Արդարության դեֆիցիտ

Արդարության դեֆիցիտ

Գլխավոր հարցը, որը 2018-ին մարդկանց փողոց հանեց, անարդարությունն էր։ Մարդիկ տեսնում էին, որ այսինչը խելքով զիջում է իրենց, բայց բարձր պաշտոն է զբաղեցնում։ Այնինչի երեխան պակաս գրագետ է, քան իրենցը, բայց արագորեն առաջ է գնում ծառայողական աստիճանակարգով։ Տեսնում էին, որ իրենք օրնիբուն աշխատում են եւ չեն կարողանում մի հավաբուն ձեռք բերել, իսկ իշխանության մի պորտաբույծ ու տգետ ներկայացուցիչ, նոմենկլատուրային մի չինովնիկ մի քանի տուն ու դղյակ է կառուցել, թանկարժեք մեքենայով է շրջում։ Մարդիկ դիմում էին դատարան եւ արդարություն չէին գտնում, իսկ իրավապահների հետ առնչություններ ունենալու ժամանակ միշտ չէ, որ հանցագործն ու մեղավորն էր պատժվում։ Ամենաչնչին հարցերում անգամ արդարության, հավասարության, անկողմնակալության հասնելը շատ բարդ էր, եւ դա նյարդայնացնում էր մարդկանց, օրեցօր լցնում էր նրանց համբերության բաժակը։

Ճիշտ է՝ նրանք լռելյայն տանում էին այդ խաչը, դիմանալով եւ հանդուրժելով, մինչ այն պահը, երբ կստեղծվեր պատեհ առիթ եւ հնարավորություն վրեժ լուծել իրենց նախկին զրկանքների, իրենց հանդեպ կատարված անարդարությունների, չարքաշ կյանքի, սոված օրերի համար։ Եվ այդ պահը ստեղծվեց, երբ անփորձ ու անհասկանալի ծագման մի խումբ մարդիկ հայտ ներկայացրեցին եւ որոշեցին առաջնորդել դժգոհների, զրկվածների ու զարկվածների բազմությանը։ Եվ նրանք մեծ հույսերով, որ եկել է անարդարությունները մերժելու ու արդար երկիր կառուցելու ժամանակը, դուրս եկան փողոց․․․ եւ սխալվեցին։ Պարզվեց՝ անարդարությունները հավերժ են, իսկ դրանց դեմ պայքարելու համար փողոց ելած մարդիկ ընդամենը ուզում էին իրենք կառավարել այդ հասարակությունը, որ իրենք օգտվեն անհավասար բաշխումից եւ անաշխատ եկամուտներից։