Ես ընդամենը ծրար եմ տվել . մարզպետարանի պաշտոնյան՝ իր անվան հետ կապվող խոսակցության մասին

Ես ընդամենը ծրար եմ տվել . մարզպետարանի պաշտոնյան՝ իր անվան հետ կապվող խոսակցության մասին

 «Հրապարակի » ձեռքի տակ է հայտնվել մի լիազորագիր, որով «Ցենտր սիթի» ՍՊԸ-ն Գյումրու թիվ 27 դպրոցում մրցույթին մասնակցելու համար իր անունից հայտ ներկայացնելու  իրավունք է վերապահել Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետին: Բանն այն է, որ յուրաքանչյուր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցներում կրտսեր աշակերտներին սնունդ մատակարարելու նպատակով դպրոցները մրցույթ են հայտարարում, որին մասնակցության հայտ են ներկայացնում համապատասխան արտոնագիր ունեցող ընկերությունները:

Նշված ընկերությունը նույնպես սննդի առևտրով է զբաղվում, եւ խնդիրը ոչ թե ընկերությունն է, այլ ընկերության կողմից լիազորված անձի՝ կրթության բաժնի աշխատակից լինելը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզպետարանի աշխատակցի` դպրոցում հայտնվելու փաստն արդեն իսկ կոռուպցիոն վտանգ է պարունակում:

«Նախկինում, առավել ևս կրթության բաժնի որևէ աշխատակից, նման մրցույթներին խառնվելու իրավունք չի ունեցել: Հիմա սա ի՞նչ է նշանակում. կրթության բաժնի աշխատակիցը՝ Մարտիրոսյան Սամվելը, ինքն է ուղղորդում, թե դպրոցները որ ընկերությունների հետ պայմանագիր կնքեն: Պարտավորեցնում է դպրոցի տնօրեններին, որ այդ ընկերությանն ընտրեն: Շահը ո՞րն է…, կարծում եմ` կարելի է հետևություն անել»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ թիվ 27 դպրոցը միակը չէ:

Նրա խոսքերով` Սամվել Մարտիրոսյանի անմիջական միջամտությամբ  Գյումրու մի քանի դպրոցներում ևս նշված ընկերությունն է մրցույթը շահել:

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանից փորձեցինք ճշտել, թե իրենց  աշխատակիցները որքանով են իրավասու`  միջամտելու նման գործընթացներին: «Ես նման որևէ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ոչինչ չեմ կարող ասել, ամեն ինչ պարզեք հենց Մարտիրոսյանից»:     

Զրուցեցինք Սամվել Մարտիրոսյանի հետ: «Ես չեմ հասկանում, թե էս աղմուկն ինչի են բարձրացրել: Երևի շատերը դեռ առաջվա ձևով են ուզում աշխատել: Ես ոչ մի վատ բան չեմ արել: Մասնակցել են 4 ընկերություն, որոնցից մեկն էլ «Ցենտր սիթի»-ն էր, բոլորն էլ շահել են: Այդ ընկերությունից եկան ինձ մոտ, ասացին՝ ուզում են մասնակցել, ես էլ ասացի՝ դաշտը բաց է, կարող են: Իսկ մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն այն ընկերությունները, որոնք առավել մատչելի առաջարկներով են հանդես գալիս: Ես ընդամենը ծրար եմ տվել դպրոցի համակարգողին: Քաղծառայության մասին օրենքն ուսումնասիրել եմ: Օրենքը չի արգելում, որ ես անվճար ծառայություն մատուցեմ, այնտեղ գրված է՝ իրավունք չկա վճարովի ծառայություն մատուցելու, առավել ևս, որ ես այդ ընթացքում արձակուրդի մեջ եմ եղել: Ընդամենը մի ծրար եմ փոխանցել: Ինչի՞ էդ մի ծրար տալը դարձավ էդպես խնդիր»,- ասաց նա:

Հարցին, թե կասկածներ կան, որ դպրոցի տնօրեններին պարտավորեցրել է նշված ընկերության հետ պայմանագիր կնքել, պատասխանեց. «Ի՞նչ պարտավորեցնելու մասին է խոսքը: Եղել են 4 կազմակերպություն, որը էժան է առաջարկել, նրան են ընտրել: Ընդամենը նիստին ֆիզիկապես նստած եմ եղել: Թող բացատրեն՝ ի՞նչ ձևով եմ նպաստել: Ձեռներից գրի՞չն եմ առել-գրել` ինչ եմ արել, որ վառված են: Եթե պիտի դրա համար նկատողություն տան, թող տան, ես կհասկանամ, եթե անհրաժեշտություն եղավ, դատական հայցով իրավունքներս կվերականգնեմ»:

Ավելացնենք, որ Սամվել Մարտիրոսյանը Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի երկար տարիների աշխատակից է: Աշխատել է դեռևս նախկին ՀՀԿ-ական վարչության պետ Սահակ Մինասյանի օրոք: Իսկ ահա վերը նշված «Ցենտր սիթի» ՍՊԸ-ն նույնպես գտնվում է Գյումրիում, քաղաքի կենտրոնում տեղակայված մեծածախ առևտրի կետերից մեկն է: Համացանցից պարզեցինք, որ ընկերությունը պետռեգիստրում գրանցվել է 2017թ. հունվարից:

Հիշեցնենք,  որ ՀՀ բոլոր մարզերի կրտսեր դպրոցներն ընդգրկված են դպրոցական սննդի ծրագրում, ինչն իրականացվում  է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Մեկ աշակերտին հատկացվող օրական գումարը  կազմում է 120 դրամ: Դպրոցներում բացառապես թույլատրելի սննդի ապահովում կազմակերպելու նպատակով վերջին տարիներին  մատակարար ընկերությունների  միջև անցկացվում են մրցույթներ: