Ամուլսարի հարցը կարելի է դնել հանրաքվեի, եթե Ամուլսարի մասին օրենք գրվի

Ամուլսարի հարցը կարելի է դնել հանրաքվեի, եթե Ամուլսարի մասին օրենք գրվի

Մի քանի օր է՝ չեն հանդարտվում կրքերը Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ Տարբեր շահագրգիռ եւ մտահոգ անձինք հարցի լուծումը տեսնում են հանրաքվեի միջոցով հարցը քննարկման դնելու մեջ։ Ասում են՝ Ամուլսարի հարցը դրեք հանրաքվեի, եւ թող ժողովուրդը որոշի՝ հանքը պե՞տք է շահագործվի, թե՞ ոչ։ Բայց արդյոք Ամուլսարի հարցը կարո՞ղ է դրվել հանրաքվեի։ Հանրաքվեի մասին օրենքում կարծես թե նման կետ չկա, որը վերաբերելի լինի այս հարցին եւ հնարավոր լինի Ամուլսարի հարցը դնել հանրաքվեի։ Իսկ տեղական հանրաքվեի տարբերակն էլ, եթե հնարավոր լինի օրենքի որեւէ կետով հանրաքվեի դնել այս հարցը, մեծ հաշվով, անիմաստ կլինի, քանզի սա միայն Ջերմուկի կամ Վայոց ձորի բնակիչներին վերաբերող հարց չէ, այլ ամբողջ երկրին ու ժողովրդին։ Բացի այդ՝ որքանո՞վ կարող են տեղական հանրաքվեի արդյունքներն ազդել կառավարության որոշման վրա։

Այս թեմայով մեկնաբանություններ վերցրինք մի քանի իրավաբաններից, որոնք երեքն էլ գրեթե նույնը պնդեցին։

ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը, օրինակ, նախ հիշեցրեց, որ սա Ընտրական օրենսգրքից մի քիչ դուրս հարց է, ապա հավելեց․ «Իմ կարծիքով՝ դա համապետական հանրաքվեի դրվող հարց չի կարող լինել, որովհետեւ, ըստ մեր օրենսդրության, հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրությունը եւ սահմանադրական օրենքները»։
Ինչ վերաբերում է տեղական հանրաքվեին, Արմեն Սմբատյանն ասաց, որ այս դեպքում կարող է ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինը հարցը դնել հանրաքվեի, ե՛ւ նախաձեռնող խումբ կարող է ձեւավորվել, եւ այդ խմբի կողմից առաջ քաշվել նման հարց։ Համապետական հանրաքվեի դեպքում եւս կարող է նախաձեռնող խումբն առաջարկել կոնկրետ ստորագրությունների պարագայում։ Բայց, ըստ Սմբատյանի, տեղական հանրաքվեն չի կարող լինել այնպիսի հարցի շուրջ, որը կառավարության որոշելիքն է։ «Տեղական հանրաքվեն կարող է լինել այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք գտնվում են տվյալ համայնքի շրջանակներում»,-ասաց Արմեն Սմբատյանը։

Էթիկայի հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Էդգար Շաթիրյանն էլ հիշեցրեց քաղաքացիական նախաձեռնության կարգով որեւէ հարց հանրաքվեի դնելու մասին, բայցեւ նկատեց․ «Այլ հարց է, թե որքանով է դա ողջամիտ»։ Ապա, խորանալով օրենքի նրբությունների մեջ, նկատեց, որ կարծես թե այդքան էլ հնարավորություն չկա այս հարցը համապետական հանրաքվեի դնելու։ «Եթե գանք սահմանադրական կարգավորումներին, ապա այս դեպքում, բնականաբար, Սահմանադրության որեւէ նորմի փոփոխության մասին խոսք չկա։ Ինչ վերաբերում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հանրաքվեին, այստեղ զուտ տեսականորեն՝ հիպոթետիկ, կարելի է ինչ-որ օրենքի նախագիծ ներկայացնել, եթե ԱԺ-ն մերժի, նոր քաղաքացիական նախաձեռնության կարգով դնեն հանրաքվեի, ինչն այս դեպքում դժվար աշխատի, քանզի օրենքի նախագծի խնդիր չի, զուտ դիրքորոշում ճշգրտելու հարց է՝ դրական, թե բացասական։ Այս կարգավորումներից, բնականաբար, բխում են հանրաքվեի մասին օրենքի կարգավորումները, որտեղ սահմանվում է, թե հարցերի ինչ շրջանակ կարող է դրվել հանրաքվեի։ Ես ոնց նայում եմ՝ Ամուլսարի հարցը, այսպես, թե այնպես, որեւէ առնչություն չունի դրանցից որեւէ կետի հետ՝ Սահմանադրության նախագիծ, Սահմանադրության փոփոխություններ, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցություն եւ այլն»,-ասաց Շաթիրյանը։

Մի հարց կարող է, ըստ նրա, տեսականորեն առնչվել այս հարցին՝ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Բայց դրա համար էլ պետք է լինի այդ օրենքի նախագիծը։
«Այստեղ մնում է տեղական հանրաքվեի մասին օրենքը, որն ավելի վերաբերելի է, թերեւս։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ տեղական հանրաքվեով որոշվող հարցը վերաբերում է ոչ թե ամբողջ հանրապետությանը, այլ կոնկրետ տեղական միավորին։ Եվ այստեղ՝ որպես տեղական հանրաքվեի դրվող հարց, տեղական հանրաքվեի մասին օրենքի 4-րդ հոդվածում նշվում է հարցերի շրջանակը, որը շատ ընդհանրական է։ Ասում է՝ տեղական հանրաքվեի կարող են դրվել տվյալ համայնքի բնակիչների՝ համայնքային նշանակության հանրային հարցերը, հետո բացառություններ է սահմանում, որոնցից ոչ մեկն այս դեպքին վերաբերելի չէ»,- ասաց Էդգար Շաթիրյանը։

Այսինքն՝ ստացվում է, որ Ամուլսարի հարցն օրենքով չի՞ կարող դրվել հանրաքվեի, ինչին ի պատասխան՝ սահմանադրագետն ասաց․ «Թերեւս եզրահանգումն այդպես է՝ նայելով հանրաքվեի դրվող հարցերի շրջանակը»։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ է կարծում, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեի դրվող նյութ չէ։ «Ամուլսարը հանրաքվեի նյութ չէ, ինքը կարող է պլեբիսցիտի նյութ լինի, բայց դրա համար պետք է օրենք մշակվի»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ պլեբիսցիտը հանրային կարծիքի վերլուծությունն է։ Հարությունյանի խոսքով՝ մեր օրենսդրությամբ հանրաքվեն վերաբերում է միմիայն օրենքներին, դրա համար, ըստ նրա, ճիշտ կլինի՝ դրա անունը դնել ոչ թե հանրաքվե, այլ հանրային կարծիքի հարցում կամ, այլ խոսքերով՝ պլեբիսցիտ, որը, սակայն, իրավական ուժ չունի։ Կամ՝ կարելի է արհեստականորեն գնալ հանրաքվեի ճանապարհով, եթե հորինեն օրենք։

«Թե ինչքանով այդ օրենքը կլինի սահմանադրական, այլ հարց է, որովհետեւ օրենքը չպետք է վերաբերի կոնկրետ ձեռնարկությանը։ Դու չես կարող գնալ ասել՝ կոշիկի այսինչ ֆաբրիկային նվիրված օրենք․․․ Այսինքն՝ արհեստական ձեւով միգուցե կարելի է Ամուլսարի հարցը դնել հանրաքվեի, եթե Ամուլսարի մասին օրենք հորինվի»,- ասաց նա։