Նորայր Գրիգորյան. Առաջնագիծ

Նորայր Գրիգորյան. Առաջնագիծ

ՀԱՅՐԵՆԻՔ

Ի՜նչ շքեղ ես ու անօգնական,
երբ տրորում ենք քո զառամյալ մարմինը,
երբ բացակայում ենք
ու դու
հաշվում ես վայրկյանները մեր վերադարձի:
Որքա՜ն ես քնքշանում,
երբ հաշվում ես:
Մենք այդպես դրամն ենք հաշվում,
զի մեր մատների եւ նրա սլացիկ մարմնի շփումից
բացվում են բոլոր գոց դռները,
եւ հիշեցնում, որ մեզ նման թռչունները
մեկ անգամ են չվում
եւ այլեւս չեն վերադառնում,
զի կարոտելու էլ ոչինչ չեն ունենում,
զի դու միակն ես,
ամենաշքեղը
եւ...
անօգնականը:

ՌԱԶՄԱՎԱՐ

Ի՞նչ ռազմավար բերեցիր պատերազմից,
օրացույցից չպատռված թղթի մի կտոր,
որ սողոսկեց ցուցամատիս
եւ ինքնաձիգիս ձգանի արանքը.
նոյեմբերի 10:

ՑՊԱՀԱՆՋ

Հեռավոր քաղաքի բաց պատուհաններ.
քամու, անձրեւի, լուսնի դիմաց:
Քաղաքից վտարված հայացք:
Թռչուն, որ չի ներխուժում պատուհանից ներս:
Հեռավոր կածաններում մոլորված տագնապ:
Հավաքե՛ք ճամպրուկները.
չմոռանաք կերակրել տան պահապան շանը,
չմոռանաք իջեցնել պատից կախված լուսանկարը,
փակել ջրի ծորակը, անջատել հոսանքը:
Չմոռանաք հեռանալուց առաջ մի պահ նստել ճամպրուկին:
Հավաքե՛ք բոլոր հիշողությունները ննջասենյակից,
վերելակից եւ լցրեք աղբամանը:
Աղբամանը բաց է քամու, անձրեւի, լուսնի դիմաց:
Այնտեղ թողեք ձեր արցունքի վերջին կաթիլը:
Տանը թողե՛ք երկտող. անպայման՝ ցպահանջ:
Միացրե՛ք վերելակը. թող դատարկ բարձրանա, իջնի,
որպես սկիզբն ու շարունակությունը նախորդ կյանքի:
Այս ամենից հետո չմոռանաք շտապել,
քանզի շուտով փակվելու են երկրի եւ երկնքի դռները:

ԴԱԴԻՎԱՆՔԻ ԽԱՉՆ ԵՆ ՀԱՆՈՒՄ 

Դադիվանքի խաչն են հանում,
ողբա՜մ ես քեզ, տե՛ր Հովհաննես,
խաչից առաջ աչքս են հանում,
դո՛ւ ինձ ողբա, տե՛ր Հովհաննես:

Խաչակնքող աջդ են ջարդում,
ողբա՜մ ես քեզ, տե՛ր Հովհաննես,
ձգան սեղմող մատս բանտում,
դո՛ւ ինձ ողբա, տե՛ր Հովհաննես:

Ողբա՜մ, ողբա՜, ողբա՜նք հերթով,
մեղա՜, մեղա՜, տե՛ր Հովհաննես,
խաչակրաց ցասման երթով
մեղավորաց խաչին հանենք:

Դադիվանքի խաչն են հանում,
ողբա՜մ ես քեզ, տե՛ր Հովհաննես,
ձգան սեղմող մատս բանտում,
դո՛ւ ինձ ողբա, տե՛ր Հովհաննես:

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՍԵԼ

-1-
Արյո՞ւնն է շատ, թե՞ հողն է քիչ,
ո՞վ կարող է ասել:
Հիմա ունենք պարզ մի ոչինչ,
մի անորոշ հասցե:

-2-
Լուսաբա՞ց է, թե՞ մայրամուտ,
ո՞վ կարող է ասել:
Հիմա ունենք մի տարեմուտ,
արցունքոտվող ափսե:

-3 -
Հաղթանա՞կ է, թե՞ պարտություն,
ո՞վ կարող է ասել:
Սեւ ճերմակի հակասություն,
Ու չսերտած դասեր:

-4-
Ո՞վ թեյ խմեց, իսկ ո՞վ՝ լեղի,
ո՞վ կարող է ասել:
Ո՞վ պարծանքը մեր հին ցեղի
սապոգի տակ դարսեց:

-5-
Պատերա՞զմ է, թե՞ վատ երազ,
ո՞վ կարող է ասել:
Արցունք շաղեց հողը վրաս,
ու կրակող հարցեր:

-6-
Ո՞վ է այրում տունն իր ձեռքով,
ո՞վ կարող է ասել:
Ո՞վ է դառնում հազար վերքով,
Ո՞վ այս լեղին մարսեց:

-7-
Ո՞ւր հեռանամ կամ ո՞ւր մնամ,
ո՞վ կարող է ասել:
Գուցե փո՞ւշ եմ ես դառնահամ
կամ ուրու եմ անսեր:

-8-
Վերադա՞րձ է, թե՞ հեռացում,
ո՞վ կարող է ասել,
նոյեմբերի օրացույցում
Ես գծում եմ մի սեւ:

-9-
Լուսնկա՞ է, թե՞արեգակ,
ո՞վ կարող է ասել:
Լո՜ւռ դառնում է ուսս շիտակ,
որ նորից տա դասեր:

-10-
Արյո՞ւնն է շատ, թե՞ հողն է քիչ,
ո՞վ կարող է ասել:
Հիմա ունենք պարզ մի ոչինչ,
մի անորոշ հասցե:


ԻՆՉՊԵ՞Ս...

-1-
Խառնարան է, եռում է տաք,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
երկրի դիրքը՝ թարս ու շիտակ,
ասա՛, ինչպե՞ս ավերեցիր:

-2-
Սառնարան է՝ մահերով տաք,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
վանկարկում են՝ աչքերով փակ,
ասա՛, ինչպե՞ս ավերեցիր:

-3 -
Անառիկ է, քարեղեն վանք,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
ասա՛, հզոր իմ Քարինտակ,
ինչպե՞ս եղավ ավերեցին:

-4-
Զարդանախշ է երկնքի տակ,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
ինչպե՞ս դարձան գույներդ խակ,
ասա՛, ինչպե՞ս ավերեցին:

-5-
Հանգրվան է անճանապարհ,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
գուցե քե՞զ էլ տանեն ավար,
ասա՛, ինչպե՞ս ավերեցիր:

-6-
Եռագույն է, դեռ ծածանվող,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
լոկ բոսորն է ծիածանվող,
ասա՛, ինչպե՞ս ավերեցիր:

-7-
Բանտախուց է՝ սեւ ու խոնավ,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
հայացքները՝ թաց ու խոնարհ.
ասա՛, ինչպե՞ս ավերեցիր:

-8-
Խրախճանք է՝ ժահրի պահին,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
ո՞վ կթիկնի ճաքած գահին,
ասա՛, ինչպե՞ս ավերեցիր:

-9-
Գո՜ւյն է, լո՜ւյս է բույրը հողի,
ցուցամատը՝ սեւի ցցին
ճամփաներով Հարդագողի
կմերձենանք երկնագծին...

-10-
Խառնարան է, եռում է տաք,
ցուցամատը՝ դուռն ի խցի,
երկրի դիրքը՝ թարս ու շիտակ.
ասա՛, ինչպե՞ս ավերեցիր:


ՎԻՐԱԿԱՊ ԴԻՐ

Վիրակապ դի՛ր աշնան սրտին.
գարունը կգա:
Բաց է դուռը ճերմակ ցրտի,
թռչունը վկա:

Համբերանքը ծեր դաշտերում
շողում է թաքուն:
Ինչքա՜ն թախիծ կա աչքերում
քնած, թե արթուն:

Համբերանք դի՛ր ձմռան սրտին.
գարունը կգա:
Մոլորեցնող ճերմակ ցրտի
թռչունը վկա:

Կանաչներ դի՛ր բաց դաշտերին.
կանաչ վիրակապ:
Ցրտերի հետ ինչ հաշտ էի
երգով անապակ:

Վիրակապ դի՛ր հին երգերին.
լուսե վիրակապ:
Կանաչ-կանաչ խոր վերքերին
ու աչքերին փակ: 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