Ինչո՞ւ է խտրական վերաբերմունք դրսևորվում 1995 եվ 2002 թվականների թալանչիների միջև

Ինչո՞ւ է խտրական վերաբերմունք դրսևորվում 1995 եվ 2002 թվականների թալանչիների միջև

Սեպտեմբերի 6-ին Իրավական ակտերի միասնական հրապարակման կայքում տեղադրվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» խոստացված օրենքը։ Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ին եւ նախատեսում է 50 մլն եւ ավելի դրամից բարձր արժեքի ապօրինի ճանաչված գույքի բռնագանձում պետբյուջե։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որոշակի ընթացակարգ է նախատեսում, որը սկսվում է հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշման կայացմամբ, իր մեջ ներառում է գույքի քաղաքացիական բռնագանձման (in rem) հայցի հարուցումը եւ ավարտվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Ուսումնասիրությունը չի կարող ներառել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ ընկած ժամանակահատվածը։

Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու գործընթացի սկզբում իրավասու մարմինը հավաքում է նյութեր՝ նախ, թե որն է անձին պատկանող գույքը, դրա գտնվելու վայրը, ձեռքբերման աղբյուրները, գույքի շուկայական արժեքը ձեռքբերման պահին։ Ուսումնասիրություն իրականացնող լիազոր մարմնին լայն իրավասություններ են տրված` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել եւ ստանալ անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր, այլ տեղեկություններ։

Ո՞րն է համարվում ապօրինի ծագում ունեցող գույք․ այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից։ Այսինքն՝ գույքի բռնագանձումը հետադարձ ուժ ունի։  

Իսկ օրինական եկամուտ են համարվում աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, գրականության, արվեստի, գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ստացված եկամուտները։ Նաեւ՝ ստացված փոխառությունները, խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները), մրցույթների կամ մրցությունների ժամանակ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները, ժառանգության կարգով ստացված միջոցները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը, գույքն օտարելուց ստացված եկամուտը, վարձակալության դիմաց ստացված վճարը, կենսաթոշակը եւ այլն։ Իրավական կարգավորում են ստացել «մերձավոր ազգական» եւ մի շարք այլ հասկացություններ։ Մերձավոր ազգականը ընտանիքի անդամն է՝ ծնողը, քույրը, եղբայրը, տատը, պապը, թոռները, հորեղբայրը, մորաքույրը, հորաքույրը, մորեղբայրը եւ նրանց ընտանիքի անդամները, անձի ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը, ընտանիքի անդամը՝ ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը եւ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ։

Ուսումնասիրությունը կարող է տեւել առավելագույնը 2 տարի, որն իրավասու մարմնի կողմից կարող է երկարացվել մինչեւ 1 տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային հարցումների պատասխանների ստացմամբ։ Ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, հրապարակման ենթակա են բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ եւ կարող են տրամադրվել շահագրգիռ անձանց։ Պատասխանողը կարող է վիճարկել գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ։

Երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ գույքը ձեռք բերելու պահին չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, գույքն իրեն փոխանցելու դիմաց ամբողջությամբ վճարել է ձեռքբերման գործարքի գինը, որը սույն օրենքի իմաստով չի հանդիսանում շուկայականից էականորեն ցածր գին, եւ գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ։ Բռնագանձված գույքն ուղղվում է պետական բյուջե, իսկ եթե առկա են անձինք, որոնց իրավունքները խախտվել են ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերմամբ, եւ ովքեր ունեն իրավունքներ այդ գույքի նկատմամբ, բռնագանձված գույքը վերադարձվում է նրանց։
Հարթակը, որում տեղադրված է նախագիծը, բավականին ակտիվ առաջարկներ է ստացել։ Մասնավորապես, Ռուբեն Ժամագործյան անունով քաղաքացին գրել է, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում իրավասու մարմնին ընձեռված են իշխանական լիազորություններ:

Այսպես, օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված է լիազորություն՝ մասնավոր անձանցից պահանջել փաստաթղթեր եւ այլ բնույթի տեղեկություններ, ինչն ուղղակի պարտականություն է առաջացնում մասնավոր անձի համար՝ տրամադրելու այդ փաստաթղթերը: Առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ սահմանել վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթը կարգավորող նորմերը։ Մեկ այլ քաղաքացի առաջարկում է, հիրավի, դրակոնյան լուծումներ։ Մասնավորապես, բռնագանձման ենթակա գույքի նվազագույն չափը փոքրացնել մինչեւ 25 միլիոն դրամ։ Մեկ այլ քաղաքացի էլ՝ Հայկ Հովսեփյանը, հարցնում է՝ ո՞նց եք հիմնավորելու կրիպտոարժույթի՝ որեւէ անձի պատկանելությունը։

Մենք զրուցեցինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։ Հարցրինք, թե 50 միլիոն դրամը շա՞տ է, թե՞ քիչ, ինչպիսի՞ մոդելներ կան աշխարհում։ Ըստ մեր զրուցակցի՝ միջազգային փորձն ուսումնասիրելով՝ առանց մեղադրական դատավճիռների՝ կոնֆիսկացիայի, որեւէ գումարային շեմ սահմանված չէ։ «Պետությունների համար, օրինակ, 50 հազար դոլար գողանալը եւս նմանատիպ գործընթացների հիմք է հանդիսանում, եւ այդ շեմերը դնելը նաեւ այլ բարդություններ են առաջացնում գնահատման տեսանկյունից։ Նախ, ո՞վ է գնահատում, ո՞ր պահից է գնահատվում գույքը՝ գողանալո՞ւ, թե՞ ուսումնասիրության պահի։ Նաեւ ընդունենք, որ այդ ժամանակահատվածում գույքի արժեքը կարող է մի քանի անգամ փոփոխված լինել։ Ես տեսա, որ նման ինչ-ինչ կարգավորումներ փորձել են անել, բայց դրանք թերի էին եւ հստակ պատասխաններ չունեն»։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, գումարային շեմեր դնելը ներհատուկ է «ապօրինի հարստանալ» հանցագործության համար, եւ դրա համար սահմանված շեմը 5 միլիոն դրամն է։ «Եվ նաեւ ապօրինի հարստացման գումարի կոնտեքստում ես խիստ անհամաչափ եմ տեսնում 50 միլիոն գումարն արձանագրելը եւ տպավորություն ունեմ, որ մինչեւ 100  հազար դոլարի, ինչը բավականին լուրջ գումար է, հարստանալու ինդուլգենցիաներ են տրվում»,- ասաց Սահակյանը։

Բռնագանձման մասին օրենքը հետադարձ ուժ չունի՞, եւ արդյո՞ք դա կիրառելի է։ «Իրենք, ճիշտն ասած, հետադարձ ուժ տվել են, եւ այստեղ նորից մոտեցումը հետեւյալն է․ միջազգային պրակտիկայում նշում են, որ եթե այդ միջոցառումը հատուցմանը միտված միջոցառում է եւ կապված է հանցագործության հետեւանքով վնասների հատուցման գործընթացների հետ, այս պարագայում հետադարձ ուժ թույլատրվում է տալ։ Եթե միայն հատուցողական բնույթ չունի եւ իր մեջ ունի պատժիչ տարրեր, ինքը վերածվում է քրեական հետապնդման, եւ այստեղ հետադարձ ուժի կիրառության արգելք կա, մասնավորապես՝ կոնվենցիայի 7-րդ հոդվածի տեսանկյունից։ Հիմա․ հեղինակները կարծում են, որ սա կոմպենսացնող միջոցառում է, հետեւաբար՝ հետադարձ ուժը թույլատրելի է, բայց ինձ համար անհասկանալի պայմաններում ուսումնասիրության ժամկետայնությունը սահմանափակում են ուսումնասիրությանը նախորդող 10 տարիների համար։ Կա, որ բացառիկ դեպքերում կարող են նաեւ վաղ ժամանակահատվածի անդրադարձ կատարել, բայց ոչ ավելի վաղ, քան 91թ․ սեպտեմբեր»։

Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ 91-ի սեպտեմբերի 21-ից գիծ գծելը տրամաբանական է, քանի որ կա պետության ֆորմացիայի խնդիր՝ ԽՍՀՄ տիրույթ չեն մտնում, բայց անհասկանալի է, որ արդեն նոր ձեւավորված պետության մեջ դրվում է տարբերակված մոտեցում։ Այսինքն՝ «95 թվականի թալանչի պետական գործիչներին ու նրանց ժառանգներին թույլատրվում է վայելել ժողովրդից գողացված գումարները, բայց, օրինակ, 2002-ի հետ կապված դեպքերին կարձագանքեն։ Այս կարգի խտրական կարգավորումը, կարծում եմ, զուտ քաղաքական լուծում է, իրավական մոտեցում չունի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։ Առհասարակ, օրինագիծը նա խնդրահարույց է համարում։