Միքայել Մինասյանը սխալ է հասկացել Միշել Ֆուկոյին

Միքայել Մինասյանը սխալ է հասկացել Միշել Ֆուկոյին

Կարդացի Միքայել Մինասյանի Aravot.am-ում հրապարակված հոդվածը (Ճշմարտության պահը, 04.25.2020 թ․)։ Տեքստն իհարկե ուշագրավ է, քանի որ արծարծվում են արդիական խնդիրներ։ Ի տարբերություն նախորդ հոդվածների, պարոն Մինասյանի այս գրվածքը առաջ է քաշում փիլիսոփայական հարցադրումներ, որոնց շուրջ էլ կառուցարկվում է իմ այս ակնարկը։ 

Միանգամից նշեմ, որ ամենևին էլ բովանդակային տեսանկյունից հակադրվելու նպատակ չունեմ, քանի որ այս պարագայում ինձ հետաքրքրողը ոչ այնքան իմաստն է, այլ՝ տեքստի կառուցվածքը, առաջ քաշված տեսությունը և դրա հիմնավորման մեթոդներն ու օգտագործված գործիքները։ 

Եվ այսպես, Մինասյանի հոդվածը ամբողջությամբ ողողված է անհաղթահարելի խոչընդոտներով։ Նա առաջ է քաշում տեսություն, որը ոչ միայն չի փորձում հիմնավորել փաստերով, այլ ընդհակառակը՝ տպավորությունն այնպիսին է, թե փաստերը մեխանիկորեն հարմարեցնում է տեսությանը։ Բայց չէ՞ որ գիտական միտքն արդեն վաղուց եկել է այն եզրակացությանը, որ եթե տեսությունը հնարավոր չէ էքսպերիմենտներով և փաստերով հիմնավորել, ապա անհրաժեշտ է փոխել հենց տեսությունը, այլ ոչ թե փաստերն ու էքսպերիմենտները մեխանիկորեն հարմարեցնել։ Հակառակ պարագայում տեսությունը դառնում է անհերքելի և բացարձակ, ինչը հակասում է քննադատական մտածողության տրամաբանությանը։ 

Մյուս խնդիրը կապված է օգտագործված մեթոդի և գործիքների հետ։ Միքայել Մինասյանը խոսում է պատմության փիլիսոփայության, պատմությունը վերաիմաստավորելու և քննադատական մտածողության միջոցով անցյալը, ներկան ու ապագան ըստ էության ընկալելու մասին։ Իհարկե ճիշտ է անում, դրա իրավունքն ունի և իր այս մոտեցումը կարող է հիմնավորել պատմագիտական համապատասխան դպրոցներին հղում անելով։ Բայց տարօրինակն այն է, որ իր տեսակետը հիմնավորելու համար Մինասյանը շեշտադրում է Միշել Ֆուկոյին, որը պատմությանը մոտենում է ամբողջությամբ հակառակ դիտանկյունից։ Ենթադրում եմ, որ այս եզրակացությունը առնվազն Ֆուկոյի սխալ ընթերցանության և ընկալման հետևանք է։ Ըստ էության նախկին դեսպանը հանդես է գալիս պատմականության դիրքերից, մտնում է հերմենևտիկայի, իստորիզմի և ինչ-որ իմաստով նաև պատմական դետերմինիզմի տարածություն, իսկ Ֆուկոն իր պոստստրուկտուրալիստական դիրքերից քննադատում է պատմականությունը և առաջ է քաշում էպիստեմեների փոփոխվող ստրուկտուրաները։ Այսինքն Մինասյանի առաջ քաշած պատմության ընկալումը մերժելի է Ֆուկոյի համար։ Սրանք չափազանց բարդ հարցեր են և հնարավոր չէ երկու երեք նախադասությամբ ամբողջական պատկերացում կազմել խնդրո առարկայի մասին։ Ավելի հետևողական լինելու համար առարկայի քննությունը անհրաժեշտ է սկսել Հեգելից և Նիցշեից։ Միայն կարող եմ նշել, որ պատմագիտական իր տեսակետները հիմնավորելու համար Մինասյանը կարող է դիմել ավելի համապատասխան հեղինակների օգնությանը, օրինակ՝ Մարկ Բլոկին, բրիտանացի մարքսիստ պատմաբաններից՝ Էրիկ Հոբսբաումին, նեոկանտականներին, Մաքս Վեբերին, Ֆրիդրիխ Շլայերմախերին, Հանս-Գևորգ Գադամերին և այլն։ Բայց ոչ երբեք Ֆուկոյին։ 

