Ըմբոստ ու սիրելի մարդ․Կարմեն Դավթյան

Ըմբոստ ու սիրելի մարդ․Կարմեն Դավթյան

Ասել, որ մեծ ցավ ապրեցի Կարմեն Դավթյանի մահով, կնշանակի ոչինչ չասել։ Երկար ու ձիգ համատեղ տարիների կյանք ենք ունեցել Կարմենի հետ։ Մոտ 5 տարվա աշխատանքային ուղի՝ «Հրապարակում»։ Հիմնականում լուրերի բլոկն էր Կարմենը վարում՝ օրը մոտ երեք էքսկլյուզիվ լուր, որոնք մեր թերթի դիզայնի պատճառով անստորագիր էին հրապարակվում, բայց իր ձեռագիրն այնպիսին էր, որ եթե անգամ ամբողջությամբ խմբագրվեր տեքստը՝ Կարմենի ականջները, իմա՝ ուրույն ոճը, ձեռագիրը, մտածողությունը, օրիգինալ հայացքն անպայման սպրդում էր տողերի արանքից։ Մեր համատեղ աշխատանքը հարթ չի եղել ու ոչ էլ մտերիմ ընկերներ ենք եղել, բայց ինչ որ ժամանակից գտել էինք միմյանց հետ հարաբերվելու ձեւը եւ հարգում էինք միմյանց անհատականությունը։

Կարող էիր վիճել ու զայրանալ, չընդունել նրա հայացքները, նրա դիտարկումները համարել մատից ծծած ու դավադրությունների տեսությունից ծագած, բայց չհարգել նրա միտքն ու վերլուծական ունակությունները, նրա աշխատասիրությունն ու համարձակությունը, պատրաստվածությունն ու սրտացավությունը գործի հանդեպ անհնարին էր։ Անգամ նրանք, ովքեր հակառակ ճամբարում էին եւ որպես ակտիվ ու ինքնուրույն կին՝ նրան չէին ընկալում, եթե մի պուտ խելք ունեին, անպայման գնահատում էին այս տեսակը, որը եզակի է մեզանում։ 

Այսօր՝ երբ Կարմենը չկա, անասելի ափսոսանքի զգացում ունեմ՝ մի կարեւոր գույն պակասեց աշխարհից, այս տեսակը շատ չի՝ այսքան խիզախ ու հոսանքին դեմ գնացող մարդիկ մեզանում գրեթե չկան։ Շատ ավելի հարգի է հարմարվողականությունն ու շահը։ Իսկ նա հստակ կարծիք, հատու խոսք, իր համակրանքն ու հակակրանքը չթաքցնելու քաջություն ուներ։ Նրան կամ շատ սիրում էին, կամ շատ ատում, որովհետեւ խոսքի մարդ էր։ Իսկ համարձակ եւ անթաքույց խոսքը միշտ վախ է ներշնչում։ Կարմենը նաեւ բառի մարդ էր՝ սեփական բառարան ստեղծած, անսպառ հումոր ուներ եւ զարմանալիորեն մեծահոգի էր։

Այո, մեծահոգի, որովհետեւ խոսքն ուղղում էր մարդու գործողություններին, վարքին, արարքներին, ոչ թե անձին։ Քչերն են այդքան ներողամիտ ու հանդուրժող մարդկանց անձի եւ նույնքան անհանդուրժող՝ մարդկանց արարքների հանդեպ։ Հայրենիքի անսահման զգացողություն ուներ եւ Արցախի պաշտամունք։ Թե ինչպես էր կարողանում իր ներսում տեղավորել այդքան չտեղավորվող իրավիճակները՝ երբ աստվածավախ ես, բայց նաեւ որպես լրագրող սուր եւ քննադատական նյութեր ես գրում, գրեթե՝ դատավճիռ արձակում մարդկանց նկատմամբ, ուստի եւ ամեն օր Աստվածաշունչը խախտում, պարզ չէ։ Ուրիշ հակասություններ էլ էր ամեն օր հաղթահարում Կարմեն Դավթյանը։

Օրինակ՝ լավ ընկեր եւ օբյեկտիվ լրագրող լինելու դիլեման, երբ քո ընկերը կարող է հայտնվել գրիչիդ հարվածի տակ եւ դու պետք է ընտրություն կատարես լրագրության եւ ընկերության միջեւ։ Կամ՝ նախկին ու ներկա աշխատավայրերի բախումը․ երբ Վերահսկիչ պալատից հայտնվում ես ազատ մամուլում, բայց Պալատում շարունակում են աշխատել քեզ սիրելի մարդիկ։ Այդ դիլեման եւ ամեն օր նման բարդ որոշումներ կայացնելու խնդիրը նա զարմանալիորեն հեշտորեն էր լուծում։ Իսկ սահմանը շատ նուրբ է եւ շատ քչերն են նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվում։ 
Իր բոլոր՝ մեզ համար սիրելի խենթություններով ու ըմբոստությամբ հանդերձ, Կարմենը նրբանկատ մարդ էր եւ ուշադիր ընկեր, նվիրված աշխատող եւ հայրենիքը պաշտող քաղաքացի։ Ում սիրում՝ սիրում էր անվերապահորեն, ում չէր սիրում՝ չէր սիրում ամբողջ ուժով։ 

Մոտ 2 տարի առաջ նա անսպասելիորեն դադարեցրեց Հրապարակին թղթակցելը՝ առողջական խնդիրները պատճառաբանելով։ Միշտ ամուր ու կամային Կարմենի այդ որոշումը ես կասկածով ընդունեցի՝ չէի հավատում, որ առողջական խնդիրներն այդքան լուրջ են։ Առհասարակ՝ կան մարդիկ, որոնց հիվանդանալուն, մահվանը մի տեսակ չես հավատում։ Այդքան էներգիան ու կենսունակությունն անհամատեղելի են տկարության ու մարդու մայրամուտի հետ։ Մահից մի քանի օր առաջ կարծես սիրտս ինչ որ բան զգար՝ զանգեցի, գրեցի․․․չպատասխանեց։ 

2020 թվականը մեզ շատ հաշտեցրեց մահվան հետ եւ մարդու կորուստն այլեւս նույնքան ցավ չի պատճառում մեզ, ինչպես պատերազմից առաջ էր։ Բայց Կարմենի հեռանալը կորուստ էր ոչ միայն իր հարազատների, այլեւ լրագրության ու հասարակության համար։ Ցավալի կորուստ, որը լրացնելը բարդ կլինի։