Աննա Դանիբեկյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել

Աննա Դանիբեկյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց գործով երկու մեղադրյալների՝ Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նա, սակայն, չցանկացավ հայտնել, թե ինչ ցուցմունքներ է տվել Դանիբեկյանը․ «Ելնելով նախաքննական գաղտնիքի մասին քննիչի մոտ ստորագրած իմ պարտականությունից՝  այս պահին ձեռնպահ կմնամ վերջինիս ցուցմունքները հրապարակելուց, այնուամենայնիվ, երբ նախաքննությունն ավարտվի, ես կներկայացնեմ քննիչի ներկայացրած իրավազուրկ միջնորդությունը եւ դատարանների կայացրած անբարո որոշումները, Աննա Դանիբեկյանի ցուցմունքները»։

Նա նշեց, որ առերեսում տեղի չի ունեցել։

Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքը որպես խափանման միջոց, բողոքարկել են Վերաքննիչ դատարան, սակայն հայտնի չէ, թե երբ կքննվի։

Պաշտպանը նաեւ նշեց, որ քննարկում են քննիչի գործողությունների դեմ բողոք ներկայացնելը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: