ՀՀ նախագահը որոշումներ կայացնելու փոխարեն դիմում է Սահմանադրական դատարան 

ՀՀ նախագահը որոշումներ կայացնելու փոխարեն դիմում է Սահմանադրական դատարան 

Երեկ մենք լուր էինք հրապարակել․
«Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները։ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնների համալրման բոլոր ժամկետները սպառված են, սակայն Արմեն Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել, ինչի իրավունքն ու պարտականությունն ունի օրենքով։ Եվ ԲԴԽ-ում այս պահին առկա է դատավոր անդամի 2 թափուր տեղ։ Մեկը թափուր է մնացել վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից՝ հուլիսի 19-ից հետո։ Նոր թեկնածու պետք է առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը, որն այս ընթացքում 2 անհաջող փորձ է արել՝ քվորումի բացակայության պատճառով նիստ չի կայացել։ Իսկ մյուս տեղը թափուր է մնացել Սերգեյ Մեղրյանի հրաժարականից հետո՝ հունիսի 14-ից։ Այս տեղը պետք է համալրեն իրավաբան գիտնականների հատվածից, եւ թեկնածությունը պետք է ներկայացնի ԱԺ-ն։ Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ եթե ԱԺ-ն  իր կողմից ընտրվող ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում անդամ, հանրապետության նախագահը 15-օրյա ժամկետում նշանակում է ԺՊ։ Այսինքն՝ վերջնաժամկետը նոյեմբերի 4-5-ն էր, ինչը սպառվել է, սակայն նշանակում չկա։ Երեկ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ նախագահականից, աշխատակազմը հերթական շրջագայության մեջ է՝ դեպի Քաթար։ Իսկ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ՝ ընդհանուր ժողով հրավիրում են վճռաբեկի նախագահը եւ դատավորների ընդհանուր թվի 2/3-ը»։

Նախագահականից արձագանքել են մեր հրապարակմանը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխան է ուղարկել․ 
«Հանրապետության նախագահը ԲԴԽ անդամի թեկնածու չի առաջադրել, քանի որ դիմել է Սահմանադրական դատարան։

Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ մի շարք պաշտոնատար անձանց (օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների պաշտպան, Հաշվեքննիչ պալատի անդամ և այլն) պաշտոնը թափուր մնալու պարագայում, եթե Ազգային ժողովը սահմանված ժամկետում և կարգով ոչ ոքի չի ընտրում, ապա, մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը, Հանրապետության նախագահն օժտված է լիազորությամբ՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակելու ժամանակավոր պաշտոնակատար: Միևնույն ժամանակ, չնայած Սահմանադրության 138-րդ հոդվածով հստակ նախատեսված է ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման համար կարգը օրենքով սահմանելու ուղիղ պահանջ, այնուամենայնիվ, նման կարգ համապատասխան օրենքներով սահմանված չէ: 
Բացի այդ, Սահմանադրության 138-րդ հոդվածով կարգավորված պաշտոնատար անձինք Սահմանադրության ուժով օժտված են անկախ կարգավիճակով՝ ենթադրելով անկախության բավարար իրավական երաշխիքների՝ օրենքով նախատեսված լինելու անհրաժեշտություն: Մինչդեռ համապատասխան օրենքները որևէ կերպ չեն նախատեսում նաև այդպիսի ժամանակավոր պաշտոնակատարի գործառնական և ինստիտուցիոնալ անկախության, ինչպես նաև սոցիալական երաշխիքներ: Որոշ հարցադրումներ առանձնացված են, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի մասով՝ հաշվի առնելով, որ հենց այս՝ անկախ կարգավիճակ ունեցող սահմանադրական մարմնի անդամի թափուր տեղի համալրման նպատակով Հանրապետության նախագահն առաջիկայում լիազորված է նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, իսկ նման նշանակումը հնարավոր չէ, քանի դեռ առկա է համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանադրականության հարց այնպիսի առանցքային խնդիրների շուրջ, ինչպիսիք են համապատասխան անձի նշանակման կարգը և անկախության իրավական երաշխիքները:

Սահմանադրության 138-րդ հոդվածի սահմանադրական նպատակների համատեքստում օրենսդրական դաշտի համալիր և համակարգային ուսումնասիրության արդյունքում վերհանվել են բոլոր առերևույթ խնդրահարույց օրենսդրական կարգավորումները։ Կատարված վերլուծության հիմքերով Հանրապետության նախագահը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից մի շարք կարևորագույն հարցադրումներ»:

ՀԳ․ Նկատենք, որ բոլոր այն դեպքերում երբ փոքր ինչ վտանգ է լինում, որ ՀՀ նախագահի պահվածքը կարող է դուր չգալ ՀՀ վարչապետին, Արմեն Սարգսյանը հապաղում է քայլ անել եւ դիմում է փորձված հնարքի՝ Սահմանադրական դատարան դիմելուն։ Այդպես վարվեց նաեւ հոկտեմբերի 2-ի օրենքի հետ կապված, ինչը հետագայում պարզվեց միանգամայն ավելորդ էր, քանի որ այդ օրենքը չէր հակասում ՀՀ Սահմանադրությանը, այսինքն, այն կարող էր հենց հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահը վավերացնել, սակայն չարեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը դրան դեմ էր։ Այս պարագայում, իհարկե, հարցն այնքան էլ սուր չէ, սակայն ԲԴԽ անդամի պաշտոնակատար նշանակել՝ երբ Նիկոլ Փաշինյանը, կամ՝ պատկան կառույցները թեկնածու չեն ընտրել, «վտանգավոր է»։ Սակայն պարադոքսալ վիճակ է ստեղծվել՝ մի կողմից ՀՀ նախագահին շատ փոքր լիազորություններ են տրված, ինչից Արմեն Սարգսյանն արդարացիորեն բողոքում է, սակայն իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալն էլ չգիտես ինչու չի օգտագործում։