Հարցազրույց

«Հրապարակ». Եթե դա մեզ չհաջողվի այստեղ, գնալու ենք Եվրոպական դատարան

«Հրապարակ». Եթե դա մեզ չհաջողվի այստեղ, գնալու ենք Եվրոպական դատարան

Չորեքշաբթի Էջմիածինը նշում էր իր 2710-ամյակը: Էջմիածին էր ժամանել ՔՊ-ական վերնախավը` լուսանկարվում էին, տեսանյութեր տարածում, ԱԺ նախագահը Մայր Աթոռի բակ էր մտել ու արգելված տարածքում լուսանկարվել, ապա մոմ վառել՝ ցույց տալով, որ էջմիածինցիներն աջակցում են Եկեղեցու դեմ իրենց արշավը։ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանն էլ 44-օրյա պատերազմի հերոսների պուրակում ծաղիկ էր դնում` Արմավիրի մարզպետի եւ մի խումբ հոգեւորականների, այդ թվում՝ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանի հետ։ Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ Եկեղեցու սպասավորների հետ, բացի Վեհափառից, ջերմ հարաբերություններ ունեն: Վեհափառն էլ իջել է ընդհատակ, երեւի փորձում է հարաբերությունները լավացնել Փաշինյանի հետ, նրան «չջղայնացնել» եւ հաշտվել է իր հասցեին գրված ստատուսների հետ: Մինչդեռ պարզ է, որ եթե ՔՊ-ն Վաղարշապատում հաղթի, դրան հաջորդելու է գրոհը Վեհարանի դեմ: «Հրապարակը» զրուցել է Շիրակի թեմից Տեր Նշան քահանա Պանֆյորովի հետ:

- Միքայել Աջապահյանին 2 տարով ազատազրկեցին, սակայն ոչ մի քայլ չենք տեսնում եկեղեցականների կողմից, Մայր Աթոռը որեւէ գործուն քայլ չարեց` նրան պաշտպանելու համար, ավելին` պարտադրեցին, որ Աջապահյանը հայտարարի, որ չի զբաղվելու քաղաքականությամբ, եւ Մայր Աթոռն ամեն կերպ խոչընդոտում է նրա պայքարին: Ինչո՞ւ է Եկեղեցին այսպես վարվում` ըստ Ձեզ:

- Եկեղեցին ի՞նչ կարծիք հայտնի, Եկեղեցին արել է իր հայտարարությունն այդ կապակցությամբ, եւ մենք ամեն ձեւով աջակցել ենք Աջապահյանին` իրավական ճանապարհով: Մենք ունենք երեք ատյանի դատարան, պետք է հերթով դիմենք` ճշմարտությունը վերականգնելու համար, իսկ եթե դա մեզ չհաջողվի այստեղ, գնալու ենք մինչեւ Եվրոպական դատարան եւ արդարությունը վերականգնելու ենք:

- Բայց Մայր Աթոռի այդ մեկ հայտարարությունն ի՞նչ փոխեց, բավարա՞ր է այդ հայտարարությունը:

- Ես քահանա եմ, ես չեմ կարող ասել, թե ինչն է բավական, սակայն այնպես չէ, որ զուտ մեկ այդ հայտարարությունն է, կան գործողություններ, որոնք արվում են, եւ պարտադիր չէ, որ դրանք հանրայնացվեն:

- Ի՞նչ գործողություններ են:

- Իրավական գործողություններ:

- Աջապահյանին ձերբակալելու օրը Մայր Աթոռի բակում մեծաքանակ մարդիկ էին հավաքվել եւ իրենց աջակցությունն էին հայտնում հոգեւորականներին: Եթե հոգեւորականները, Վեհափառը չկանխեին, կարող էր լինել ընդվզում, Միքայել սրբազանին էլ չէին կարողանա կալանավորել:

