«Վարդանանց» արձանախումբն ու «Դուդուկահար»-ի արձանը՝ COVID-19 ինքնամեկուսացածների քարտեզում

«Վարդանանց» արձանախումբն ու «Դուդուկահար»-ի արձանը՝ COVID-19 ինքնամեկուսացածների քարտեզում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ քարտեզ էր հրապարակել՝ նշելով. «Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ»։

Քարտեզը, որի վրա կարմիր  կետեր են, օգնելու է քաղաքացուն կողմնորոշվելու եւ հեռու մնալու  այն տարածքից, որտեղ կորոնավիրուսով վարակվելու վտանգը բարձր է: Յուրաքանչյուր մարզի, քաղաքի բնակչին, բնականաբար, հետաքրքրել է իր բնակության վայրը:

Ուսումնասիրելով նախարարի հրապարակած քարտեզը՝ գյումրեցիները կեսկատակ, կեսլուրջ նկատում են. «Ինչքան ըսես մանրակրկիտ ուսումնասիրեցի, ինքնամեկուսացած անձանց հասցեն մեկ Կենտրոնական հրապարակն էր՝ Վարդանանց  արձանախմբի մոտ, մեկ էլ Ռիժկովի փողոցի «Դուդուկահար»-ի արձանը»,-ասաց գյումրեցի մեր զրուցակիցը, ծիծաղելով ավելացրեց. «Ու ինչքան էլ +50, -50 կենեմ, էլի նույն տեղը կկայնիմ: Կըստացվի՝ արձաններն են կոռոնա՞»:

Նախարարի հրապարակած քարտեզը կասկածի տակ առավ նաև մեր մյուս զրուցակիցը: «Ուսումնասիրելով այն՝ հասկացա, որ կարմիր կետերը դրվել են ազատ ոճի ընտրությամբ, եւ չեն համապատասխանում  ինքնամեկուսացվածների տեղանքին»: «Տվյալները հաստատ սխալ են: Գյումրեցիները համարյա լավ գիտեն՝ ո՞վ է հիվանդ, ընտանիքի անդամներից քանիսն են մեկուսացված: Ես անձամբ  ծանոթներ ունեմ, բայց ոչ մեկի հասցեն չգտա քարտեզում»,-նշեց մեկ այլ քաղաքացի:

Իսկ ահա, գյումրեցիների համար արտասովոր էր այն, որ  Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցի տարածքի վրա կարմիր կետերով նշումներ չկային՝ թեկուզ հեռու շառավիղով: 

Նշենք, որ ըստ մարզպետարանի  տվյալների՝ Շիրակի մարզում  այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի, նրանցից 216-ի մոտ դրական ախտորոշում կա: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում: