Ջրիմուռներն իջան ջրի հատակը․ ի՞նչ է արվում Սեւանի հարցով

Ջրիմուռներն իջան ջրի հատակը․ ի՞նչ է արվում Սեւանի հարցով

Սեւանի կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման շրջանում Սեւանի հարցը քննարկվեց բոլոր ասպեկտներով ու տարբեր հարթակներում՝ լճում առկա թույների՝ մարդկանց առողջության վրա ունեցած ազդեցությունից մինչեւ լճի էկոհամակարգ եւ լճի փրկության ծրագրեր։ Սակայն, ինչպես Ազգային ժողովում անցկացված քննարկումներից մեկի ժամանակ կանխատեսեց գիտնականներից մեկը, երբ ջրիմուռներն իջան ջրի հատակը, Սեւանի հետ կապված աղմուկն աստիճանաբար մարեց, եւ բոլորը մոռացան լիճն ու նրա խնդիրները։  
Պարզվում է, այնուամենայնիվ, ինչ-որ քննարկումներ դեռ կան։ Մասնավորապես, ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը,  տարածքային կառավարման նախարարությունում նախարար Պապիկյանի հետ քննարկելով ջրային ոլորտի ընթացիկ թեմաներ, աշխատանքային քննարկման ժամանակ բարձրացրել է Սեւանը բացառապես մաքուր ջրով բարձրացնելու իր թեզը։ Մաքուր ջուրը՝ մաքուր ջուր, սակայն, ինչպես հայտնի է, լճի աղետալի վիճակի հետ կապված քննարկումներում բազմիցս բարձրաձայնվել է լիճը կենցաղային թափոններով ու նյութերով աղտոտելու հարցը, երբ հարակից հանգստյան տների ու սննդի օբյեկտների տերերը մշտապես լիճն աղտոտում են։ Հարցին, թե նման առաջարկ արե՞լ է, Յուրի Ջավադյանն ասաց․ «Ի՞նչ առաջարկ անելու կարիք կա, երբ բոլորը գիտեն դրա մասին՝ մարզպետից սկսած»։ Պարոն Ջավադյանը վստահեցնում է, որ Սեւանում այս առումով վիճակը վերահսկվում է։

Հիշեցնենք․ Յուրի Ջավադյանը մշտապես պնդում է Սեւանը մաքուր ջրով բարձրացնելու իր թեզը։ Նրա խոսքով՝ հոսող ջրային ռեսուրսները կազմում են ընդամենը 7 մլրդ 300 մլն խորանարդ մետր, որից մենք օգտագործում ենք 2,3 մլրդ խմ, իսկ 5 միլիարդ խմ ջուրը հոսում է մեր սահմաններից դուրս, եւ, հետեւաբար, լուծումը մեծ ջրամբարներն են։ Ավելի վաղ նա կառավարությանն առաջարկել էր Սեւանի համար ու Սեւանի շուրջը նորից 4 փոքր ու միջին ջրամբարներ կառուցել, որոնց շինարարությունը պետք է լինի 2 տարում․ Գյադիկվանքի 25 միլիոն խմ լիտր ջուր ունեցող ջրամբարը, Զիրակի ջրամբարը՝ Կեչուտի միջոցով, Ֆիոլետովոյի եւ Քասախի ջրամբարները: Ըստ Ջավադյանի՝ սրանք պետք է լինեն դոնոր ջրամբարներ, որպեսզի այսուհետ Սեւանից ջուր վերցնելու անհրաժեշտություն չլինի, եւ այդ դեպքում լճի ջրի մակարդակը կբարձրանա մինչեւ 6 մետր: