Մակրոնը Գիքորի հոր դերն է խաղում․․․

Մակրոնը Գիքորի հոր դերն է խաղում․․․

Մակրոնը, երբ Նիկոլ Փաշինյանի թևից բռնած տանում է՝ Թրամփին կամ Իլոն Մասկին ներկայացնելու, բնական պիտի ընդունել ներկայացվողի ուրախությունը, խինդն ու ղժղժոցը։ Մենք «Գիքոր» ստեղծած ազգ ենք և դրա շրջանակներում պիտի դիտարկել գործողությունը։ Մակրոնն այս դեպքում Գիքորի հոր դերն է խաղում։ Տեսեք՝ չեմ ասում՝ Մակրոնը Գիքորի հայրն է, ասում եմ Գիքորի հոր դերն է խաղում։ Թումանյանը հանճարեղ է ասել Գիքորի մասին․ 

«Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար ետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանանչի բարձած ավանակները, թաբախները գլխներին կինտոները․․․ էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր Գիքորի գլխում»։ Նույն ձևով աշխարհի մեծերի հետ շփումներում է իրեն դրսևորում Նիկոլ Փաշինյանը․․․ Պետության մեջ,  երբ ի հայտ են գալիս ղեկավարներ, որոնք քաղաքական ոչ մի փորձ չունեն և պաշտոնական հանդիպումներին ընտանյոք հանդերձ են ներկայանում կամ ոչ պատշաճ ձևով,  և «աղջիկ պարոնների» քրքիջի նյութը դառնում,  աշխարհ չտեսած Գիքոր են։ «Բալը թանգ է, հը՞» հիշու՞մ եք այս արտահայտությունը․․․ Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ մեր հերոսը ոչինչ չի հասկանում։ Երբ տանտիկինը հյուրերի մոտ արդարանում է ՝ «Ով գիտի ինչ է ասել, չի հասկացել էս հիմարը» , հերոսը բացականչում է՝ «Ով սուտ ասի՝ գետինը մտնի»։ Մենք իրական կյանքից, իրական Գիքորից անցել ենք վիրտուալ Գիքորի։ Երբ բոլորը խաղում են ու Գիքորն էլ բոլորի նման իր դերն է տանում։