Սյունիքում եւ Արցախում կիրականացվի «Երգով ու սիրով» համերգային ծրագիրը

Սյունիքում եւ Արցախում կիրականացվի «Երգով ու սիրով» համերգային ծրագիրը

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում անցկացրեց Սյունիքում եւ Արցախում սպասվելիք «Երգով ու սիրով» խորագիրը կրող համերգային ծրագրի նախապատրաստական աշխատանքները։
Ծրագրում ընդգրկված են Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, Շինուհայրի, Ստեփանակերտի, Մարտունու եւ Հադրութի գործող երգչախմբերի երեխաները:

«Երգով ու սիրով» ծրագրի առաջին փուլում Սյունիքի համայնքների եւ Արցախի տաղանդավոր պատանիների հետ անցկացվել են նախապատրաստական աշխատանքներ եւ երգչախմբերի համատեղ փորձեր: Գորիսում Տիգրան Հեքեքյանը մի հարկի տակ է հավաքել Գորիսի Սաթյանի անվան թիվ 1 դպրոցի, Շառլ Ազնավուրի անվան դպրոցի, Սիսիանի, Խնձորեսկի, Շինուհայրի երգչախմբերի եւ Տաթեւի «Զանգեր» խմբի երեխաներին: Այնուհետեւ փորձեր են արվել Կապանի թիվ 1, 2, 3 երաժշտական եւ արվեստի դպրոցների, Քաջարանի, Մեղրիի «Արեւիք» արվեստի դպրոցների մանկական երգչախմբերի հետ։

Վարպետության դասերի ընթացքում մաեստրո Հեքեքյանը խոսել է երգեցողության հնարքների եւ հմտությունների մասին, ինչպես նաեւ՝ երեխաների հետ զրուցել հայրենիքի, ընկերության մասին: «Համատեղ փորձերի ընթացքում երեխաների հետ զրույցները հրաշալի հնարավորություն էին՝ միմյանց ճանաչելու եւ ընկերանալու, ինչը, թերեւս, սպասվող փառատոնի բուն նպատակն ու իմաստն է»,- նշել է Տիգրան Հեքեքյանը:

«Երգով ու սիրով» խորագրով ծրագրի երկրորդ փուլում՝ մայիսի 28-ին, Կապանում տեղի կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի եւ մարզի երգչախմբերի համատեղ համերգը։ Արցախի համերգը կկայանա հունիսի 1-ին, Ստեփանակերտում: «Հնարավորության դեպքում Արցախից մեկ հավաքական երգչախումբ՝ 30-40 երեխա, ներկա կգտնվի Կապանում կայանալիք համերգին: Դա կնպաստի միջմարզային կապերի ամրապնդմանն ու երեխաների միջեւ բարեկամական հարաբերությունների ձեւավորմանը: Փառատոնին ակնկալվում է Սյունիքի մարզից 100 երեխայի մասնակցություն, իսկ Արցախից՝ 150»,- ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: