Հարսնացուների վաճառք՝ օնլայն տարբերակով

Հնդկաստանի Թելանգանա նահանգում, որը գտնվում է այդ երկրի կենտրոնական հատվածում, աղջիկները հաճախ են ամուսնանում Մերձավոր Արեւելքից հարուստ փեսացուների հետ օնլայն ռեժիմով։ Այստեղ թեկուզ գաղտնի, սակայն դեռեւս պահպանվում է հարսանցուների առեւտրի սովորությունը։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Այդ առեւտուրը կարող է կայանալ հաշված րոպեների ընթացքում, աղմկոտ փողոցում նույնիսկ, կամ մարդաշատ շուկայում՝ մարդկանց աչքից հեռու։ Պարբերականը նշում է, որ անցյալի վերապրուկ հանդիսացող այս սովորությունը չի վերացել։ Փոխվել են միայն ձեւերը, հարմարվելով տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Հիմա, օրինակ, մահմեդական հնդկուհիները ամուսնանում են շատ դեպքերում իրենց հոր տարիքի հարուստ արաբների հետ՝ տեսակապի միջոցով, օգտագործելով WhatsApp հավելվածը։
Ընդ որում, նման ամուսնությունների պահանջարկը շարունակաբար ավելանում է։ Նույնիսկ սկսել են գործել նման ամուսնություններով զբաղվող պրոֆեսիոնալ միջնորդ բրոքերներ։ Հետաքրքրության կենտրոնում 18-25 տարեկան հնդկուհիներն են, պարտադիր՝ մահմեդական։ Ամսական նման 30 ամուսնություն է կքնվում՝ որոշակի գումարի դիմաց։ Օնլայն ամուսնանալուց հետո, այդ աղջիկները տուրիստական վիզայով մեկնում են Մերձավոր Արեւելք, հաճախ իրենց փեսացուի տանն ունենալով սոսկ տնային սպասուհու կարգավիճակ։ Հաճախ նման ամուսնությունները տեւում են ընդամենը մի քանի ամիս՝ փեսացուներն արձակում են օնլայն ամուսնությամբ ամուսնացած հնդկուհիներին, եւ միջնորդներին խնդրում իրենց համար նոր հարսնացուներ գտնել։ Հարսնացուներն էլ, որպես կանոն, չքավոր ընտանիքներից են եւ նրանց գտնելը Հնդկաստանում մեծ դժվարություն չէ, գրում է պարբերականը։
Կարծիքներ