Սահմանափակում է աշխատողի իրավունքները

Սահմանափակում է աշխատողի իրավունքները

ՀՀ առողջապահության նախարարությունն օրերս քննարկման ներկայացրեց առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը:

Դրված հիմնական նպատակը ողջունելի է, ըստ որի՝ նախատեսվում է առողջության պարտադիր պետական ապահովագրության համակարգի ներդրում:

Սակայն հայեցակարգի նախագիծը դեռեւս ամբողջական չէ եւ ներառում է պարտադիր ապահովագրության այս համակարգի գործարկման մեխանիզմին վերաբերող առարկայական խնդիրներ:

Մասնավորապես, հայեցակարգի նախագիծը չի բովանդակում անհրաժեշտ այն հիմնադրույթները, որոնք վերաբերում են աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների հետեւանքով աշխատողի առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցերին:

Այս տեսանկյունից պետք է փաստել.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանված է՝ չապահովագրված աշխատողի առողջության վերականգնման ծախսերն ամբողջությամբ պետք է կատարի գործատուն, եթե այդ աշխատողի առողջությանը վնաս է պատճառվել աշխատանքի վայրում դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով:

Այլ կերպ ասած՝ գործատուն պարտավոր է.
• կա՛մ ապահովագրել իր աշխատողի առողջությունը՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից
• կա՛մ իր միջոցներով հատուցել առողջության ապահովագրություն չունեցող աշխատողի առողջությանը պատճառված վնասը:
Նմանատիպ կարգավորումը բխում է նաեւ միջազգային իրավունքի նորմերի պահանջներից, որոնց միացել է Հայաստանը, այդ թվում՝ Եվրոպական վերանայված խարտիա, Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 173 կոնվենցիա:
Հայեցակարգի նախագծի 65-րդ կետում բերված տվյալների հիման վրա հաշվարկված է 1 շահառուի տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը՝ 77 հազար 274 դրամ: Ապահովագրական ծախսն էլ նախատեսվում է ապահովել երկու սուբյեկտների միջոցով․
• պետությունը՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներով
• աշխատողը՝ իր կողմից վճարվող առողջության հարկով, որի դրույքաչափը կկազմի համախառն եկամտի 4-6 տոկոսը:

Փաստորեն, գործատուն չի ունենալու իր աշխատողի առողջության պարտադիր ապահովագրության վճարը կատարելու որեւէ պարտավորություն:
Ավելին՝ միայն պետության եւ աշխատողի ծախսով է աշխատողն ապահովագրվելու, սակայն այդ ապահովագրությամբ հատուցվելու է աշխատանքի վայրում գործատուի մեղքով աշխատողի առողջությանը պատճառված վնասը:

Համակարգային խնդիր է նաեւ այն, որ հայեցակարգի նախագծով առաջարկվող խնդրահարույց այսպիսի մոտեցմամբ գործնականում ապախթանվելու են գործատուի ներդրումները՝ ուղղված աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության պայմանների բարելավմանը:

Փաստորեն, գործատուն չի ունենալու նյութական պատասխանատվություն՝ աշխատանքի վայրում աշխատողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար:
Բնականաբար, հայեցակարգի նախագծով առաջարկվող այս մոտեցմամբ բացառվում է նաեւ գործատուի կորպորատիվ պատասխանատվությունը: Սա եւս առարկայական անհրաժեշտություն է դրական փորձ ունեցող երկրներում, որտեղ գործում է առողջության պարտադիր ապահովագրության համակարգ:

Բարձրացված խնդիրների համակարգային լուծումներն անհրաժեշտ է նախատեսել հայեցակարգի նախագծով՝ հաշվի առնելով նաեւ այս ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները եւ եվրոպական առանձին երկրների հաջողված փորձը:

Թադեւոս ԱՎԵՏԻՍՅԱՆ