Բյուջեում մոռացել են փորձագետների փողը գրել, իսկ Ղուկասյանին «մոռացել» են ԿԱԻ շենքում

Բյուջեում մոռացել են փորձագետների փողը գրել, իսկ Ղուկասյանին «մոռացել» են ԿԱԻ շենքում

Փակված հիմնարկի՝ Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Նորայր Ղուկասյանը դեռ գնում է աշխատանքի։ Հուլիսի 1-ից ԿԱԻ-ում ընդունման-հանձնման գործընթաց է, սակայն արդեն մոտ հինգ ամիս է՝ չի ավարտվում։ 65 տարեկան Ղուկասյանն ինստիտուտի նախկին շենքում միայնակ է՝ պահակներին չհաշված։ Նա ամեն օր ծառայողական մեքենայով գործի է գնում ու, ինչպես նախկինում, մոտ 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Մյուս աշխատողներին դեռ ապրիլին էին տուն ուղարկել, ու հիմա նրանք «բարի նախանձով» են հետեւում թոշակառու տնօրենի աշխատանքային գործունեությանը։ «Այո, աշխատավարձ ստանում եմ, գույքն ենք հանձնում, բա գույք հանձնելն աշխատա՞նք չէ։ Փաստաթղթեր են ճշտվում, ակտեր են կազմվում, բարդ գործընթաց է»,- ասում է Նորայր Ղուկասյանը։

Նրանից ու պահակներից բացի, դեռ աշխատանքի է հաճախում տնտեսական բլոկը՝ շենք-շինություններ հսկող-պահողները։ Թե ինչ է լինելու շենքի հետ, Ղուկասյանը չգիտի։ «Որոշումից հետեւում է, որ դա տրվում է կրթության նախարարությանը։ Կծառայի իր նպատակին»,- ենթադրում է նախկին տնօրենը։ Նա նաեւ պնդում է, որ նախարարությունում ինչ-որ գործընթացներ են գնում ինստիտուտի փոխարեն այլ մարմիններ ստեղծելու ուղղությամբ, սակայն այս տեղեկությունը «կողքից» ունի։ «Անպայման ստեղծվելու է, բայց  ամեն մեկը մի բան ասում է, իսկ պաշտոնական տեղեկություններ ես չունեմ»։

Ինստիտուտը պաշտոնապես, ինչպես նշեցինք, լուծարվեց 2019 թվականի հուլիսին։ Վարչապետին ուղղված դիմում-բաց նամակները, որոնցում աշխատողները նշում էին, թե ինչ կարեւոր ու բարդ դեր է կատարում Կրթության ազգային ինստիտուտը, չօգնեցին։ Կառույցը, որը նախկինում կրթական ծրագրեր էր մշակում, մեթոդաբանությամբ, դասագրքերով էր զբաղվում, ուսուցիչների վերապատրաստումն էր կազմակերպում եւ կրթական գործընթացի համար այլ անհրաժեշտ հարցեր լուծում, այնուամենայնիվ, փակեցին։ Պաշտոնական բացատրությունը, որը նաեւ տեղադրվեց ԿԱԻ կայքում, հետեւյալն էր․ «Կրթության ազգային ինստիտուտի ներկա կարգավիճակը չի համապատասխանում այն առաքելությանը, որն այսուհետ ակնկալվելու է Կրթության ազգային ինստիտուտից՝ որպես կրթական ծրագրերի եւ ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգերի մշակման հարցերով զբաղվող ինստիտուցիոնալ կառույց: Այս փուլում, մասնավորապես, դիտարկվում է Կրթության ազգային ինստիտուտի գործառույթները շահույթ չհետապնդող կառույցի` հիմնադրամի միջոցով իրականացնելու հնարավորությունը: Առաջիկայում նախատեսվում է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոխարեն ստեղծել կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց»։

Բայց կառույցը, որը պետք է հիմնադրամի կարգավիճակ ունենար, այդպես էլ չստեղծվեց։ Փոխարենը ձեւավորվեցին փորձագետների խմբեր, որոնք պետք է վերանայեն հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական ծրագրերը եւ դասագրքերը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ կրթության չափորոշիչները հնացած են, որ 2005-2006 թվականներից չեն վերանայվել, եւ նորերը մշակելու անհրաժեշտություն կա։ Բայց այս տարվա դասագրքերը տպագրվեցին եղած չափանիշներին ու ծրագրերին համապատասխան։ Իսկ դասագրքերը գրվում-տպվում են 5 տարով։ Եթե 2020 թվականին կրթության նոր չափանիշավորում է տեղի ունենալու, ապա ստացվում է, որ մեկ տարի անց դասագրքերն այլեւս արդիական չեն լինի։ «Եթե իսկապես նոր չափորոշիչներ են մշակում, ամբողջ դասագրքերը փոխվելու են, էդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու միլիոններ ծախսել այս տարի ու ընդամենը մեկ տարվա համար դասագիրք տպել։ Մեկ տարի անց նորերն ենք տպագրելու, արդեն նոր չափանիշներին համապատասխան»,- զարմանում է կրթության ոլորտի աշխատակիցներից մեկը։  

Ավելի անհեթեթ է այն, որ փորձագիտական խմբերի համար ծախսվող գումարները, որոնցով պետք է նոր չափորոշիչներ ստեղծվեն, 2020 թվականի բյուջեում չեն երեւում։ Գումար ընդհանրապես նախատեսվա՞ծ չէ։ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը պատասխանում է․ «Պետբյուջեում չկա նախատեսված, որովհետեւ ֆինանսավորման մի մասն արվում է ԵՄ աջակցությամբ, Համաշխարհային բանկն է դա իրականացնում, մյուս մասն էլ ԾԻԳ-ն է անում, իսկ ԾԻԳ-ի գումարը 2020 թվականի բյուջեի նախագծում կա»։ Գումարի չափը հայտնելու համար Արեւիկ Անափիոսյանը գրավոր հարցում պահանջեց։ Իսկ դասագրքերի հարցի շուրջ պարզաբանեց․ «Չափորոշիչներն աստիճանաբար են մուտք գործելու հանրակրթության համակարգ։ Դրա  մասին բազմիցս ե՛ւ ես եմ նշել, ե՛ւ նախարարն է նշել։ Մինչեւ 2023 թվականի ավարտը մենք դրանք ուզում ենք ամբողջությամբ մտցրած լինենք, եւ, հետեւաբար, մինչեւ այդ ժամանակը կլինեն դպրոցներ, համայնքներ, որոնք դեռ կօգտագործեն հինը։ Այդ հարցը կախված է ֆինանսից։ Եթե կարողացանք ավելի շատ գումար ունենալ ներսի աղբյուրներից ու միջազգային կառույցների օգնությամբ ավելի լայնածավալ վերապատրաստումներ իրականացնելու համար, ավելի լավ կլինի»։ Ի դեպ, 2020-ի բյուջեում գումար նախատեսված չէ նաեւ հիմնադրամի համար, որը պետք է իբրեւ թե ստեղծվեր ԿԱԻ-ի փոխարեն։