Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի դեսպանությունը լքել իր շենքը

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի դեսպանությունը լքել իր շենքը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպանությունը շուրջ երեք տարի է՝ տեղափոխվել է եւ այլ վայրում է գործում։ 2018-ից դեսպանությունը տեղափոխվել է «Կամար» բիզնես կենտրոնի 8-րդ հարկ, եւ իրենց կայքում են անգամ դա նշել։ Մինչդեռ Մեծ Բրիտանիայի դեսպանությունն իր սեփական տունն ունի, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում։ Թե ինչու են տեղափոխվել օֆիսային տարածք, շատ զավեշտալի պատմություն է, որը, կարելի է ասել, ի ցույց է դնում եվրոպացիների պարզունակությունն ու վախերը։

Բանն այն է, որ մոտ երեք տարի առաջ ֆրանսիական ինչ-որ ընկերություն փորձաքննություն է իրականացրել Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատան շենքում ու հայտնաբերել, որ շենքը սեյսմիկ անվտանգության խնդիրներ ունի, մասնավորապես՝ շենքի բետոնի որակը եվրոպացի մասնագետներին դուր չի եկել, ու դրանից որոշել են, որ երկրաշարժի դեպքում շենքն իրեն կայուն չի պահի։ Եվ դեսպանատան աշխատակիցները, մեր տեղեկություններով, փորձագիտական եզրակացությունն ստանալուն պես՝ ափալ-թափալ հավաքվել ու լքել են տարածքը։ Անգամ չեն հասցրել իրերը հավաքել, ամեն ինչ՝ փաստաթղթեր, համակարգիչ եւ այլն, թողել են շենքում ու «փախել»։ Հետո պայմանագիր են կնքել մի կազմակերպության հետ, որի ներկայացուցիչները սաղավարտներով ու լախտերով պարբերաբար մտնում են ներս եւ շենքից դուրս հանում դեսպանատան աշխատակիցներին անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը։ Մեզ ասացին, որ «Կամար» բիզնես կենտրոնում նրանք նախկինի պես ակտիվորեն ու նույն արդյունավետությամբ չեն կարողանում ընդունել քաղաքացիներին, կազմակերպել իրենց աշխատանքը՝ մի կերպ յոլա են գնում։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ սեյսմիկ անվտանգության խնդիրներով պայմանավորված են տեղափոխվել այլ տարածք։ «Բրիտանական դեսպանատունը 2018թ․ նոյեմբերին տեղափոխվել է Երեւանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող «Կամար» բիզնես կենտրոն։ Դեսպանատան նոր գրասենյակի պաշտոնական բացումը կատարվել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության եվրոպական հարեւանության հարցերով նախարար Ուենդի Մորթընի կողմից՝ 2021թ․ փետվարին Հայաստան կատարած իր այցի ընթացքում։ Վստահ ենք, որ բրիտանական դեսպանատան ժամանակակից եւ նորարարական գրասենյակի տեղակայումը Երեւանի գործարար կենտրոնում Միացյալ Թագավորությանը հնարավորություն կտա է՛լ ավելի ամուր կապեր հաստատել Հայաստանի հետ»,- պատասխանել են մեզ դեսպանությունից։

Ապա հավելել են, որ բրիտանական դեսպանությունը Բաղրամյան պողոտայում գտնվող նախկին տարածքից տեղափոխվել է, քանի որ շինության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ այն լիովին չի համապատասխանում սեյսմակայունության բրիտանական ստանդարտներին։