Հասարակություն

Հաղթեցին խարդախությունն ու սուտը, իսկ քովիդով հիվանդները մահանում էին

Հաղթեցին խարդախությունն ու սուտը, իսկ քովիդով հիվանդները մահանում էին

«Հրապարակ» թերթի հարգելի խմբագիր՝ տիկին Արմինե Օհանյանին

Ձեզ գրում է ֆրանսահայ բժիշկ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Հովհաննես Էքերյանը։ Այս ամենը տեղի ունեցավ 2020 թվի սկզբին՝ մինչեւ սեպտեմբերի 27-ի պատերազմը։ Նամակս թերեւս ուշ եմ գրում, բայց վստահ եմ՝ ո՛չ ուշացած։ Գրում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ քովիդի ժամանակ, չկրկնվի այլեւս։ 
Մենք՝ մեր մարդասիրական ընկերությունը, միշտ կապի մեջ էր Հայաստանի եւ Արցախի բժիշկների հետ, երբ կորոնավիրուսի վարակը սկսվեց Հայաստանում։ Մենք՝ մի շարք բժիշկների հետ, կապի մեջ էինք «Էրեբունի» հիվանդանոցի հետ, մասնավորապես՝ բժիշկ-ռեանիմատոլոգներ Մանգոյանի, բժիշկ Վարոսյանի հետ։ Նաեւ Արցախի բժիշկների հետ էինք կապի մեջ, որովհետեւ դա նոր հիվանդություն էր, եւ որպեսզի այդ նոր վիրուսի բուժման ուղղությամբ ճիշտ շարժվեն եւ ճիշտ ուղղությամբ բուժումն իրականացնեն, անհրաժեշտ էր նրանց օգնել։ 

Պարզվեց, որ Հայաստանի բժիշկները շատ տաղանդավոր են, շատ նվիրված ձեւով մոտեցան հիվանդներին, եւ նրանց բուժումը ճիշտ էր։ Բայց Հայաստանում որոշ սարքեր էին պակասում, շատ կարեւոր սարքեր՝ թթվածնի փոխանցման սարքեր, որոնք թանկ չէին, այլ պարզապես չկային Հայաստանում։ Բացի դրանից՝ այն բուժման մեթոդները եւ դեղորայքը, որը մենք օգտագործում էինք Հայաստանում՝ քովիդով հիվանդներին բուժելու համար, մեզ հետ խորհրդակցելով եւ որոշումներ կայացնելով էին օգտագործում։

Մի օր մեր ընկերությունը ստացավ մի նամակ, որը հասցեագրված էր աշխարհի բոլոր հայկական դեսպանատներին՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից, որտեղ գրված էր, որ ողջ աշխարհը պետք է օգնի Հայաստանին, հայ բժիշկները չեն կարողանում ճիշտ բուժել հիվանդներին, պետք է աշխարհի տարբեր երկրներից գան օտարազգի բժիշկներ եւ օգնեն Հայաստանին՝ քովիդով հիվանդներին բուժելու հարցում։ Ես այդ նամակն ուղարկեցի հայաստանյան բժիշկներին, սակայն նրանք նույնիսկ տեղյակ չէին այդ նամակ-կոչի մասին։ Պարզապես շրջանցելով բժիշկներին՝ նախարարը մի կոչ էր անում, որն արված էր, վստահ եմ, ցուցադրության համար։ 

Եվ ընտրեցին մեկ անձնավորության, ով այն ժամանակվա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սանիկն էր, անունը՝ Դավիթ Փափազյան (ՀՀ ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին, Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի նախագահը՝ խմբ․)։ Ինքը, որ ուսումը ստացել էր Լոնդոնում, իր կյանքի կեսն անցկացնում էր Ֆրանսիայում, մյուսը՝ Հայաստանում, աֆերիստի մեկն էր, մի խոսքով։ Այս մարդը դիմեց մեր հիմնադրամին՝ ասելով, թե դուք ճանաչո՞ւմ եք բժիշկների, որոնք կարող են գալ Հայաստան, մեր հայ բժիշկների տեղը գրավեն եւ ցույց տան բուժման մեթոդները, որպեսզի քովիդով հիվանդները բուժվեն։ Այդ ժամանակ բոլոր երկրներում հիվանդների մահացության քանակը շատ բարձր էր, այս նոր հիվանդությունը շատ մահեր տարավ, եւ դա միայն Հայաստանում չէր։ 

