«Ջնջված» մի ձայնագրության պատմություն

«Ջնջված» մի ձայնագրության պատմություն

«Պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցվելու վերաբերյալ պնդումները քննությամբ հերքվել են»․ լրատվամիջոցներն այս խորագրով տարածեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկատվությունը, որը վերաբերում էր «Հայելի» ակումբում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրության հիման վրա 2020 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործին։

Հայտարարության մեջ ամենատարօրինակը, թերևս, այն պնդումն էր, թե «հիշատակված խորհրդակցության վերաբերյալ որևէ ձայնագրություն Մ. Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել, վերջինիս մատնանշած ուղղությամբ իրականացված անհրաժեշտ քննչական գործողություններով ևս ՀՀ ԶՈՒ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու մասին վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել»: Հիշեցնենք «Հայելի» ակումբի ասուլիսում գեներալի հնչեցրած խոսքը․ «․․․ Պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար, գիտեն, որ գալու է ժամանակը, և սրա համար (լրահամալրման և զորահամալրման տապալման՝ Լ․ Ս․) պատասխան պիտի տան․․․ ձայանագրել են խոսակցությունը»։ Լրագրողի ճշտող հարցին՝ կա՞ այդպիսի ձայնագրություն,  Մովսես Հակոբյանը հստակ հաստատում է՝ «Այո»։

Գեներալի այս հայտարարությունը բնականաբար լսել են հազարավոր մարդիկ, այնպես որ ՀՔԾ-ի հայտարարությամբ՝ իբր թե «քննությամբ հերքված պնդումների» վերաբերյալ, արդեն իսկ կասկածներ են առաջանում արցախյան վերջին պատերազմում թույլ տրված ճակատագրական սխալների հեղինակին կամ հեղինակներին գեներալի այդ մեղադրական հայտարարությունից «չոր» դուրս բերելու առնչությամբ։ Իսկ մեղադրականի առումով Մ․ Հակոբյանը նաև հասցեական է․ նրա պնդմամբ՝ «այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել՝ որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը»։

Ըստ Մ․ Հակոբյանի՝ խնդրո առարկա ձայնագրությունը արել և պահել են պաշտոնատար այն անձինք, ովքեր լրահամալրման և զորահամալրման համար «պատասխանատու են», և ովքեր ձայնագրության շնորհիվ հետագայում պատասխանատվությունից խուսափելու հույս են փայփայել։ Երկրի քաղաքական կամ զինվորական բարձր պատասխանատուներից ստուգապես թե ովքեր են, որոնց հետագա պատասխանատվությունից խուսափելու համար համապատասխան ձայնագրությունը կարող էր պետք գալ, հայտնի չէ։ Թեև, անշուշտ, կարելի է կռահումներ անել։ Ձայնագրությունը բնականաբար պետք չէր երկրի ղեկավարին, պետք չէր նրա մերձավոր համախոհին՝ ՏԿՆախարարին, և հազիվ թե պետք էր ՊՆախարարին, որոնք էին հենց ի պաշտոնե ուղղակի պատասխանատուները լրահամալրման և զորահամալրման գործընթացի կազմակերպման համար։ Ուրեմն, ո՞վ կարող էր ունենալ այդպիսի ձայնագրություն, որ հետո ստիպված լիներ վերացնել։ Ելնելով իր հայտարարության տվյալ մասի բացառիկ կարևորությունից և պատերազմի ու պարտության պատճառների համակողմանի քննության բացառիկ նշանակությունից՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, կարծում ենք, պարտավոր է տալ ձայնագրության տիրոջ անունը, մանավանդ որ նա  ՀՔԾ համապատասխան հայտարարությունից հետո էլ շարունակում է պնդել, թե եղել է այդպիսի ձայնագրություն (տե՛ս «Առավոտ» ), և դրա տերը, ինչպես ենթադրում է գեներալը, «ձայնագրությունը ջնջել է, չգիտեմ՝ ինչ պատճառներով»։ Եթե իսկապես ջնջել է, իսկ մենք բոլորս հասկանում ենք՝ «ի՛նչ պատճառներով», ուրեմն հարկ է, որ այդ մասին իմանա նաև հանրությունը, իմանա ամբողջ ժողովուրդը, որովհետև հենց նա՛ է այս ամբողջ պատմության միակ տուժող կողմը։

Մ․ Հակոբյանը, թերևս մեղմելու համար ձայնագրության երևան չգալու պատճառով իր համար ստեղծված ոչ նախանձելի իրավիճակը, հայտարարում է, թե «Կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Զինված Ուժերը համալրում չի կատարել»: Գեներալը կարծես ակնարկում է, որ ձայնագրության վրա՝ որպես իրեղեն ապացույցի, այլևս պետք չէ հույս դնել, փոխարենը՝ «կան փաստաթղթեր»։ Բայց արդեն դժվար է հավատալ, թե դրանք էլ չեն արժանանա ձայնագրության հնարավոր ճակատագրին՝ չեն ոչնչացվի, որովհետև եթե հիմնավոր է կասկածը, որ գործ ունենք անպատկերացնելի մի դավադրության հետ, ուրեմն դրա հեղինակները հոգ տարած կլինեն նաև փաստաթղթային հետքերը ոչնչացնելու մասին։ 

Իր վերջին հարցազրույցներից մեկում («Առավոտ», նույնը) գեներալ Մ․ Հակոբյանը մի պնդում էլ է անում․ «Գոնե մեր բանակում 2000 սպա, որոնք պատասխանատու են, հաշվառում են իրականացնում լրահամալրման, իրենց մոտ այդ տվյալները բացակայում են (կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանուններով չեն գնացել բանակ և չեն համալրել մեր բանակի շարքերը)»։ Ամենայն հավանականությամբ՝ ուզում է ասել, որ լրահամալրման գործով զբաղված բազմաթիվ պատասխանատու անձինք կան, որոնք կարող են փաստարկել, որ «կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանուններով չեն գնացել բանակ և չեն համալրել մեր բանակի շարքերը»։ Ասել է թե՝ անունը եղել է, «ամանում»՝ ոչ։

Ինչպես արդեն ակնհայտ է, քրեական այս գործում չափազանց շատ են մութ կետերը, հետևաբար զարմանալի է, թե ինչո՞ւ է ՀՔԾ-ն շտապել փակել այն, ավելին՝ արդյո՞ք համապարփակ և հանգամանալից նախաքննություն է իրականացվել, արդյո՞ք ուսումնասիրվել  է գործին առնչվող ամբողջ փաստաթղթային բազան, արդյո՞ք հարցաքննվել են նշված բազմաթիվ սպաներից գոնե ոմանք։
Գեներալ-գնդապետ Մ․ Հակոբյանի արձագանքը վկայում է՝ ոչ։

Ի դեպ, ՀՔԾ-ի հայտարարությունից երևում է, որ Մ․ Հակոբյանի ասուլիսի տեսաձայնագրության հիման վրա հարուցված քրեական գործի հիմքը մի «խորհրդակցության» ձայնագրությունն է՝ այն դեպքում, երբ գեներալը ձայնագրության մասով «խորհրդակցության» անուն չի տալիս։ Ասուլիսում նրա ասածից տպավորություն է ստեղծվում, որ խոսքը բարձրագույն ղեկավարությունից ստացած հեռախոսազանգի մասին է, որը և ձայնագրվել է։ Իսկ հեռախոսազանգով «կառավարել», ինչպես բոլորս գիտենք,  մեր իշխանությունը սիրում է։

Հ.Գ․։ Քննչական ծառայության հայտարարությունից պարզ է դառնում նաև, որ ՊՆ-ում կան փաստաթղթային ձևաչափով  գործող «կանոնակարգումներ», որոնք միտված են չեզոքացնելու պատերազմի ժամանակ զինված ուժերում բացասական երևույթները՝ դրանք կանխելու եղանակով։ Հետաքրքիր է՝ այս լույսի ներքո ՀՔԾ-ն քննե՞լ է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պատերազմի օրերին Արցախի ՊԲ հրամանատարական կետում գտնվելու «կանոնակարգայնությունը», որքանո՞վ է դա նպաստել կամ խանգարել պաշտպանության բանակի հրամկազմի արդյունավետ գործողություններին։ Չէ՞ որ Մ․ Հակոբյանն ասուլիսում նաև ա՛յս մասին է խոսել, հետևաբար դա և՛ս պիտի դառնար քննության առարկա։ Եթե, իհարկե, ՀՔԾ-ում միտում կար գործը քննելու համակողմանիորեն։ Իսկ դատելով գործի բացառիկ կարևորությունից և, չվարանենք ասել, համազգային նշանակությունից՝ համակողմանի  քննել ուղղակի պարտավոր էին։