Ո՞վ կսպասեր

Ո՞վ կսպասեր

Ոչ մի նոր բան չկա այս արեւի տակ։ Ո՛չ մարդկային ագահությունն ու հիմարությունն է արտառոց, ո՛չ փողի ու իշխանության հանդեպ սերը, ո՛չ իշխանավորների սուտն ու խաբեությունը։ Ինչպես արտառոց չէ այն, որ մարդիկ պատրաստ են խաբվելու, սուտ խոստումներին հավատալու եւ սին հույսեր փայփայելու։ Այդպիսին է մարդկային էությունը։

Տասնամյակներ շարունակ խաբված ժողովուրդը 2018-ին հավատաց, որ ճեղքում է կատարում, եւ այլեւս իշխանությունը չի լինելու ագահ ու անխիղճ, այլեւս երբեք պետական սուղ միջոցները մարդկանց փոքր խմբին չեն ծառայելու, այլեւս երբեք ընտրություններ չեն կեղծվելու, անարժանները պաշտոն չեն ստանալու, շարքային մարդու հոգսն ու ցավը երբեք անտեսված չեն լինելու՝ վերջապես իշխանության են եկել իր ծոցից ելած, իր նման հասարակ ու համեստ մարդիկ, որոնք արդարաբար բաժանելու են հանրային եկամուտները, պատժելու են հանցագործներին, ապահով ու բարեկեցիկ կյանք են ապահովելու բոլորիս համար։ Ո՞վ կսպասեր, որ իշխանությունն այդքան արագ կայլասերվեր եւ այդքան շուտ կնմանվեր իր նախորդներին։ Ապա նույնքան կատաղի կկառչեր աթոռներից, նույնչափ անարդար ու ագահ կլիներ։ Բայց դրան գումարած՝ նաեւ ավելի անգրագետ ու անկազմակերպ, ավելի անտեղյակ ու համառ։

Ինչպես բերել ենք, այնպես էլ կճանապարհենք՝ ասում էին մարդիկ, չենթադրելով անգամ, որ ճանապարհելն այդքան հեշտ չի լինելու, եւ հանրային որոշումն էլ այդքան միասնական չի լինելու։ Արցախի հետ կապված տագնապներ ունեցողներին ասում էին՝ հող հանձնողին կհանձնենք հողին՝ չմտածելով, որ հողը հանձնելուց հետո այլեւս ինչ-որ մեկին հողին հանձնելը կդառնա անիմաստ։ Անփորձության մասին զգուշացնողներին ասում էին՝ փոխարենը մաքուր են ու ազնիվ, չկարծելով, որ անփորձ մարդկանց կրկնակի դժվար է մաքուր եւ ազնիվ մնալը։