Գյուղապետն ասել է՝ մենք թշնամիներ ենք․ նախկն փոխմարզպետի ու համայնքապետի կոնֆլիկտը խորանում է

Գյուղապետն ասել է՝ մենք թշնամիներ ենք․ նախկն փոխմարզպետի ու համայնքապետի կոնֆլիկտը խորանում է

Գեղարքունքի մարզի Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանի եւ նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանի կոնֆլիկտը չի լուծվում, ավելին՝ առաջին հայացքից այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։ Նրանց միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ երեկ մենք զրուցել էինք գյուղապետի հետ, որը մեզ պատմել էր, թե ամեն ինչ սկսվել է Ղուկասյանին պատկանող պահածոյի գործարանի կոյուղաջերի խնդրից։ Ըստ գյուղապետի՝ այն վնասում է բնակիչների մշակաբույսերը։

Մինչդեռ մյուս կողմն այլ մեկնաբանություն տվեց։ Արտուշ Ղուկասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում խոսքը կոյուղաջրի մասին չէ․ «10 տարի առաջ կառուցվել է սեպտիկ հորեր, կոյուղաջրերը հոսել են այդտեղ։ Իսկ առու հոսել է այն ջուրը, որով միրգ, տարաներ են լվացվել։ Դա բավականին մեծ ջուր է, տեղ չունենք, որ լցնենք սեպտիկ հոր, դա առանձին խողովակով լցվում է ոռոգման առու։ Ոչ մի բողոք չի եղել, դեռ ավելին բնակիչները շնորհակալություն են հայտնել, որ այդ ջրով հողամասերը ջրել են։ Գյուղապետի միջեւ միջանձնային հակասություններ կան։ Երկար տարիներ եղբայրս է եղել գյուղապետ՝ 23 տարի, որից հետո հիվանդացավ, հետո ընտրության ժամանակ ինքն ընտրվեց։ 2 տարի է՝ բողոքներ է անում ընտանիքիս անդամների վրա, կինս մանկապարտեզում էր աշխատում, անօրինական ազատեց։ Հետո եղբորս վրա բողոքեց։ Նա հայտարարել է՝ մենք թշնամիներ ենք, բայց ինքն հասկանո՞ւմ է այդ բառը»։

Անդրադառնալով նաեւ ծեծի միջադեպին, մեր զրուցակիցը նշեց՝ ոչ ոք Տիգրան Մուրադյանին չի խփել․ «Ամսի 3-ին կոֆլիկտ է եղել տղայիս հետ, խփել է տղայիս, բայց ես թույլ եմ տվել, որ հաղորդում տա․․․ Իսկ միջադեպի օրը, ինքը այդ պահին սադրել է, խփել է եղբորս տղային ու փախչելիս ընկել, թեեւը քերծել է։ Հիմա գործ է հարուցվել, թող գնա քննությունը»։

Նշենք, որ այս դեպքով հարուցվել է քրեական գործ քր․օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)հատկանիշներով։