Մեր տունը քանդողը
Տանել չեմ կարողանում պատերի տակ բամբասող, իրենց վերադասից ու իշխանությունից բողոքող մարդկանց, որոնք մի գրամ համարձակություն չունեն՝ ասելու ճշմարտությունը: Եվ միանգամայն ըմբռնումով եմ մոտենում, որ մարդը կարող է չհասկանալ, թե ինչ է կատարվում, կասկածել իր գիտելիքներին ու տեղեկացվածությանը, հրապուրվել ինչ-որ մոդայիկ գաղափարներով, գայթակղվել ոմանց հռետորական արվեստով ու ստելու կարողությամբ եւ խաբված լինել: Բայց բամբասողներն ու խոհանոցներում դժգոհողներն ուրիշ «ցեղատեսակ» են` շատ ավելի վտանգավոր ու վնասակար: Սրանք կարող են մասնակցել ամենակործանարար գործընթացներին, կատարել ամենասխալ հրամանները, ենթարկվել իրական հանցագործներին եւ արդարանալ, թե վերեւում ամեն ինչ որոշել էին, իսկ ես «ընտանիք եմ պահում»: Սրանց վրա է «կանգնած» ցանկացած հանցագործ ու դավաճան իշխանություն, սրանց ստրկամտության եւ կամակատարության վրա են բոլոր վերադասների հույսերը:
Եթե սրանք չլինեն, ապա վերեւում կանգնածն ու նրանով հիացած անգետ բազմությունը ոչնչի չեն հասնի: Սրանք ամեն մի վատ բանի շարժիչ ուժն են, քանզի իրենց խելքն ու գիտելիքն օգտակար բաների չեն ծառայեցնում, այլ կատարում են հրահանգներ, որոնք իրենց հոգու խորքում մերժում են, ենթարկվում են հրամանների, որոնց վնասակարության մեջ համոզված են: Սրանք իրենց գործի, երկրի, մեր ապագայի վրա թքած ունեն: Սրանց աստվածը փողն է ու իրենց ունեցած փոքրիկ բարեկեցությունը: Սրանց արդարացումն այն է, թե` ես մենակ ոչինչ չեմ կարող փոխել, չեմ կարող թափանիվը կանգնեցնել: Այս տեսակի ամենատիպիկ ներկայացուցիչը Մհեր Գրիգորյանն է, ով, վստահ եմ` շատ լավ հասկանում է, թե ինչ են անում իր ձեռքով, բայց հանուն փողի ու պաշտոնի ամեն ինչի պատրաստ է: Մեր տունը քանդողները սրա նմաններն են:
Կարծիքներ