Ունենալու ենք մեծ թվով գործազուրկներ

Ունենալու ենք մեծ թվով գործազուրկներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություններից հետո 17 նախարարություն այլևս չի լինի, տեղի է ունենալու օպտիմալացում և նույնիսկ խոսվում է նախարարությունների թիվը մինչև 11 հասցնելու մասին։

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ օպտիմալացումից առաջ նախ պետք է կառավարության գործունեության ծրագիր մշակել, հասկանալ առաջնահերթություննները, ըստ այդմ՝ ձևավորել կառավարություն, նաև պետք է նկատի ունենալ օպտիմալացումից հետո նախարարությունների գործազուրկ մնացած աշխատակիցների սոցիալական աապահովության և նրանց աշխատաշուկայում ներգրավելու հարցը․

« Պետական համակարգի արդյունավետության աճը շատ կարևոր է, իսկ դրան ուղղված ցանկացած քայլ՝ ողջունելի։ Սակայն իմ կողմից անընդունելի է այն փիլիսոփայությունն ու տրամաբանությունը, որ որքան հնարավոր է ծախսերը նվազեցնենք և դրանով մենք մեր գործունեությունը կհամարենք արդյունավետ։ Այստեղ խնդիրը ոչ թե ծախսերի իջեցումն է, այլ արդյունքի աճը։ Կարեն Կարապետյանի կառավարությունը ծախսերը նվազեցրել էր 12 միլիարդով,  10 միլիարդով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Եթե մենք ասենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը ավելի արդյունավետ է գործել, քան թե Նիկոլ Փաշինյանի  կառավարությունը, իհարկե, ոչ։

Այստեղ շատ կարևոր է արդյունքը, թե դու ինչ արդյունք ես ապահովում, տնտեսական աճդ որքա՞ն է կազմում։ 2017-ին տնտեսական աճը կազմում էր 7.5 տոկոս, այս տարի խոսվում է 5.5 տոկոսի մասին։ Մենք պետք է կառավարության գործունեության արդյունավետությունը քննարկենք հարաբերական ցուցանիշներով, այսինքն՝ 1 միավոր ծախսի դիմաց տրված արդյունքը, թե ինչքա՞ն ես ծախսել ու ինչքա՞ն արդյունք ես տալիս, և սրա հարաբերակցությունն է պետք հաշվի առնել։ Սա տեսական տրամաբանական մոտեցում է, որը  Կարեն Կարապետյանի կառավարությունից շարունակվում է մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարություն, որ ինչքան հնարավոր է կրճատել, իսկ արդյունքի մասին չեն խոսում, կամ 2-րդ պլան է մղվում։ 

 

Ինչ վերաբերում է գերատեսչությունների կրճատմանը․ պետք է հասկանանք՝ այս կառավարության գործունեության ծրագիրը ո՞րն է, իր առաջնահերթությունները որո՞նք են, նպատակները՝ որոնք ։ Դրանից ելնելով՝ դու պետք է խոսես նախարարությունների կազմի կառուցվածքի մասին։ Եթե այս կառավարությունը չի կարևորում սփյուռքի հետ աշխատանքը, ապա նա կկրճատի սփյուռքի նախարարությունը, կամ եթե չի կարևորում էկոնոմիկայի բլոկի այս կամ այն խնդիրները, ապա տվյալ նախարարությունը կկրճատի կամ այլ նախարարության մեջ կներառի։ Պետք է առաջին հերթին նայենք, գնահատենք այս կառավարության գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի կառավարության կազմը ներկայացնելուց հետո, և , դրանից ելնելով, կարող ենք գնահատել նաև նրանց օպտիմալացման ծրագիրը։

Առհասարակ անհասկանալի և անընդունելի է, որ օպտիմալացման ծրագիրը չունի սոցիալական երաշխիքների բաժին։ Երբ որ այս մարդկանց աշխատանքից հանում ես, այլ աշխատանքով ապահովելու առաջարկ անո՞մ ես, վերապատրաստման ծրագրեր առաջարկո՞ւմ ես կամ սոցիալական աջակցության ինչ-որ ծրագրեր կա՞ն այդ աշխատողներին  մինչ նոր աշխատանք գտնելը։ Այս բաժինները չկան օպտիմալացման ծրագրերում, սրանով մեր սոցիալական խնդիրները ավելի են սրվելու, ունենալու ենք մեծ թվով գործազուրկներ, որոնք պետական համակարգից դուրս են մնացել, մասնավոր համակարգ մտնելու պատրաստ էլ չեն։ Մենք շատ հիմնարար ուղղություն պետք է համարենք նաև այն, որ կառավարությունը վերջին ամիսների ընթացքում  խոսում է, թե պետական սեկտորում աշխատավարձերը աճում են, դա իրականությանը չի համապատասխանում։

Պետական վիճակագրության համաձայն՝ վերջին 3 ամիսների ընթացքում պետական սեկտորի աշխատավարձերը նվազում են։ 10  ամիսների կտրվածքով միջին անվանական աշխատավարձը աճել է 1.6 տոկոսով պետական հատվածում, այն դեպքում, երբ գնաճը կազմում է 2.7 տոկոս։ Արդյունքում պետական աշխատողը ավելի վատ է ապրում, քան տարվա սկզբում։ Սա աշխատավարձային քաղաքականության լուրջ խնդիր է, որին չեն անդրադառնում ընդհանրապես։ Իսկ այն մոտեցումը, որ կրճատենք, աշխատավարձերը բարձրացնենք, դա իրականությանը այս պահի դրությամբ չի համապատասխանում»։

Հարցրինք, թե ո՞րն է, ըստ Պարսյանի, լավագույն լուծումը, մի կողմից նախարարությունների աշխատակիցները մնում են գործազուրկ, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ մեր երկրի համար 17 նախարարությունը ճոխություն է․ «Լավագույն լուծումն այն է, որ կառավարությունը իր հստակ ծրագիրը կազմի, իր նպատակները ֆիքսի, և դրան համապատասխան նախարարությունները ձևավորի։ Եթե նախարարությունների անհրաժեշտությունը 11-ով է սահմանափակվում, խնդիր չէ, թող 11 լինի, եթե 18-վ է, ապա 18 պետք է լինի։

Այսինքն՝ ինքնանպատակ ծախսերի կրճատում չպետք է լինի, ելնելով քո ծրագրից՝ դու քո նախարարության կազմը պետք է նշանակես, ոչ թե կրճատես, հետո նոր ծրագիր մշակես, դա ճիշտ մոտեցում չէ։ Այս պահի դրությամբ չենք տեսել կառավարության գործունեության ծրագիրը։ Իրենց նախընտրական ծրագրում էլ հստակ չէր երևում, թե որ ուղղություններով էին իրենք նախատեսում իրենց հիմնական քայլերը, և հիմա խոսել օպտիմալացման մասին ճիշտ չէ։ Բացի դրանից՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ- երի մասով նշեմ, որ բազմաթիվ ԾԻԳ-եր ստեղծվել են միջազգային կազմակերպությունների հետ  պայմանագրերի և համաձայնագրերի  միջոցով։ Կուտակային կենսաթոշակայինի ժամանակ նշում էին, որ միջազգային կազմակերպությունները մեզ պարտադրում են ներդնել կուտակային համակարգը, հիմա միջազգային կազմակերպությունները ընդհանարպես ուշադրություն չեն դարձնում։ Սա տարբերակված մոտեցում է միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առումով։ Կառավարությունը պետք է հստակ աշխատանքային քայլեր ունենա, ոչ թե ելնելով իրավիճակից տարբեր մոտեցումներ ցուցաբերի»։