Գնալ հարցի հետևից
(«Եռաբլուրի» աղջիկը)
Լիա Սարգսյան լրագրողի մասին առաջին տեղեկությունը պատահաբար քաղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ, ի թիվս հինգ կանանց, հիացմունքով գրված էր նրա մասին ևս։ Լրագրողուհու ֆեյսբուքյան էջում վերջինիս համարձակ պահվածքի առթիվ իր հիացմունքն էր արտահայտել նաև իրավապաշտպան, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Մելիքյանը։
Իսկ ի՞նչ էր պատահել։ Yerkir.am կայքի լրագրող Լիա Սարգսյանը, շատերի պես, հունվարի 28-ի առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում սպասում էր օրվա խորհրդով պայմանավորված՝ պետական «այրերի» այցերին՝ լուսաբանման նպատակով։
Ահա և հայտնվում է այրերից «գերագույնը»՝ վարչապետը՝ տասնյակ և գուցե հարյուրավոր թիկնապահներով, ինչպես և այլ պետական «այրերով» շրջապատված։
Փախուստի նմանվող սրարշավ դեպի նպատակակետն ընթացող վարչապետի՝ թվում է անբեկելի ընթացքը մի աղջիկ, սակայն, կանգնեցնում է։ Դա, անշուշտ, անսպասելի էր, որովհետև վարչապետը թիկնազորով պաշտպանված էր ոչ միայն հավանական թիրախավորումից, այլև լրագրողներից, որոնցից մեկն այնուամենայնիվ խիզախում է գնալ վարչապետի հետևից՝ չորս կողմից «հակառակորդներով» շրջապատված, և իր հարցը հնչեցնել․ «Դուք իսկապե՞ս Շուշին ադրբեջանական քաղաք եք համարում»։ Եվ քանի որ հարցը հնչում էր համառորեն ու հաստատակամորեն, բարձր ու լսելի, կանացի, սակայն պատասխան պահանջողի չբեկվող իրավունքով, վարչապետը խոտորում է իր ընթացքը և թեքվում է դեպի լրագրողը՝ «Այդ Դո՞ւք էիք հարցնում Շուշիի մասին․․․»։
Մնացյալը պատմելու հարկ չկա, քանի որ հարյուրհազարավոր մարդիկ արդեն տեսել են, լսել, թե ինչպես է նյարդայնացած վարչապետը, մատը տնկած, անընդհատ «մի րոպե, մի րոպե» ասելով, վրա քշում լրագրողին և հրամայական տոնով հորդորում, որ հարցը՝ մեջբերման տեսքով, գրվի թղթի վրա և «անպայման» ներկայացվի իրեն․․․
Իսկ այս նյութին կից լուսանկարում ինքն է՝ Լիա Սարգսյանը, այսօր՝ կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ «պայմանավորված» մեջբերում-պաստառով և իր հարցի պատասխանի պահանջով․․․
Հ․Գ․։ Հետին թվով, անշուշտ, կարելի է պահի և վայրի անպատեհության առումով որոշակի ոչ կոռեկտ պահվածք արձանագրել Լիայի վարքում, բայց չէ՞ որ նա լրագրող է, լրագրող, որ գնում է իր հարցի հետևից։
Իսկ նրա առջևից ճողոպրում էր նախկին լրագրողը․․․
Կարծիքներ