դա կարողանո՞ւմ է անել, թե՞ ոչ։ Ո՞ւր է պետության պատվերը, այսօր ակադեմիան չգիտի՝ պետությունն իրենից ինչ է ուզում, այն էլ այս պայմաններում, երբ գտնվում ենք նման աշխարհաքաղաքական իրավիճակում, այս աղետի մեջ ամենակարեւորն ակադեմիա փակե՞լն է։ Դժվա՞ր էր կանչել ասել՝ ի՞նչ կարող ես անել, ակադեմիա, օգնության հասիր եւ ինչ-որ ձեւով քո լուման ունեցիր երկրի մեջքը շտկելու հարցում»։

ԳԱԱ նախագահության հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել էր նաեւ, որ հանրային հարթակներում հնչող՝ «ակադեմիան քանդելու, գիտությունը ոչնչացնելու» որակումները կառուցողական չեն ու խաթարում են շահագրգիռ քննարկում ծավալելու եւ արդյունավետ լուծումներ գտնելու տրամաբանությունը, ինչի առնչությամբ Կատվալյանը զարմանում է․ «Իսկ ո՞ւր է շահագրգիռ քննարկումը, եթե գալիս եք թուղթը ձեռքներդ եւ ասում եք՝ փակում ենք ակադեմիան, եթե գալիս ասում եք՝ ակադեմիան վատն է, ո՞ւր է ձեր առաջարկը, չէ՞ որ իշխանությունն էլ պետք է շահագրգիռ լինի, եթե մարդու գլուխը ցավում է, գլուխը չեն կտրում, այլ փորձում են առողջացնել։ Եթե ակադեմիայում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, շահագրգիռ քննարկում կազմակերպեք, բայց այնպես, որ իսկապես գիտությունն իր դերն ունենա, բայց եթե դուք գիտությունը դարձրել եք կրթության սպասավոր եւ ինչ-որ օրենք եք գծել, ընդ որում անհայտ է, թե ովքեր են օրենքը գրում, մինչդեռ գիտության մասին օրենքը պետք է գրվի ակադեմիայում՝ գիտնականների կողմից, եթե գիտնական չես, ո՞նց ես գիտության մասին օրենք գրում։ Գիտությունը չի կարելի տանել խցկել կրթության օրենքի հետնախորշերում։ Ստացվում է այնպես, որ գիտությունների թեկնածուն կրթական աստիճան է, իսկ գիտությունների դոկտորի աստիճանը վերացնում են»։

Գիտնականներն առաջարկել են ընդհանրապես նախագիծը չեղարկել, որովհետեւ, ըստ նրանց, այն «բանի պետք չէ»։ «Պետք է գիտության մասին առանձին օրենք լինի եւ ակադեմիայի մասին առանձին օրենք։ Ընդ որում՝ այդ օրենքները պետք է հեղինակեն ակադեմիական շրջանակները կամ գոնե նրանց մասնակցությամբ, ոչ թե ինչ-որ խորհրդական չգիտես որտեղից վերցրել արտագրում է տարբեր բաներ եւ հրամցնում է հասարակությանը։ Բա եղա՞վ, հետո էլ երբ քննադատում ենք, ասում են՝ կառուցողական չեք, ձեր ասածը գիտության զարգացմանը չի նպաստում, գիտնականնե՞րը լավ գիտեն՝ ինչն է նպաստում գիտության զարգացմանը, թե՞ իրենք՝ գիտությունից դուրս մարդիկ»։    

Նախարարը հանդիպման ժամանակ հորդորել է իրավիճակին մոտենալ քննադատաբար եւ ընդունել, որ գիտությունը տիտղոսներով չի զարգանում, միաժամանակ նշելով, որ պետք է ընդունենք, որ զարգացում լինում է այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում է գիտական գործունեությամբ։ «Իսկ ո՞վ ասաց, որ գիտնականները գիտական գործունեությամբ չեն զբաղվում, բա ամբողջ ակադեմիան ինչո՞վ է զբաղվում։ Ստացվում է՝ իրենք ինչ ուզում, ասում են։ Երբ թեկնածու է դառնում մարդը եւ նպատակ ունի դառնալ դոկտոր, նա ավելի շատ է խորանում գիտության մեջ, ավելի շատ ժամանակ է տրամադրում գիտությանը, ավելի է մասնագիտանում որեւէ ուղղությամբ, իսկ դոկտորի աստիճանը վերացնելուց հետո մարդն այլեւս ազդակ չունի գիտությամբ զբաղվելու։ Սա պարզ բան է, որը չի կարելի չտեսնել։ Եվ այնպես չէ, որ տիտղոսները կապ չունեն գիտության հետ եւ չեն նպաստում գիտության զարգացմանը, մարդիկ տարիների քրտնաջան աշխատանքով են այդ տիտղոսները ձեռք բերում, այդ ակադեմիկոսներն ունեն հսկայական վաստակ, ինչպե՞ս կարելի է այդպես հեշտությամբ ամեն ինչ ոչնչացնել եւ արժեզրկել»։

Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտների հետագա գործունեությանը, ապա, նախարարի խոսքով, դրանք կգործեն որպես առանձին գիտական կազմակերպություններ, ինչին Վ․ Կատվալյանը հակադարձում է․ «Իսկ ինչո՞ւ,  նպատակը ո՞րն է, այժմ շատ կարեւոր է, որ միջգիտակարգային, միջգիտաճյուղային թեմաներ իրականացվեն, տարբեր կողմից երեւույթները դիտվեն միաժամանակ, իսկ դրան կարելի է հասնել, երբ կա ակադեմիական համակարգ, եւ միասնաբար ինստիտուտներն աշխատում են»։ «Ըստ օրինագծի` ինստիտուտներին տրվում է գործունեության ազատություն` ներառյալ կոնսորցիումներում ընդգրկվելու, բուհերի եւ տարբեր գիտական կազմակերպությունների հետ միավորվելով՝ ցանցեր ստեղծելու» առնչությամբ Կատվալյանը նկատում է․

«Մենք հիմա էլ շատ ազատ ենք․․․ իբր ի՞նչ՝ դրանք կեղծ ձեւակերպումներ են, եթե դու ակադեմիան ցրում ես, հետո ասում ես՝ ուզում եք միավորվեք, բայց չէ՞ որ արդեն միավորված ենք, ինչո՞ւ ես ցրում, մեզ հարցրել են, եւ մենք՝ բոլոր ինստիտուտներս, ասել ենք, որ ուզում ենք լինել ակադեմիայի կազմում, որովհետեւ ակադեմիան շատ բարձր է իր կարգավիճակով, եւ ակադեմիական գիտությունն էլ բոլորովին ուրիշ է, ինչո՞ւ եք մեկ աստիճան իջեցնում, տարանջատում։ Նպատակը ո՞րն է, ակադեմիական ազատություն եք տալիս միավորվելո՞ւ, բայց մենք արդեն միավորված ենք, մենք շատ ազատ ենք գիտական խնդիրներ առաջադրելու եւ լուծելու հարցում, կարո՞ղ եք՝ ֆինանսավորեք, նպաստեք, օգնեք, չեք կարող՝ մի խանգարեք»։