Խուզարկության արդյունքում ինչ է հայտնաբերվել ՊՎԾ նախկին աշխատակցի բնակարանում եւ ավտոմեքենայում

Խուզարկության արդյունքում ինչ է հայտնաբերվել ՊՎԾ նախկին աշխատակցի բնակարանում եւ ավտոմեքենայում

ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը։

Այսօրվա նիստին հրապարակվեց ՊՎԾ նախկին աշխատակից, ամբաստանյալ Սամվել Ադյանի բնակության վայրի եւ ավտոմեքենայի խուզարկության արձանագրությունները։ Բնակության վայրից առգրավել են  մեկ դյուրակիր համակարգիչ, բջջային հեռախոս, որոնք փաթեթավորվել են, կնիքվել են։ Ննջասենյակի պահարանից առգրավվել է տեխնիկական բնութագիր, ժամանակացույց,  գրառումներ՝ հինգ թերթից բաղկացած, նաեւ թղթեր՝ անգլերենով գրված։

Ադյանի ավտոմեքենայից առգրավվել է հիշողության կրիչ, թղթեր,բեռնախցիկից հայտնաբերվել են թղթապանակ, նոթատետրեր։ 

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։