Շուշին միշտ հայկական է եղել

Շուշին միշտ հայկական է եղել

Արցախի մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն անոնսավորել է առաջիկայում Շուշիի պարիսպների վերականգնումը: Ադրբեջանում իսկույն արձագանքել են այն ոգով, որ «սկսվում է Շուշիի ամրոցի հայկականացումը»: Հետեւում է «պատմագիտական» ակնարկ, թե ով եւ ինչպես է կառուցել Շուշիի բերդը: Իհարկե՝ առանց որեւէ աղբյուրի հղում անելու: Դա կանենք մենք, ընդ որում՝ ադրբեջանցի համարվող Միրզա Ջամալ Ջավանշիրի օգնությամբ. « Նա (Փանահ Ալին՝ Վ. Ա.) որոշում է իրեն ենթարկեցնել Խամսայի հայկական մահալները: Առաջինը նպատակահարմար է գտնվում ենթարկվել մելիք Շահնազար բեկը, որ թշնամացած էր Չիլյաբուրդ (Ջրաբերդ՝ Վ. Ա.), Թալիշ եւ Դիզակ մահալների մելիքների հետ»: Այնուհետեւ հեղինակը գրում է, որ երբ Փանահը որոշում է լեռնային վայրում ամրոց կառուցել, որպեսզի պաշտպանված լինի, նույն մելիք Շահնազար բեկը, Վարանդայի երկարամյա կառավարիչը նրան տեղ է հատկացնում մի վայրում, որը վեց վերստ հեռավորության վրա գտնվող հայկական Շոշ գյուղի արոտատեղին էր: Կառուցումից հետո Փանահը Շահբուլաղից, իսկ մելիք Շահնազարը՝ Վարանդայի գյուղերից մարդկանց բնակեցնում են այնտեղ: Սա է Շուշիի հիմնադրման եւ բնակեցման մասին ադրբեջանական ամենառաջին աղբյուրի հաղորդած տեղեկությունը, ինչից ակնհայտորեն երեւում է, որ Շուշին կառուցվել է հայապատկան տարածքում, նրա առաջին բնակիչներ են եղել նաեւ հայերը, որ մինչեւ 1920թ. մարտի 22-ի կոտորածը միշտ որակյալ մեծամասնություն են կազմել: Այնպես որ, չկա Շուշին հայկականացնելու անհրաժեշտություն: Ինչպես հենց 19-րդ դարի երկրորդ կեսերի ադրբեջանցի հեղինակն է վկայում՝ Շուշին միշտ հայկական է եղել: