Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել բռնագրավել ռուս օլիգարխների գույքը

Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել բռնագրավել ռուս օլիգարխների գույքը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը առաջարկել է բռնագրավել ռուս օլիգարխներին և կոռումպացված պաշտոնյաներին պատկանող անշարժ գույքը, վաճառել այն և կառուցել տներ աղքատների, այդ թվում՝ ուկրաինացի փախստականների համար։ Այս մասին հայտնում է LBC ռադիոկայանը։

Այդ առաջարկությամբ նամակ Խանն ուղարկել է Մեծ Բրիտանիայի բնակարանաշինության նախարար Մայքլ Գովին։ Քաղաքապետը նշել է, որ 2022 թվականին Լոնդոնում կոռուպցիայի մեջ ներգրավված ռուսների անշարժ գույքի արժեքը Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից գնահատվել է 1,1 միլիարդ ֆունտ (1,4 միլիարդ դոլար): 

Այս գումարով աղքատների համար ավելի քան չորս հազար տուն կարելի էր կառուցել, հաշվարկել է Լոնդոնի քաղաքապետարանը։

«Նախարարները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն Պուտինի գործընկերների կողմից գնված գույքը բռնագրավելու համար, որպեսզի մենք կարողանանք ստացված եկամուտն օգտագործել ի շահ կարիքավորների», - ասվում է Խանի հայտարարության մեջ: Նամակն ուղարկվել է Ուկրաինա ռուսական ներխուժման երկրորդ տարելիցի հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին։