Նոր օրենքով ոչ թե կանաչ լույս է վառվում, այլ հենց լուծարվում է Ակադեմիան
ԿԳՄՍ նախարարությունը մոտ մեկ ամիս առաջ հանրային քննարկման էր ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որն այս ընթացքում բազմիցս քննադատվեց, իսկ Ակադեմիան 80 էջանոց օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել էր մոտ նույնքան դիտողություններ, եւ դեռ հայտնի չէ, թե Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն ինչպես է արձագանքել դրանց:
Ակադեմիական շրջանակներին մտահոգում է հատկապես «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում ներառված այն թեզը, ըստ որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց տասն օր անց բոլոր կազմակերպությունները հանվելու են Ակադեմիայի եւ մյուս բոլոր գերատեսչությունների ենթակայությունից ու տրվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայությանը` այն հեռանկարով, որ հետագայում պետք է տեղի ունենան բուհերի խոշորացումներ, եւ գիտական կազմակերպությունները պետք է միավորվեն այդ խոշորացված բուհերի հետ։
ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի գնահատմամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքով ոչ թե կանաչ լույս է վառվում, այլ հենց լուծարվում է Ակադեմիան, որի հետեւանքով շատ ծանր վիճակում են հայտնվելու գիտահետազոտական հաստատությունները։ «Ավելին` չգիտես թե որտեղ են հայտնվելու... գիտությունը պետք է ղեկավարեն գիտնականները, եւ որքան գիտնականի աստիճանը բարձր լինի, այնքան՝ ավելի լավ: Հիմա, եթե Ակադեմիան չի համակարգելու, չի կոորդինացնելու այդ գիտահետազոտական հաստատությունների գիտական աշխատանքները, նախարարությունում քանի՞ գիտնական, ակադեմիկոս կա, որ կարող է ղեկավարել եւ համակարգել գիտահետազոտական հաստատությունները: Գիտությունն այն ոլորտը չէ, որ կարելի է վարչական մեթոդներով կարգավորել, գիտությունը պետք է համակարգեն գիտնականները»,- ասում է Վ. Կատվալյանն ու ընդգծում, որ գիտության զարգացման ակադեմիական մոդելն իրեն ավելի հոգեհարազատ է, առհասարակ, այդ եղանակով գիտությունը շատ ավելի լավ է զարգանում:
«Կարելի է շատ լավ նպաստել գիտության զարգացմանը՝ պահպանելով ակադեմիական համակարգը: Ինձ համար շատ ցավալի է, որ այս բոլոր գործընթացների հետեւանքով Ակադեմիան պետք է լուծարվի, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը դրա մասին է գուժում: Իհարկե, այդ օրենքի 9-րդ կետում ձեւական կա Ակադեմիայի մասին, բայց դա արդեն Ակադեմիա չէ, այլ՝ հասարակական ակումբ, առանց որեւէ գործառույթի, առանց ներուժի` առանց գիտական հաստատությունների...։ Սա այն է, ինչը մնում է այդ օրենքով...»:
Հիմնադրա՞մ, թե՞ հասարակական ակումբ։ Վ. Կատվալյանն ընդգծում է` տարբերությունը մեծ չէ. «Ասում են` հիմնադրամ, բայց ակումբի նման մի բան է դառնում, էլի... քանի որ ոչ մի ֆունկցիա չի ունենալու այդ Ակադեմիա կոչվածը, ընդամենը արտաքին փորձագիտական եզրակացություն պետք է տա գիտահետազոտական ինստիտուտների կատարած աշխատանքներին: Այն գիտահետազոտական ինստիտուտների, որոնք պետք է ներմուծվեն բուհական համակարգ եւ լուծարվեն, այդպես տարրալուծվելով՝ վերանան-գնան: Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ակադեմիական, գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական կառույց լինելու փոխարեն տարրալուծվեն տարբեր համալսարանների կազմում։ Դա որեւէ լավ բանի չի բերի եւ չի նպաստի գիտության զարգացմանը ու ոչ էլ կնպաստի կրթության զարգացմանը»:
