Քանի դեռ չկա վարչապետի հրաժարականը, ընտրությունների մասին խոսելը ժամանակավրեպ է․ Վ․Բաբայան

Քանի դեռ չկա վարչապետի հրաժարականը, ընտրությունների մասին խոսելը ժամանակավրեպ է․ Վ․Բաբայան

Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության վերաբերյալ որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ կասկածանքով են մոտենում։ Այն առումով, որ դրանք անցկացնելու վերաբերյալ դեռևս պաշտոնական հաստատում չկա ո՛չ նախագահի կողմից, ո՛չ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև վարչապետի հրաժարականը դեռևս չկա։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնությանը միացած Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի հետ։

- Պարո՛ն Բաբայան, Ձեր գործընկերներն ի՞նչ որոշում են կայացրել արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Ի՞նչ որոշում եք կայացրել, Դուք Հայկ Բաբուխանյանի հետ եք համագործակցում, Արմեն Մարտոյանի հետ։

- Մենք շատ գործիչների հետ ենք համագործակցում։ Անցկացնում ենք տարբեր միջոցառումներ, այս 3 տարիների ընթացքում մասնակցել ենք տարբեր հավաքների, տարբեր ֆորմատներով միջոցառումների, ակցիաների և այլն։ Այսինքն, շատ լայն է մեր գործունեությունն ընդդիմադիր դաշտում։ Բայց կոնկրետ ընտրություններին մասնակցելու առումով այս պահի դրությամբ չունենք որոշում։ Քանի դեռ չկա վարչապետի հրաժարականը, ընտրությունների մասին խոսելը, կարծում եմ,  ժամանակավրեպ է։ Մենք դեռ նման քննարկումներ չունենք։ Իսկ երբ կլինի նման հարց օրակարգում, և արդեն ընտրությունները կնշանակվեն պաշտոնապես, այդ ժամանակ մենք բնականաբար կհայտնենք, թե որ քաղաքական ուժերի հետ և որ ֆորմատով ենք մասնակցելու կամ չմասնակցելու։ Այս հարցը մեզ մոտ դեռևս լուծված չէ, որովհետև «ֆեյսբուքյան գրառումներով ընտրությունների» մենք չենք մասնակցում։

- Կարծես թե, ձեր գաղափարներին առավել մոտ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հայրենիք» կուսակցության, Ռոբերտ Քոչարյանի, նաև «Երրորդ ուժի» մոտեցումները, ավելի՞ սերտ եք համագործակցում։ Կնշե՞ք՝ որ ուժերի հետ եք ավելի շատ համագործակցում և ավելի սերտ քննարկումների մեջ։

- Ես չէի ուզենա այս պահին կոնկրետ անուններ տալ։ Մենք «17»-ի ֆորմատով ակտիվորեն մասնակցել ենք այն իրադարձութուններին, որոնք որ կատարվել են Հայաստանում։ Հայրենիքի փրկության շարժմանն աջակցել ենք, օգնել ենք։ Ընդհանուր առմամբ, Ձեր նշած բոլոր կուսակցություններին հարգում ենք, բոլոր կուսակցություններին և գործիչներին էլ ընդունում ենք որպես արժանի մարդիկ և արժանի քաղաքական գործիչներ։ Բայց տվյալ պահին, թե որ ծրագրերի կամ որ անձերի շուրջ կլինի համախմբումը կոնկրետ մեր կուսակցության, ես էլի եմ ասում, դեռ վաղ է խոսել դրա մասին։

- Պարո՛ն Բաբայան, դուք նաև նախաձեռնությամբ եք հանդես գալիս՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների, ընդհանուր պետության գաղափարի շուրջ։ Այդ նախաձեռնությունը դեռևս պահպանո՞ւմ է իր ակտուալությունը։

- Ես այդ նախաձեռնության մասնակիցներից մեկն եմ, քանի որ մեր կուսակցությունը միշտ կողմ է եղել հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը։ Մենք առանձին կուսակցութուն ենք և ունենք մեր քաղաքական օրակարգը, ընդգրկված չենք այդ կառույցի  [«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնություն] Գործադիր մարմնի մեջ։ Երևի թե Գործադիր մարմնի անդամները կպատասխանեն, թե ինչ պլաններ ունեն։ Մենք, համենայն դեպս, ողջունում ենք Հայաստանում նման գործընթացները, որոնք որ կապված են Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների, ռազմաքաղաքական դաշինքների խորացման հետ և այլն։ Բայց միաժամանակ, մեր կուսակցությունը կարևորում է Հայաստանի անկախության հարցը, և գտնում ենք, որ պետք է կարողանանք ինքնուրույն մեր ընկերների, մեր միջազգային գործընկերների հետ կայացնել Հայաստանը և այս ծանր վիճակից դուրս հանել։

- Ի՞նչ միջոցներ եք տեսնում Հայաստանն այս ճգնաժամից դուրս բերելու համար, և ընտրություններն ի՞նչ դեր կխաղան հետագայում։

- Գիտե՞ք, եթե այս ընտրությունները չլինեն արդար, եթե չլինեն Հայաստանում քաղաքական պատվերն իրականում արտացոլող, ապա այդ ցնցումներն ու անկայունությունները կշարունակվեն նաև ընտրություններից հետո։ Եվ այդ ընտրությունները նախ պետք է տեղի ունենան, էլի եմ կրկնում, ֆեյսբուքյան գրառումներով ընտրություններ չեն լինում, ընտրությունները սահմանվում են օրենքով։ Իսկ օրենքի սահմանումը տեղի է ունենում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում, որի ընթացքում նշանակվում է ընտրությունների օրը։ Եթե ընտրությունն արդար չեղավ, չարտացոլեց այն, ինչը կա, բնականաբար այդ ամենը շարունակվելու է ետընտրական շրջանում։ Եվ ես չեմ բացառում, որ շարունակվի նաև այս խաթարված համերաշխության, այս պառակտվածության, ապակայունության այս վիճակը։ Կարծում եմ, որ զարգացման համար մեզ առաջին հերթին պետք է ներքին համերաշխություն։ Եվ հետո արդեն 24-ժամյա ռեժիմով պետք է կառավարությունը լծվի իրականում Հայաստանի խնդիրները լուծելու գործին։ Դրա համար պետք են մասնագետներ, դրա համար պետք են կայուն և ուժեղ մարդիկ, ովքեր դրսում ունեն լավ կապեր, ովքեր կբերեն ներդրումներ, ովքեր միջազգային գործընկերների մոտ վստահություն կներշնչեն։ Ովքեր առաջնահերթ կունենան բավականին դրական, վստահելի վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Սա շատ կարևոր ֆակտոր է։