Այդպես ուղղակի չի լինում

Հետաքրքիր զբաղմունք է մարդկային վարքագծին հետևելը՝ հատկապես եթե տվյալ անձից ինչ-որ բան է կախված լինում: Առաջին հայացքից, մինչ այդ նորմալ և ադեկվատ թվացող անձը վերածվում է այնպիսի աննորմալ կերպարի, որ ասելու չէ: Իսկ եթե այդ անձը նաև ղեկավար պաշտոն է ստանում, ապա մնում է հետևել «գլուխդ առ՝ թող ու փախի» խորհրդին: Որովհետև նորահայտ այդ ղեկավարը բավարար չէ, նրա ենթականերն էլ վերածվում են շատ ավելի ոչ ադեկվատների: Դանով փորձում են ցուցադրել վերադասի նկատմամբ իրենց լոյալությունն ու շահել վերջինիս համակրանքը: Ինչը, բնականաբար, հանգեցնում է պաշտոնի ու եկամուտների բարձրացմանը: Ու այդ միջավայրում ադեկվատ մնացած ու գրագետ անձին այդտեղ անելիք չի մնում: Բայց թողնելն ու փախչելը ևս հարցի լուծում չէ, եթե նախկին ադեկվատը մի ողջ պետության ղեկավար է դառնում՝ այն էլ հենց նորմալ ու գրագետ անձանց աջակցությամբ: Ո՞ւր փախչես այդ դեպքում, արտասահմա՞ն՝ վերածվելով երկրորդ «սորտի» բնակչի, թե՞…
Ահա, նման մտքեր են այցելում, երբ դիտում ես այն կարճ տեսահոլովակը (https://hraparaktv.am/post/10256bad3f299ef6cdc7f02ed512cc72), որտեղ ոստիկանի համազգեստ հագած անձը դատարանում հայտարարում է. «Թենց բան չի եղել»: Իսկ տեսահոլովակում երևում է, թե ինչպես է այդ կամ մեկ այլ ոստիկան ոտքով հարվածում գետնին ընկած ընդդիմադիր մարդուն: Ու հիշում ես, որ Սերժին մերժելով ու վարչապետ կարգվելով՝ նախկին ընդդիմադիր Նիկոլը սկզբում ոստիկաններին ուղարկեց սահմանային դիրքեր պահելու, իսկ մեկ տարի անց նրանց հետ բերել տվեց: Ու եթե սկզբում հայտարարում էր, որ ոստիկանների թիվը պետք է պակասեցնել, հետո ավելացրեց դրանց քանակը: Ու ոստիկաններն էլ այնքան «սիրելի» դարձան իրեն, որ անգրագետ ջահելներին ոստիկան կարգելով՝ ավելի բարձր աշխատավարձ նշանակեց, քան սահման պահող պայմանագրային զինվորականն է ստանում: Որովհետև վերջինս կոչված է պահպանելու Հայաստանի, իսկ ոստիկաններն՝ իր անվտանգությունը: Ահա այդպիսի փոխակերպումներ տեղի ունեցան մի ժամանակ ադեկվատ թվացող Փաշինյանի հետ:
Ինչ մնում է դատաիրավական համակարգին, ապա տվյալ դեպքում թե՛ քննչական մարմինն է «կուրանում» և թե՛ դատարանը: Այլապես ինչպես բացատրել այն, որ քաղաքացուն հարվածող ոստիկանին պատժելու փոխարեն փորձում են պատժել զոհին: Նման երևույթ հնարավոր է երևի միայն հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում: Իսկ «ժողովրդավարական» Արևմուտքն էլ, ինչպես բազմիցս է ասվել, աչք է փակում նման երևույթների վրա: Քանի դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անհրաժեշտ է իր շահերը սպասարկելու նպատակով: Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվարվեր «միջին վիճակագրական» արևմտյան արդարադատությունը, եթե նման բան տեղի ունենար այնտեղ: Կասկածից վեր է, որ կպատժվեր իրական հանցագործը՝ այն անձը, ով խուլիգանական մղումներով հարվածում է գետնին ընկած անպաշտպան մարդուն: Իսկ եթե նման իրավիճակը հնարավոր չէ պատկերացնել Արևմուտքում, ինչո՞ւ է այն հանդուրժվում «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջված պետությունում: Պատասխանը միանշանակ է՝ արևմտյան երկրները, մեծ հաշվով, թքած ունեն՝ թե ինչպիսի կարգեր են հաստատվել Հայաստանում: Եվ, իհարկե, Հայաստանի նման երկրներում:
Այդ դեպքում առաջանում է երկրորդ հարցը՝ ինչու է հայաստանյան գրագետ հատվածի մի մասը դոշ տալիս հանուն Արևմուտքի: Միայն արևմտյան դրամաշնորհներ ստանալու կամ դրան գումարած՝ ռուսատյացության պատճառո՞վ: Թե՞ առանց վիզայի եվրոպական երկրներում ֆրֆռալու հնարավորություն ունենալու նպատակով: Բայց դրամաշնորհ ստացողները հասարակության փոքր մասն են կազմում: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են և միջոցներ ունեն եվրոպաներ մեկնելու՝ դրանք նաև վիզաներ են ստանում առանց մեծ բարդությունների: Մնում է վերջին գործոնը՝ ռուսատյացությունը: Բայց այստեղ առաջին հերթին մենք ենք մեղավոր, որ մեզ համարյա թե բարեկամ հզոր այդ երկիրը դարձրինք համարյա թե թշնամի: «Դուխով» Նիկոլը չէ՞ր, որ 2018-ի գարնանը Պուտինին «խորհուրդ» էր տալիս համակերպվել Հայաստանում կատարված փոփոխությունների հետ: Ինքը չէ՞ր, որ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը զբաղեցնող գեներալ-գնդապես Յու. Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել տալիս: Ինքը չէ՞ր, որ դրա հետ կապված հայտարարում էր, թե ո՞վ է այն դատավորը, ով կհամարձակվի չկատարել իր կամքը: Ինքը չէ՞ր, որ 2020 թվականի պատերազմի օրերին արհամարհում էր պատերազմը կանգնեցնելու՝ ՌԴ նախագահի առաջարկները: Ու այդքանից հետո պետք է սպասեի՞նք, որ Ռուսաստանն է պաշտպանելու Արցախը կամ Հայաստանը: Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ կարգված անձն ամեն ինչ անում էր դրան խոչընդոտելու նպատակով: Կամ էլ լավագույն դեպքում նվազագույնն անգամ չէր անում և այսօր էլ չի անում այդ ուղղությամբ: Այդպես ուղղակի չի լինում:
Կարծիքներ