Ըստ գիտնականի՝ ակադեմիական քաղաքը տարբեր երկրներում տարբեր ձեւաչափով ու տարբեր տրամաբանությամբ կարող է լինել։ «Մեր պարագայում, երբ չգիտես ինչ կկատարվի վաղը, փորձել կենտրոնացնել ամբողջ գիտակրթական ոլորտը մեկ վայրում՝ աննպատակահարմար է: Բացի այդ, ենթադրենք՝ Վարդենիսից մեկն ուզում է իր դստերը տալ բարձրագույն կրթության, ինչ է՝ 6 տարի այդ աղջիկը պետք է, տնից-տեղից կտրված, ինչ-որ քաղաքո՞ւմ ապրի, երբ կարող է առավոտյան գնալ դասի, երեկոյան վերադառնալ իր տուն: Չէ՞ որ դա նաեւ ֆինանսների խնդիր է, եւ այդպես կրթությունն ավելի կթանկանա, որովհետեւ այդ երեխան պետք է ուսանելու տարիներին ստիպված հանրակացարանում ապրի, արդյունքում այդ կրթությունը նրա ծնողների համար դառնալու է բեռ, եւ ամենակարեւորը՝ այդ երեխաները կտրվելու են իրենց ընտանիքից։ Ինչո՞ւ»,- ասում է Կատվալյանն ու նկատում, որ սա կբերի նրան, որ գյուղերում, մարզերում ապրող մարդիկ կդժվարանան ու կխուսափեն իրենց երեխային կրթության տալ:
«Դրա համար, թող լինի այդ քաղաքը, իսկ բոլոր բուհերը շարունակեն իրենց տեղերում գործել: Ինչո՞ւ եք ուզում բոլորը կուտակել մեկ տեղ, երբ ճիշտը զուգահեռ կառույցներ ունենալն է: Այո, բուհական համակարգում կարելի է ունենալ գիտական կենտրոններ, բայց դրանք ունենալու համար բոլորովին անհրաժեշտ չէ Ակադեմիան լուծարել, զուգահեռ բոլոր եղանակները պետք է աշխատեն, տարբեր հաստատությունների միջեւ մրցակցություն պետք է լինի, որովհետեւ առաջընթացը մրցակցությամբ է պայմանավորված: Երբ ամեն ինչ կենտրոնացնում ես մի տեղ, այդ մի կառույցն ինքն իր հետ մրցակցել չի կարող»:
Օրեր առաջ բուհական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» նախագիծը, անդրադարձել էր նաեւ բուհերի շենքերի ճակատագրին՝ նշելով, որ իրենց նպատակն այդ շենքերը կառավարման հանձնելու արդյունքում բուհական համակարգի համար եկամուտներ գեներացնելն է: Իսկ հյուրանոց լինել-չլինելու մեջ վատ բան չի տեսնում, քանի որ Երեւանի կենտրոնը կոմերցիոն մեծ գրավչություն ունի։
«Շենքերի հարցն այս ամբողջում հազարերորդական հարց է, բայց գուցե ոմանց այդ հարցը հուզում է ավելի, ու դրա համար են շահագրգիռ՝ ակադեմիական քաղաք ստեղծելու համար։ Բայց սա շենքի խնդիր չէ, այստեղ կրթության, գիտության կազմակերպման խնդիր է, եւ եթե կան դրական փոփոխություններ կատարելու ազդակներ, ապա այդ ամենը կարելի է անել նաեւ ներկա պայմաններում, առանց լրացուցիչ ծախսերի եւ ցնցումների: Հենց Երեւանի կենտրոնում կա ակադեմիական քաղաք, եւ կարելի է բարեփոխումներն անել այնպես, որ թե՛ բուհական համակարգը, թե՛ գիտահետազոտական տարբեր հաստատությունները շաղկապվեն իրար: Կարիք չկա՝ այդ ամենը տեղափոխել ու դրանով մեկուսացնել ողջ համակարգը` կենտրոնացնելով այն մեկ վայրում»,- ասում է Վ. Կատվալյանն ու հավելում, որ առանց ուսանողության շարժի չի պատկերացնում Երեւանը:
«Ինձ ավելի շատ մտահոգում է Ակադեմիայի ճակատագիրը, այդ ամբողջի հետեւանքով մի շատ կարեւոր հաստատություն է կործանվում, այդպես չի կարելի: Ակադեմիան մեծ ձեռքբերում է հայ ժողովրդի համար, եւ այս պայմաններում, աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ մարդիկ խոսում են ինքնիշխանության, պետականության պահպանման մասին, կործանել Ակադեմիան՝ շատ վատ միտք է: Ակադեմիան՝ ինքը, ինքնիշխանության ցուցանիշ է, որեւէ ոչ պետական կազմավորում Ակադեմիա ունենալ չի կարող, որովհետեւ, եթե ունես Ակադեմիա, ուրեմն ունես պետություն: Սա պետք է հասկանալ եւ պահպանել»,- խոսքն ամփոփում է Լեզվի ինստիտուտի տնօրենը:
Կարծիքներ