Խոստումներին անհամարժեք փոփոխություն, իշխանավորների կողմից մեղադրանք, պահպանվող աղքատություն

Խոստումներին անհամարժեք փոփոխություն, իշխանավորների կողմից մեղադրանք, պահպանվող աղքատություն

Արդեն սովորական են դարձել սոցիալական խնդիրների խոստացված լուծումների հետաձգումն ու կոնկրետ ձախողումները, հանրության մոտ ձևավորված օբյեկտիվ սպասումների մեղմ ասած անհամաչափ իրականացումը:

Առարկայական պատասխանատվությունը թաքցնելու և դրանից խուսափելու համար էլ իշխանությունները պարբերաբար ներկայացնում են արհեստական ձեռքբերումներ, սոցիալ-տնտեսական միտումների սուբյեկտիվ պատկեր՝ վիճակագրական մանիպուլիացիաներով:
Վերջերս արձանագրվեց նաև անհաջող նոր փորձ, որն արդեն դրսևորվում է վիճակագրական ցուցանիշների մանիպուլիացիաները երկրից «արտահանելով»:

Իհարկե, ժամանակի հետ դժվարանում է սեփական պատասխանատվությունից մանևրելու գործընթացը: Պոպուլիզմից խոստացված համակարգային բարեփոխումներին անցնելու և օր առաջ կյանքի կոչելու փոխարեն՝ օրվա իշխանությունները զուգահեռաբար ավելացնում են պատասխանատվությունից խուսափելու անհեռանկար գործիքները:

Խորացող խնդիրների, կրկնվող ձախողումների համար արդարանալու և իշխանության եկած քաղաքական թիմից դուրս մեղավորների փնտրտուքը հասավ վերջնակետ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնային շահառուներին:

Օրվա իշխանություններն արդեն մեղադրում են աղքատներին, գործազուրկներին և սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներով այլ քաղաքացիներին: Հորդորում են՝ հույսները կտրել պետությունից և սոցիալական աջակցությունից, իսկ իրենց խնդիրները լուծել սեփական ջանքերով: Ի դեպ՝ մեր երկրի բնակչության 23,5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը, նաև՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ: Գործազուրկ են 234 հազար քաղաքացիներ, որոնց 25-30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում և ակտիվորեն փնտրում են աշխատանք, իսկ նրանց 18,3 տոկոսը 2019թ. արտագաղթել են Հայաստանից կամ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում հարմար աշխատանք չգտնելու հետևանքով:
Գործազուրկները տարիներ շարունակ չեն դառնում զբաղված՝ թափուր աշխատատեղերի և պետական անհրաժեշտ աջակցության բացակայության, իսկ հիմա նաև՝ սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետևանքով: Օրինակ՝ 2018թ. ձախողվել է զբաղվածության աջակցության պետական ծրագրերի 75 տոկոսը, իսկ 2019թ.՝ 50 տոկոսը:

Հետևաբար՝ աղքատներն ու գործազուրկները «պառկած չեն իրենց դիվանին», եթե դա անկողնային հիվանդության հետևանք չէ: Նրանք մտածում են աշխատելու և աղքատության ճիրաններից դուրս գալու, այլ ոչ թե աղքատ մնալու մասին:

Այս ամենի կոնկրետ դրսևորումներին բազմիցս ենք անդրադարձել, ներկայացրել ենք մասնագիտական այլընտրանքային գնահատումներ և օբյեկտիվ հիմնավորումներ:
Իշխանություններն էլ բերում են ի սկզբանե անհեռանկար և արդեն նաև ծեծված հետևյալ հակադարձումները. «իրենց արածն աննախադեպ է», «լուծումներ գիտեիք՝ իրականացնեիք»:
Այս իմաստով հատկանշական են հետևյալ փաստերը:

Պոպուլիստական փաթեթավորմամբ իշխանությունները շարունակում են աննախադեպ որակել 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի 23,6 տոկոսով բարձրացումը և կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով ավելացումը:

Իսկ իրական պատկերն ամբողջացնելու նպատակով հարկ է նշել՝
• կենսաթոշակի միջին չափի 10 տոկոսով բարձրացումը բացարձակ համարժեք չի առկա օբյեկտիվ հնարավորություններին և իշխանական խոստումներին,
• այս բարձրացումից հետո կենսաթոշակի միջին չափը շուրջ 45 տոկոսով ցածր է մնում մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից,

• 2004թ. հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 32,3 տոկոսով՝ 3,2 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ 10 տոկոս և ավել չափերով բարձրացումներ բազմիցս եղել են մինչև իշխանափոխությունը,
• 2004թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը նախորդ տարվա համեմատ բարձրացվել է 160 տոկոսով՝ 7 անգամ ավել չափով, քան 2020թ. ցուցանիշը, ընդ որում՝ մինչև իշխանափոխությունը նվազագույն աշխատավարձը ևս բարձրացվել է՝ 20 տոկոս և ավել չափերով,
• իշխանափոխությունից հետո աննախադեպ են բարձրաստիճանների պարգևատրման չափերը, պարբերականությունը և խնդրահարույց բնույթը, ըստ որի՝ նրանց վարձատրությունն այլևս եռակատկվել է այն դեպքում, երբ 2019թ. միջին աշխատավարձը մեր երկրում աճել է ընդամնեը 5,9 տոկոսով:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող