Զարգանալ եւ խաղաղ ապրել 

Զարգանալ եւ խաղաղ ապրել 

Չեմ վերլուծի անցած 30 տարին եւ ոչ էլ կհիշեցնեմ տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում: Միայն թույլ տվեք հիշեցնեմ, որ հարձակվել էինք մեր հարեւան երկրի վրա՝  փրկելու նրա տարածքում գտնվող եւ իրեն անկախ հռչակած Լեռնային Ղարաբաղում ապրող հայությանը:

Արդյունքում ազատագրեցինք նաեւ Ղարաբաղին շրջապատող ադրբեջանաբնակ մեր մի քանի պատմական հայկական տարածքներ եւ հարեւան երկրի հետ հրադադար կնքեցինք:  

Հիմա Ադրբեջանը հետ վերցրեց այդ տարածքները,  գրավեց Ղարաբաղի տարածքից մի խոշոր հատված, եւ նորից կնքվեց զինադադար: Հետ վերցրեց, որովհետեւ ուներ ժամանակակից բանակ եւ հզոր դաշնակիցներ: Բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ մենք կորցրել ենք 30 տարի մեր ազգի զարգացման՝ տիեզերքի կողմից հատկացված ժամանակից: Կորցրել ենք այդ ժամանակը մարդու եւ պետության զարգացման բոլոր բնագավառներում` կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, մշակույթ, հավատ եւ այլն:  Չունենք դաշնակից եւ օգնության հասնող պետություն: Չունենք նույնիսկ բախտակից երկիր: Ունենք թշնամի հարեւան երկիր, որը թշնամի է միայն այն պատճառով, որ գիտի՝ մենք պահանջատեր ենք նրա նկատմամբ եւ դաշնակից ենք լինելու նրա ցանկացած թշնամուն: 

Պարտվել ենք: Մեղավորներ, դավաճաններ, օտարին ծախվածներ, իհարկե, կան, որոնք դեռ գործելու են: Մարդկային քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ պարտությունից ճիշտ դասեր քաղելու դեպքում պետությունները շատ արագ են վերականգնվում` Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա եւ այլն: Մեզ մնում է քաղել այդ դասերը: Պետք է ապրել: Ապրել՝ նշանակում է զարգանալ եւ խաղաղ ապրել: Եվ մեզ պետք է նախեւառաջ խաղաղություն:  

Առնոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