Հեռավար կրթությունը տեսանելի դարձրեց փակ դասասենյակներում առկա խնդիրները

Հեռավար կրթությունը տեսանելի դարձրեց փակ դասասենյակներում առկա խնդիրները

Շուրջ 3 ժամ` մեկ տասնյակից ավել մասնագետներ այսօր հեռավար ձեւաչափով քննարկեցին «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում»: 

Քննարկումը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով, այս պահին կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ խնդիրներ կան հեռավար կրթությունը կազմակերպելու գործում եւ ինչպե՞ս ենք պատկերացնում դրանց լուծումները կարճաժամկետ տիրույթում: Ոչ պակաս կարեւոր է թե, ինչպիսի՞ն է լինելու հեռավար կրթության դերը համաճարակից հետո` առավել եկարաժամկետ: 

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, նախարարությունն առաջին օրից փորձել է ապահովել կրթության շարունակականությունը եւ դրա հասանելիությունը, որի անբաժան կողմը տեխնիկական մասն է: Այդ հարցին լուծում տալու համար նախարարությունը սկսեց ընդունել համակարգչային սարքավորումներ եւ ուղարկել դրանք մարզեր, այս պահին 24 հազար սարքավորումների պահանջ է ստացվել թե մարզերից, թե Երեւանից: Փոխնախարարի դիտարկմամբ, հեռավար ուսուցման պայմաններում բարձրացավ ուսուցիչների եւ նրանց աշխատանքի տեսանելիությունը, իսկ առցանց հեռարձակվող դասերը ունենում են մեծ դիտումներ ոչ միայն աշակերտների, այլ նաեւ հանրության այլ խմբերի կողմից: Բացի այդ, ըստ նրա, հեռավար կրթությունը ավելի տեսանելի դարձրեց այն խնդիրները, որ մենք ունեինք եւ առկա էին նաեւ փակ դասասենյակներում:       

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ այս օրերին բազմաթիվ հոդվածներ է կարդացել հեռավար ուսուցման մասին, որտեղ հիմնականում նշվում է 2 խնդիր` տեխնիկական եւ բովանդակային: Տեխնիկականը ինչ որ կերպ փորձվեց լուծել, ավելի կարեւոր են բովանդակային եւ մեթոդաբանական խնդիրները, ինչպես նաեւ այն, որ դեռ չունենք արդյունքների գնահատման մեխանիզմեր, որը կվկայի, թե ի՞նչ արդյունքներ ենք ունենալու այս գործընթացի ավարտից հետո, եւ որքանով են աշակերտները ներգրավված եղել այս գործընթացին: 

Ծնողներն այս օրերին շատ են խոսում գերծանրաբեռնվածության մասին, քանի որ առաջին անգամ իրենց երեխաներին տեսել են սովորելիս, կարծում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը. «Եւ բնականաբար զարմացել են, որ նրանք այդքան ծանրաբեռնված են, բա՞ իրենք չեն մտածում, որ դպրոցում երեխաները նույն ձեւ ծանրաբեռնված են, ինչը իրենք ուղղակի չեն տեսնում: Ուսուցիչների ծանրաբեռնվածությունը նույնպես բացահայտ դարձավ, բայց դա եւս նախկինում կար, իսկ ծնողների ներգրավվածությունը երեխաների կրթության գործընթացի մեջ, շատ դրական ազդեցություն ունի երեխաների մոտիվացիայի եւ կրթական գործընթացի վրա, դա փաստ է եւ դրա մասին բազմաթիվ հետազոտություններ կան»: «Այբ» դպրոցի տնօրենի կարծիքով, պետք չէ նոր մեթոդաբանություն, պետք է` ճիշտ մեթոդաբանություն. «Այն գործիքները, որոնցով հիմա առցանց ուսուցիչներն արդյունավետ աշխատում են, հավատացեք, նույնպես արդյունավետ աշխատում էին դասարանում եւ այն գործիքները, որ հիմա չեն  աշխատում, չէին աշխատում նաեւ առաջ, ուղղակի մենք դրա մասին չգիտեինք»-ասում է նա ու նշում, որ տնային հասկացությունը «Այբ»-ում դադարեցրել են, որովհետեւ երեխաները չէին հասցնում: