Արցախի դրոշը հենց նոր տեղադրեցինք Վայքում

Արցախի դրոշը հենց նոր տեղադրեցինք Վայքում

Ինչպես գիտենք` խորհրդարանական ընդդիմության մի մասը ցանկանում էր մեկնել Արցախ, սակայն ռուս խաղաղապահները նրանց Արցախ մուտք գործել չթողեցին, իսկ մյուս մասը մեկնել է Սյունիք: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այժմ Սյունիքում է: Կվերադառնան Երևան` վաղը: Այն հարցին, թե ինչո՞վ եք զբաղված, երեկ ի՞նչ եք արել, պատգամավորը նշեց. «Հանրության հետ հանդիպումներ, քննարկումներ, անելիքներ և մտահոգություններ: Արցախի դրոշը հենց նոր տեղադրեցինք Վայքում, այժմ այդ միջոցառմանն եմ մասնակցում», - նշեց պատգամավորը:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եք Ձեր աշխատանքը պատկերացնում գործող իշխանությունների հետ, չի՞ հասունացել արդյոք պատգամավորական մանդատները վայր դնելու պահը, մեր զրուցակիցն ընդգծեց.

«Մեր օրակարգում չկա նման հարց, ունենք մեր սեփական օրակարգն, օգտագործում ենք ԱԺ-ի քաղաքական հարթակը, նաև փողոցային պայքարի հարթակը: Կարևորը հասարակության արթնացումն է: Պետք է միասնական ուժերով աղետը կասեցնենք, ես սա կկոչեմ` արթնացումի արշավ: Արցախի դրոշը զուտ սիմվոլիկա չէ, այլ հավատարմություն` մեր 30 տարվա պայքարին, արժեքներին և լինելիությանը: Չկա Արցախ` չկաՀայաստան, չկա Հայաստան՝ չկա Հայաստանի անվտանգություն», - նշեց Լիլիթ Գալստյանը: