Հաղթանակ՝ հանուն արդարության

Մեր հասարակության գրագետ հատվածը գոնե մի հարցում հանգստացավ. «ղուշ թռցնող» աղջիկը չի նշանակվելու արդարադատության նախարար: Նախորդ օրը ՔՊ կուսակցության վարչության նիստում Դավոյան Արփիի թեկնածությունը չի անցել: Չնայած, զարմանալիորեն, նրան օգտին քվեարկել է երկու անձ՝ Պապիկյան Սուրենն ու Ալեքսանյան Վահագնը: Եթե այդ երկուսի քվեարկությունը Նիկոլի ասելով չի կատարվել, ապա դրանցից գոնե առաջինի վարքագիծն ինձ համար ընկալելի է: Եթե միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչը կարող է պաշտպանության նախարար նշանակվել, ապա «ղուշ թռցնողն» ինչո՞վ է պակաս, որ արդարադատության նախարար չնշանակվի: Եթե այդ հարցում ավելի լուրջ գործոն է դեր խաղացել՝ արդեն էական չէ, քանի որ ենթագիտակցական մղումն առաջնային է: Իզուր չէ, որ հոգեբանական թեստեր լրացնելիս խորհուրդ է տրվում արձանագրել հենց առաջին միտքը: Իսկ երկրորդն էլ, ենթադրաբար, առաջնորդվել է «սրան բրթեմ առաջ, որ ինձ համար ճանապարհ բացի» տրամաբանությամբ: Ինչեւէ, Նիկոլի կազմակերպած կամ նրա հավանությունը ստացած «մասկի շոուի» առաջին արարն ավարտվեց, ու հայաստանյան հասարակության գրագետ հատվածն էլ հանգստացավ:
Բայց ես, օրինակ, հեչ էլ չհանգստացա, որովհետեւ հիշում էի, որ մի քանի տարի առաջ, երբ Նիկոլը նոր էր վարչապետ կարգվել, խոսում էր Հայաստանում արժանի անձանց իշխանություն (մերիտոկրատիա) հաստատելու մտադրության մասին: Արցախյան երկրորդ պատերազմից առաջ էլ կնոջ հետ այցելելով Սինգապուր, որը հայտնի է իր իրական մերիտոկրատիայով, հայտարարել էր, որ «թավշյա հեղափոխությունը» հնարավորություն է ընձեռել, որպեսզի Հայաստանում եւս հաստատվի նման իշխանություն: Թե ինչպիսի իշխանություն է հաստատվել «թավշյա խեղկատակությունից» հետո, բոլորին է հայտնի: Ու այդ առումով ժամանակին «ղուշ թռցնող» աղջիկը պետք է խիստ վիրավորվի, որ իրեն նախորդ գիշերը մերժել է հարազատ կուսակցությունը: Չէ՞ որ ինքը ՔՊ կուսակցության արժանիներից մեկն է:
Անկեղծ ասած, ես էլ լինեի նրա տեղը, կվիրավորվեի: Ինքը, օրինակ, ինչով է պակաս ՔՊ-ական բոլոր նախարարներից, որ նրանց նման չունենա կաբինետ՝ կառավարական որեւէ շենքում, եւ, բնականաբար, քարտուղար: Հա, հենց քարտուղար եւ ոչ թե քարտուղարուհի: Չէ՞ որ Հայաստանը «ժողովրդավարության փայլուն աստղ» է՝ գենդերային իրավահավասարությամբ, ու ինքն էլ աննախադեպ քայլ կկատարի ու քարտուղարուհու փոխարեն կունենա քարտուղար: Ու իր անունն էլ կթնդա ողջ Եվրոպայով մեկ՝ որպես խիզախ քայլ կատարած բարձրաստիճան պաշտոնյա: Իսկ որ նրա անունն իսկապես կթնդա՝ բացարձակ չեմ կասկածում: Նախ, որպես «թավշյա հեղափոխության» շնորհիվ «ղուշ թռցնողից» նախարարի աստիճանի հասած անձի: Եվ երկրորդ․ Արեւմուտքում ողջունվում է ամեն աննախադեպ հիմարություն, ինչը բնութագրվում է որպես խիզախ քայլ:
Ի վերջո, ինքն ինչո՞վ է պակաս հենց Նիկոլից, որի հակապետական գործողությունները վաղուց են այնտեղ որակվել որպես խիզախ քայլեր: Իր ցանկությունն այդքան էլ լուրջ հակապետական երեւույթ չէ: Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա, եթե չեք հավատում, կարդացեք արեւմտյան չինովնիկների հայտարարությունները՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի գործունեության մասին: Այնպես որ, հաշվի առնելով վերոգրյալը, կարծում եմ, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավոյան Արփինեի նկատմամբ ՔՊԿ վարչության նիստում կատարվել է անարդարություն, եւ այն պետք է ուղղվի, ինչի առումով առաջարկում եմ կազմել նախաձեռնող խումբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով: Կարծում եմ, որ հայաստանցիները կգնահատեն «Յուըրըփ»-ի մոտեցումները եւ հնարավորություն կընձեռեն Դավոյան Արփիին՝ զբաղեցնելու ՀՀ արդարադատության նախարարի բազկաթոռը:
Վերջաբանի փոխարեն։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա անարդարությունն արտահայտվում է նրանում, որ նախկինների անարդարությունը վերացնելու կարգախոսով զանգվածների միջոցով իշխանության եկած անձը Հայաստանում հաստատել է շատ ավելի անարդար իրականություն: Եվ այն հաղթահարելու համար պետք է կյանքի կոչվի Սրբազան պայքարի «Հաղթանակ՝ հանուն արդարության» ուղերձը:
Կարծիքներ