Հայաստանում գտնվող անկլավները միասին վերցրած 30 ք/կմ են, Ադրբեջանում գտնվող Արծվաշենը`41 ք/կմ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, հայտարարել էր, թե կողմերը հաստատել են, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։ Ըստ Միշելի՝ քննարկվել է նաև նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը։
Այս հայտարարությանը հաջորդեցին քննարկումներ, որ ՀՀ վարչապետն Արցախը թողել է Ադրբեջանին` համաձայնելով նրա տարածքային ամբողջականությանը, որի մեջ ներառվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի 4 հազար քառակուսի կիլոմետրը: Լուրեր տարածվեցին նաեւ, որ համաձայնել է անկլավները վերադարձնել: Այդ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը Սովետական Հայաստանի տարածքն է, որի մեջ չեն մտնում Ադրբեջանին պատկանող անկլավները` Տիգրանաշենը (Քյարքին)` Արարատի մարզում եւ մի քանի գյուղ Նոյեմբերյանում: Ընդ որում, տարբեր քննարկումների ժամանակ տարբեր թվեր են հնչում` երբեմն 9 անկլավների մասին են խոսում:
Մենք փորձեցինք պարզել, թե քանիսն են այդ անկլավները, ինչ տարածքի մասին է խոսքը, քանի քառակուսի կիլոմետր են դրանք կազմում եւ ինչպես կարող են այդ անկլավները վերադարձվել Ադրբեջանին:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեր խնդրանքով մեկնաբանեց այս հարցը: Ըստ նրա` Հայաստանում գտնվող անկլավները ոչ թե 9-նն են, այլ ընդամենը 4-ը` Տիգրանաշենը եւ Նոյեմբերյանի 3 գյուղերը: Դրանց տարածքը միասին կազմում է մոտ 30 քառակուսի կիլոմետր, ընդ որում` դրանցից մեկը` Բարխուդարլին, որն ընդամենը 1 կիլոմետր է, որպես կայարան է ծառայել սովետական տարիներին եւ այն անկլավ կոչելը խիստ վիճելի է:
Ամենամեծ անկլավը` Տիգրանաշենը, ընդամենը 11,4 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում: Սա 20-րդ դարի սկզբին եղել է անմարդաբնակ տարածք, որտեղ 1926-29 թվականներին եկել, բնակություն են հաստատել անասնապահությամբ զբաղվող ադրբեջանցիներ: Սրանք սկզբում` դիմել են ՀԽՍՀ ղեկավարությանը` խնդրելով իրենց ՀԽՍՀ բնակիչներ ճանաչեն, գյուղական բնակավայր սահմանել, ապա, երբ ոտքները պնդացրել են, դիմել են միութենական իշխանություններին, թե` մեզ անջատեք Հայաստանից, տվեք Ադրբեջանին:
Սակայն ամենաուշագրավն, ըստ Հրանտ Բագրատյանի այն է, որ մեր անկլավը, որը 90-ականներին գրավել է Ադրբեջանը` Արծվաշենը, իր տարածքով գերազանցում է այս 4 անկլավներին միասին վերցրած: Արծվաշենը Սովետական տարիներին մոտ 72 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցրել: Այժմ` անգամ Ադրբեջանի կողմից ընդունված Գուգլ-մապի տվյալներով, կազմում է 41 քառակուսի կիլոմետր: Այսինքն, անկլավների վերադարձի պարագայում Ադրբեջանից մենք պետք է ստանանք 41 քառակուսի կիլոմետր, լավագույն դեպքում` տանք 30 քառակուսի կիլոմետր: Հայաստանը շահելու է տարածքային առումով: Եւ անկլավները վերադարձնելու թեման չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանից լրացուցիչ հող պոկելու համար: Որքան էլ, որ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածության հանգեն:
Կարծիքներ