Արմինե Հովհաննիսյանը հարցականի տակ է դնում դատարանի խոհեմությունը

Արմինե Հովհաննիսյանը հարցականի տակ է դնում դատարանի խոհեմությունը

- Եթե չենք սխալվում, դուք իրավաբան եք եղել ԱՄՆ-ում մինչև Հայաստան տեղափոխվելը։ Չնայած երկրում լայնածավալ պայքար է իշխանության դեմ, հանրությունը շահագրգռված է իմանալ Օրրանի դատական ​​գործի մասին՝ լավ հասկանալով, որ անարդարության դեմ ձեր պայքարն ավելի մեծ պայքար է, քան լոկ անօրինական շինարարության դեմ։

-Ուրախ եմ, որ դուք նման կերպ եք արտահայտվում, քանի որ ես էլ եմ այդպես մտածում: Կարծում եմ, որ եթե մենք օրինական երկիր ենք լինելու, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է մեր քրտնաջան աշխատանքով կերտի այդ օրինավոր հայրենիքը՝ աշխարհի մեր անկյունում, և անխոնջ պայքարի հանուն արդարության, սկսած թվացյալ փոքր հարցերից մինչև կարևորագույն մարտահրավերները։ Այս պահին երկու գործ ունենք վարույթում. մեկը վճռաբեկ վարչական դատարանում, մյուսը՝ քաղաքացիական դատարանում։ Քաղաքացիական դատը կկայանա հունիս ամսին: Ավելի վճռական փուլում է վարչական վարույթը: Վարչական դատարանը բավարարել էր մեր հայցը և կասեցրել էր շինարարությունը։ Սակայն վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը չեղյալ է համարել այն և եզրակացրել, որ մենք բաց ենք թողել օրենքի պահանջը, ըստ որի դատարան պետք է դիմել վարչական որոշումից երկու ամսվա ընթացքում: 

Դատական իրավական պրակտիկայում նախադեպային մոտեցում կա ձևավորված, որ դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը սկսվում է հոսել այն պահից, երբ անձն իմանում է, որ իր իրավունքը խախտվում է կամ կարող է խախտվել։ Մինչդեռ վերաքննիչ դատարանը անհասկանալի ձևով թույլ է տվել կոպիտ խախտում և դատավարական ժամկետի հաշվարկը՝ այսինքն մեր դատարան դիմելու ժամկետի հաշվարկը, կատարել է ոչ թե այն պահից, երբ մենք իմացել ենք մեր իրավունքի խախտման մասին, այլ կառուցապատողի կողմից քաղաքապետարանին շինարարություն սկսելու մասին տեղեկանքի ներկայացման պահից։ Նույնիսկ չի ճշտել, թե երբ է կառուցապատողը իրականում սկսել շինարարությունը։ Ընդ որում, այս մոտեցումը անգամ կառուցապատողը պատշաճ չի ներկայացրել դատարանին, այլ դատարանը ինքն է հիմնավորել կառուցապատողի փոխարեն՝ փաստացի ստանձնելով դատական վեճի կողմերից մեկի շահերի պաշտպանությունը, ինչը գտնում եմ արտառոց երևույթ է ՀՀ դատական պրակտիկայում և համապատասխան  մարմինների ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանա։ 

Այս որոշումը ինձ համար մեղմ ասած տարօրինակ է և իմ կարծիքով ոչ հիմնավորված: Ինչպե՞ս մենք պետք է իմանայինք որ կա վարչական որոշում եթե այդ մասին մեզ տեղյակ չեն պահել: Կամ ինչպես մենք պետք է իմանայինք, որ կառուցապատողը այդքան մոտ պետք է կառուցի մեզ, երբ նա նախապատրաստական աշխատանքներ էր կատարում: Մենք կարող էինք այդ մասին իմանալ միայն երբ բետոնե սյուները արդեն հառնում էին մեր շենքին այդքան մոտ, այսինքն 1.6 հեռավորության վրա երբ օրենքը պահաջում է 6 մետր: Խնդիրը շատ պարզ է, օրենքը պահանջում է պահպանել 6 մետր հեռավորություն հասարակական շինություններից, կառուցապատողը ի հակադիր օրենքի կառուցում է 1,6 մետր հեռավորության վրա՝ մեծ վնաս պատճառելով Օրրանին:

Այժմ գործը գտնվում է վճռաբեկ վարչական դատարանում և ես հույս ունեմ, որ պատասխանատու դատավորը մեկ անգամ ևս կվերադառնա արդարության գիրկը:  

- Մեզ տեղյակ կպահեք հետագա զարգացումներից:

- Անպայման։