Ողջամիտ կասկած
Պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ամենաըմբոստ եւ ինքնուրույն անդամի մասին իմ պատկերացումները վերապահության շեշտեր ստացան, երբ հունիսի 22-ի «պատմական» նիստում, նախօրեին հայտարարված իմքայլական մոբիլիզացիայի շրջանակներում, մյուս թիմակիցների հետ ԱԺ եկավ նաեւ նա, որպեսզի անձամբ մասնակցի սահմանադրական կարգի տապալման իշխանությունների նախաձեռնությանը: Այդ օրը իշխանական միտքն այնքան հիվանդագին էր սեւեռված «սեւերի» համար իմքայլականների աննախադեպ միասնականության ցույց կազմակերպելու նպատակին, որ չէր խնայվել ոչ ոք՝ ո՛չ կորոնավիրուսով կասկածելիները, ո՛չ մյուս հիվանդները, ո՛չ «մեր ու մանուկ»: Վերջին կատեգորիայի մեջ էր Թովմասյանը, ով իր մասնակցությունն այդ ֆարսին մի հարցազրույցում հետո պիտի արդարացներ… «քաղաքական որոշմամբ»: Ասել է թե՝ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքական որոշում էր կայացրել, հետեւաբար, պետք էր ենթարկվել պարտադրված քվեարկությանը:
Զարմանքով արձանագրեմ, որ ինքնուրույն եւ անկախ գործչի համբավ ունեցող պատգամավորի համար (ընդհանրապե՛ս որեւէ պատգամավորի համար) «քաղաքական որոշումը», փաստորեն, գերակա է «խղճին ու համոզմունքներին», որոնցով պիտի առաջնորդվի յուրաքանչյուր պատգամավոր: Համենայնդեպս՝ այդպես է հուշում ՀՀ Սահմանադրությունը («Պատգամավորը… առաջնորդվում է ի ր խղճով եւ համոզմունքներով»):
Բայց այս ամենը՝ իբրեւ նախաբան, իսկ այս հոդվածի բուն նյութը ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 27-ի մի որոշումն է, որով վերասահմանվել է ՀՀ այն բնակավայրերի ցանկը, որոնք նախկինում ընդգրկված են եղել ծովի մակերեւույթից 2000 մ եւ ավելի բարձրություն ունեցող, իսկ այս որոշմամբ հայտնվել 1700-2000 մ բարձրություն ունեցող բնակավայրերի ցանկում: Այդ որոշումը, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավոր Թ. Թովմասյանը, դժգոհություններ է առաջացրել այդպիսի բնակավայրերից մեկի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակչության շրջանում, որովհետեւ նրանք այսուհետ զրկվում են բարձրլեռնային գոտում գտնվող բնակավայրերի համար նախատեսված պետական փոխհատուցումից կամ լրավճարից: Ի դեպ, փոխհատուցումը կազմում է 8 հազար դրամ՝ 40 հազար եւ ավելի դրամ աշխատավարձ ստացողների համար, որի կորուստը ոչ բարվոք սոցիալական պայմաններում ապրող մարդկանց համար (հիմնականում՝ ուսուցիչներ, բուժաշխատողներ), անշուշտ, զգալի կլինի:
Եվ քանի որ նոր իշխանությունները սիրում են համեմատություններ անել նախորդների հետ՝ իրենց առավելությունը ցույց տալու համար, բերեմ մի ուշագրավ փաստ: Մինչ այս նոր որոշումը Վարդենիս քաղաքը 1998 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ներառված է եղել ծովի մակերեւույթից 2000 մ-ից ավելի բարձրության վրա գտնվող բնակավայրերի ցանկում, հետեւաբար՝ վարդենիսցիները շուրջ 22 տարի օգտվել են վերը նշված պետական փոխհատուցումից:
Նկատեմ նաեւ, որ այդ փոխհատուցումը վարդենիսցիներին տրվել է այն ժամանակներից, երբ Հայաստանի տնտեսությունը, հետեւաբար՝ նաեւ պետական բյուջեն, գտնվում էր ոչ այնքան նախանձելի վիճակում, երբ նույնիսկ աշխատավարձ ու թոշակ ժամանակին վճարելն էր խնդիր: Սակայն դա չի խանգարել, որ 1998 թ. կառավարությունը դիմի այս՝ պետբյուջեն լրացուցիչ ծանրացնող որոշման ընդունման քայլին, իսկ, ահա, նոր իշխանությունն ընդունում է միանգամայն «հակադիր» որոշում: Հակադիր՝ սոցիալական բովանդակության առումով: Եվ այդ որոշումն ընդունվում է 2019 թվականի բյուջեի ծախսային մասի թերակատարման պարագայում, որ նշանակում է՝ բյուջեում կան չծախսված հսկայական գումարներ, իսկ կառավարությունը ոչ միայն դրանք քաղաքացիներին (տնտեսությանը) մատուցելու եղանակն ու ճանապարհը «չգիտի», դեռ մի բան էլ «կտրում» է եղածը:
Եվ այս թավշյա անհոգության, մարդկանց իրական կարիքներին կատարյալ անհաղորդության ֆոնին Թ. Թովմասյանը դիմում է վարդենիսցիներին, թե՝ զբաղվում եմ խնդրով, արդեն համապատասխան գրություն եմ ուղարկել կառավարություն, թե՝ վերջինս «կգտնի միջոցներ» եւ այլն:
Զարմանալի է, որ, լինելով պատգամավոր եւ ԱԺ իշխող ուժը ներկայացնող խմբակցության անդամ, տիկինը, փաստորեն, տեղյակ չի եղել, որ այդպիսի միտում կա կառավարության պլաններում, եւ միայն հետին թվով է փորձում շտկել իրավիճակը: Թ. Թովմասյանի՝ իրավիճակը շտկելու ո՛չ պատրաստակամությանը, ո՛չ սրտացավությանը, ո՛չ ազնվությանը չեմ կասկածում, բայց կասկածում եմ նրա ջանքերի արդյունավետությանը:
Մանավանդ եթե պարզվի, որ բնակավայրերի վերոհիշյալ ցանկերը կազմվել են իշխանությունների «քաղաքական որոշման» արդյունքում՝ հնարավորինս շատ վերցնել մարդկանցից (գույքահարկի մասին օրենքը՝ վկա)՝ հնարավորինս քիչ վերադարձնելով (կառավարության այս որոշումը՝ ապացույց): Եվ ահա՝ մտքումս ծագում է ողջամիտ կասկածը. գուցե իշխանությունը կտրում է մարդկանց տրվող չնչին լրավճարը՝ պարգեւավճարների ֆոնդն աննվազ պահելու նպատակո՞վ:
Կարծիքներ