Պեմզաշենի սպանության առեղծվածը. ինչ է պարզվել

Պեմզաշենի սպանության առեղծվածը. ինչ է պարզվել

2022 թվականի նոյեմբերի 8-ին Շիրակի մարզում տեղի ունեցած սարսափելի սպանությունից օրեր առաջ ամբաստանյալ Արկադի Բարսեղյանը հեռախոսային զրույցներ է ունեցել սպանված Զարինե Մելիքսեթյանի ամուսնու՝ Սևակ Մելիքսեթյանի, ինչպես նաև նրա հորեղբոր որդու՝ Հայկ Մելիքսեթյանի հետ։ Այսօր դատարանում նման տվյալներ հրապարակեց մեղադրող դատախազը՝ ներկայացնելով ապացույցներն ու դրանց ձեռք բերման ուղիները:

Մեղադրողի խոսքով, խոսակցությունների ու դրանց բովանդակության մասին տեղեկացել են հեռախոսների զննության արդյունքում, ինֆորմացիայի մի մասը ջնջված է եղել, մասնագետները կարողացել են վերականգնել։

«Հոկտեմբերի 24-ին Հայկ Մելիքսեթյանի հետ viber հավելվածով Սևակ Մելիքսեթյանի հետ խոսակցության վերաբերյալ տեղեկություններ են առկա, միաժամանակ այդ խոսակցության ընթացքում Սևակ Մելիքսեթյանի նկարի և կից մերկ աղջիկների լուսանկարների էկրանանկարներ են առկա եղել, որոնք ևս ջնջված են եղել, մասնագետների կողմից վերականգնվել են»,- հայտնեց դատախազը։

Քննությամբ պարզվել է, որ Արկադի Բարսեղյանը Հայկ Մելիքսթեյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև նոյեմբերի 1-ին։

«Ավելի շուտ հաղորդագրություն է ուղարկել այն բովանդակությամբ՝ պարզելու, թե երբ են Հայկ և Սևակ Մելիքսեթյանը վերադառնալու Հայաստան։ Նոյեմբերի 7-ին, այսինքն դեպքի նախորդող օրը, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայկ Մելիքսեթյանի ու Արկադի Բարսեղյանի միջև»,- հայտնել է դատախազը։

Նա նշել է, որ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ունեն Վրույր Բարսեղյանի ընտանիքի անդամների խոսակցությունները, պայմանավորվածությունները։

«Քրեակատարողական հիմնարկում Վրույր Բարսեղյանն ունեցել է խոսակցություն խցակիցների հետ, նա հայտնում է տեղեկություններ դեպքի օրվա, նախորդող ժամանակահատվածի, Արկադի Բարսեղյանի հետ դեպքին մասնակցելու, ինչպես սեռական ոտնձգությունների, այնպես էլ բռնության գործադրման մասին, հայտնում է նաև տնից իրեր հափշտակելու մասին»,- մանրամասնեց դատախազը։

Մեղադրողը նշեց, որ ընդհանուր առմամբ քննության ընթացքում իրեղեն ապացույց են ճանաչվել ու քրեական գործին կցվել 91 իր և առարկա։

«Հայտնաբերել են արյան հետքերով Վրույր Բարսեղյանի՝ սպորտային կոշիկի նմանվող հողաթափերը, վերջինիս բնակարանից ծալովի դանակը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված մի շարք իրեր ու առարկաներ՝ ինչպես արյան հետքերով, այնպես էլ սերմնահեղուկի հետքերով»,- ասաց մեղադրողը։