Հիմնադրամն ինձ դիմեց, որ Փափազյան անունով մեկն ասել է, որ մեկ ամբողջ ինքնաթիռ լցնենք բժիշկներով եւ տանենք Հայաստան, որ բուժեն քովիդով հիվանդներին։ Չնայած Հայաստանի բժիշկները շատ բանիմաց են եւ պրոֆեսիոնալ, ես վստահությամբ կարող եմ ասել, որ նրանք կարող էին ինքնուրույն բուժել քովիդով հիվանդներին, նրանց միայն մի կարեւոր սարք էր պակասում, որը կոչվում էր «Օպտիֆլո»։ Դա թթվածնի փոխանցման համար բարձր որակով սարք է, որը սովորական թթվածնի փոխանցումը չէ, այլ ուրիշ ձեւով է կատարվում, եւ շատ ավելի լավ է օգնում հիվանդներին։ 
Ես բացատրեցի այդ ամենը Դավիթ Փափազյանին, որ այսպես պետք է անել, բայց նա ինձ ասաց․ լսեք՝ ես Ձեզ չեմ հարցնում, թե ինչն է լավ ժողովրդի համար, ես Ձեզ հարցնում եմ միայն՝ կարո՞ղ եք մի ինքնաթիռ լցնել ֆրանսիացի բժիշկներով եւ տանել Հայաստան։ Այո՞, թե՞ ոչ։ Եթե Դուք չեք ուզում կամ չեք կարող, ուրեմն ես կգնամ, ուրիշ տեղ կփնտրեմ այնպիսի մարդ, ով կանի դա։ Ես պատասխանեցի նրան՝ եթե Դուք չեք մտածում եւ չեք անհանգստանում հայ ժողովրդի համար, ապա կարիք չկա, որ մենք շարունակենք մեր խոսակցությունը, եւ վերջ։ 

Հետո այս մարդը գնաց, փնտրեց ֆրանսիացի բժիշկներ՝ իրենց խոստանալով, որ գումարներ պետք է ստանան, շատ լավ պետք է ընդունվեն Հայաստանում, ասելով, որ հայ բժիշկների մակարդակը ցածր է, եւ իրենք պետք է փոխանցեն իրենց գիտելիքներն ու փորձը հայ բժիշկներին։  

Ուրեմն Փափազյան Դավիթը գտավ մի բժիշկ, ում անունն է՝ Ալեքսանդր Մինիոն, ով այդ ֆրանսիացի բժիշկների խմբի ղեկավարը պետք է լիներ։ Այդ Ալեքսանդր Մինիոնն այդ ժամանակ մեկ հատ քովիդի հիվանդ չէր բուժել, առավել եւս՝ նա պաշտոնապես Ֆրանսիայի առողջապահության նախարարության հրամանով հեռացվել էր հիվանդանոցից, եւ արգելել էին նրան աշխատել որեւէ հիվանդանոցում, քանի որ նա խանգարում էր առողջապահության համակարգին՝ շատ ծանր ձեւով։ Նույնիսկ այդ ծանր ժամանակներում, երբ քովիդի պատճառով բժիշկների խիստ պակաս կար Ֆրանսիայում եւ ամենուր, հեռացրին այդ բժշկին, արգելեցին աշխատել եւ որեւէ կապ ունենալ հիվանդների հետ։ 

Ալեքսանդր Մինիոնն ինձ զանգահարեց եւ ասաց՝ արի ինձ հետ Հայաստան, Փափազյան Դավիթն ինձ զանգեց եւ խնդրեց, որ օգնեմ։ Ես պատասխանեցի՝ եթե իրոք կարիքը լիներ, ես հենց այսօր կգնայի Հայաստան, բայց այնտեղից հայ բժիշկները հայտնում են, որ կարիք չկա գալու, միայն մեզ փոխանցեք ձեր փորձառությունը՝ տեսակապով, եւ անհրաժեշտ սարքեր ուղարկեք։ Ալեքսանդր Մինիոնն ինձ ասաց՝ ոչինչ, եթե այդքան ապուշ են եւ այդքանից հետո մեզ հրավիրում են, իրենք մեզ պետք է վճարեն, մենք էլ կգնանք Հայաստան, եթե օգտակար չլինենք հիվանդներին ու բժիշկներին, ապա ուղղակի կզվարճանանք Հայաստանում, լավ ժամանակ կանցկացնենք, գումար կվաստակենք ու կգանք։ 

Ես էլ ասացի, որ ուղղակի ավելորդ խոսակցություն չեմ ուզում շարունակել, քանզի մեր նպատակները նույնը չեն, մենք նույն նպատակներով չենք առաջնորդվում։ Ալեքսանդր Մինիոնը դիմեց ուրիշ ֆրանսիացի բժիշկների, որոնք խելոք էին, բայց գիտենալով, որ Մինիոնն անգործ էր, նրանք համաձայնեցին նրա առաջարկին։ Այդ բժիշկները, որոնք գնացին Հայաստան, նրա հետ ռեանիմացիայում աշխատող բժիշկներ էին։ Նրանք եկան Հայաստան, ընդունվեցին VIP սրահում, որտեղ նրանց դիմավորեցին նվերներով` Զարեհ Սինանյանը, Ֆրանսիայի դեսպան Լաքոտը եւ ԱՄՆ դեսպանը։ 
Այդ բժիշկները ցուցադրական ձեւով գնացին 2-3 հիվանդանոց, իբրեւ թե օգնություն էին ցուցաբերում հայ բժիշկներին։ Հայաստանի հիվանդանոցներից մեկի մի հայ վիրաբույժ իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ֆրանսիացի բժիշկներն արդեն քանի օր է՝ Հայաստանում են եւ ոչ մի օգուտ չեն տվել ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ հիվանդներին։ Իսկ Փափազյան Դավիթը հետո ինձ ծաղրանքի էր ենթարկում՝ ասելով, թե․ «Դու չուզեցիր ինձ օգնել՝ մի ինքնաթիռ ֆրանսիացի բժիշկ ուղարկել Հայաստան, բայց ես կարողացա անել դա»։

Արդյունքում ի՞նչ եղավ․ այդքան գումար ծախսվեց անիմաստ, այդ գումարը չուղղեցին այդ կարեւորագույն սարքը՝ «Օպտիֆլոն» գնելուն, Հայաստան տանելուն, որով իսկապես օգնած կլինեինք հայ բժիշկներին։ 
Անիմաստ եւ ցուցադրական մեծ գումարներ ծախսվեցին, անիմաստ շռայլություն, եւ Հայաստանի քովիդով հիվանդներն այդպես էլ չունեցան այդ «Օպտիֆլո» սարքը։ Դա պարզապես խայտառակություն էր, խայտառակություն էր նաեւ ֆրանսիացի բժիշկների մոտ։ Դա պարզապես արված էր՝ ցույց տալու հայ ժողովրդին, որ իբրեւ ՀՀ վարչապետը գործ է անում, հոգատար է, որ տարբեր երկրներից Հայաստան է բերում բժիշկների։ Բերեցին ոչ միայն Ֆրանսիայից, այլ նաեւ Գերմանիայից՝ օրդինատուրայի ուսանողներ, ստաժորներ, Լիտվայից բերեցին բուժքույրեր։ Պետք էին այդ մարդկանց նաեւ թարգմանիչներ, որպեսզի բժիշկները հասկանային իրար։ Դա եւս մեծ ծախս էր։ Սա անշնորհքություն էր, ստախոսություն եւ խայտառակություն։ Չգիտեմ, թե ով էր հովանավորում այդ մի ինքնաթիռ ֆրանսիացի բժիշկների այցը, բայց գիտեմ, որ երկրորդ ինքնաթիռն էլ գնաց Հայաստան՝ Մարսելից, որը նույնպես օգտակար չեղավ հայ ժողովրդին։ Մենք այդ ամենը՝ մեր փորձառությունը, կարող էինք փոխանցել հեռախոսով եւ տեսակապով մեր հայ բժիշկներին, եւ այդ գումարով կարող էին պարզապես գնել անհրաժեշտ սարքերը եւ բերել Հայաստան։ Այդպիսով մենք ավելի շատ կօգնեինք Հայաստանին եւ հայ ժողովրդին, այնինչ հաղթեցին խարդախությունն ու սուտը, իսկ քովիդով հիվանդները մահանում էին․․․ 

Ժան-Միշել Հովհաննես Էքերյան
Ֆրանսիա, բժիշկ

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image