- Չէ, այդպես չէ: Մարդիկ եկել էին ի պաշտպանություն: Գիտեք ինչ, միեւնույն է՝ Սրբազանը պետք է գնար իրավապահների հետ, մենք ոչինչ հակաօրինական չենք արել, Սրբազանը պիտի գնար…. նրան կալանավորելու, դատապարտելու ոչ մի առիթ էլ չկար, այս ողջ ընթացքը հակաիրավական էր, հակաօրինական: Ի վերջո, կան իրավունքներ, եթե ինչ-որ պրոցես սկսվեր, պետք էր իրավական ճանապարհով պատասխան տալ, ցավոք սրտի, արդարադատություն չեղավ: Դատավորը կաշկանդված էր: Նա ողջ դատական պրոցեսը տարավ անարդարության ճանապարհով, անգամ առաջին դատական պրոցեսից էր այդ ամենը պարզ:

- Մարդիկ Եկեղեցուց մեծ ակնկալիքներ ունեն, ասում են, որ Եկեղեցին վայելում է հանրության 70 տոկոսի վստահությունը, սակայն եկեղեցականները` Վեհափառի գլխավորությամբ, քայլ չեն անում…. Ինչից իշխանությունն ավելի է լկտիանում:

- Վերջին խոսքն Աստծունն է: Դեռ հարց է, թե իշխանությունն ով է:

- Չորեքշաբթի օրը Էջմիածին քաղաքի տոնն էր: Արմավիրի թեմի առաջնորդը քայլում էր ՔՊ-ական թեկնածուի հետ, միասին միջոցառումների էին մասնակցում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ կան հոգեւորականներ, որոնք հաշտ են իշխանավորների հետ, եւ Եկեղեցին պառակտվել է:

- Արմավիրի թեմն արդեն հայտարարություն է տարածել եւ խոսել է իր գործողությունների մասին: Սխալ կլինի, որ այժմ ես ինչ-որ բան ասեմ այդ մասին:

- Դուք նորմա՞լ եք համարում, որ իշխանավորները հայհոյում են եկեղեցականներին, իսկ որոշ եկեղեցականներ համագործակցում են իշխանավորների հետ:

- Ընդհանրապես ի՞նչ են արել բայց:

- Իշխանությունն ասում է, որ հետ չի կանգնել Վեհարանը գրոհելու մտքից, իսկ Արմավիրի թեմը ՔՊ-ականների փիառ միջոցառումներին է մասնակցում….

- Իշխանականները լինեին, թե չլինեին, նրանք, որպես թեմի առաջնորդներ, մասնակցելու էին այդ միջոցառմանը եւ տղաների շիրիմների առաջ ծաղիկ էին դնելու, այդտեղ համագործակցության հարց չկա: Նրանք միացել են բոլոր այն հայտարարություններին, որոնք Եկեղեցին պաշտոնապես հայտարարել է:

- Մարդիկ տարակուսում են` եթե ՔՊ-ն հաղթի Վաղարշապատում, Փաշինյանն անխոչընդոտ գրոհելու է Վեհարանը:

- Թող մարդիկ չտարակուսեն: Վերջին խոսքն Աստծունն է: Մարդկային ուժերով չէ, որ ինչ-որ բան պիտի փոխվի: Տարակուսած մարդիկ էլ, իրենց հերթին, թող անպայման գնան ընտրություններին եւ տանը չնստեն: Անպայման պետք է գնալ ընտրության եւ ընտրել այն թեկնածուի օգտին, որին հավատում ու վստահում են: Իշխանությունը կշահի այն ժամանակ, երբ ժողովուրդն ընտրության չգնա, փոխարենն իրենց զանգվածը կգնա, եւ իրենք կընտրվեն, իսկ եթե ժողովուրդը հասկանա, որ ընտրության գնալ պետք է` այնպես, ինչպես Գյումրիի պարագայում եղավ, ապա կգնա եւ կկատարի իր ընտրությունը` մերժելով կամ ընդունելով այն իրավիճակը, որը կա: Գյումրիում մարդիկ ցույց տվեցին, որ իրենց ապագայի տերն են եւ ուզում են ճիշտ ընտրություն կատարել:

ՀԳ․ Արմավիրի թեմի առաջնորդ Տ․ Սիոն արքեպիսկոպոսը հայտարարել է, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում արտահայտված է նաեւ իր դիրքորոշումը, որով ինքն «անընդունելի ու դատապարտելի է համարում իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image