Մյուս կարևոր խնդիրը կապված է միֆի ընկալման հետ։ Ավելի կոնկրետ այս պարագայում խոսքը քաղաքական միֆի մասին է։ Մինասյանի տեքստից գալիս ենք այն եզրակացությանը, թե միֆը իշխանության կամ էլ ընդդիմության կողմից ներդրված արհեստական գոյացություն է, որը ըստ անհրաժեշտության կարող է չեզոքացվել և մենք այլևս կապրենք միֆերից զերծ աշխարհում։ Սա իհարկե մոլորություն է, որը ունի երկու բաղադրիչ․ ա/ միֆի դեմ պայքարի հրամայականը, բ/ եթե չլինի Նիկոլ Փաշինյանն ու ընդհանրապես 90-ականների վերջերից տարածում ստացած ընդդիմադիր ավանդույթը, ապա իրականությունը կապամիֆականացվի։ 

Ի դեպ նույն մտայնության կրողներն էին նաև Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները, որոնք կարծում էին, թե երրորդ նախագահի տապալումից հետո կջախջախվեն նաև նրա ստեղծած միֆերը։ Բայց ինչպես տեսնում ենք սարգսյանական միֆերը ոչ միայն չջախջախվեցին, այլ նաև ադապտացվեցին նոր՝ հեղափոխական իրականությանը, ավելին՝ այդ ամենի հետ զուգընթաց հին միֆերին փոխարինեցին նորերը։ Այսինքն, գործ ունենք միֆերի անվերջ հերթափոխի հետ, և Նիկոլ Փաշինյանին հաջորդող կառավարությունը իր հետ բերելու է սեփական միֆերը։ Սա ի դեպ միայն մեր միջավայրին ներհատուկ դրսևորում չէ։ Համաշխարհային պատմության պրակտիկան կամ գիտության լեզվով ասած էմպիրիկ տվյալները ավելի քան հաստատում են ասվածը։ 

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե կանգնած ենք փակուղու առջև և դատապարտված ենք անվերջ ապրել միֆականացված աշխարհում։ Սա իրականում միֆ է միֆի մասին, քանի որ միֆական է թվում ինչպես միֆերին հաղթելու նախաձեռնությունը, այնպես էլ միֆերի անխուսափելի լինելիությունը որպես փակուղի ներկայացնելը։ 

Այսպիսի մտայնություններից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միֆի հետազոտման գործում հասարակագիտության արձանագրած տվյալներին։ Առաջին հերթին մենք բոլորս՝ Մինասյանի գլխավորությամբ, պետք է հաշվի նստենք այն փաստի հետ, որ մեր աշխարհը նաև միֆերի աշխարհ է։ Մարդը միֆաստեղծ էակ է և նրա սոցիալական, քաղաքական, մշակութային փոխհարաբերությունները ամբողջանում և ռեալիզացվում են նաև միֆերով։ Ինչպես Ժ․ Սորելն է նկատում միֆը ռացիոնալիզմի թարգմանությունն է, այսինքն չի կարելի միֆին վերաբերվել որպես միանշանակ հեքիաթի, քանի որ դրա խորքում թաքնված է ինչ-որ ռացիոնալ գաղափար։ 

Իսկ Ռ․ Բարտը ասում է, որ հնարավոր չէ միֆի դեմ պայքարել, միայն կարելի է հասկանալ այն և գտնել դրա առաջացման պատճառը, քանի որ միֆերը կերպափոխվելու, տրանսֆորմացվելու և նոր առանձնահատկություններով հանդես գալու ունիվերսալ հատկություններ ունեն։ 

Է․ Կասիրերը, որը 20-րդ դարում քաղաքական միֆի ամենախոշոր հետազոտողն է, գրում է, թե միֆը երկդիմի է, այսինքն ունի երկու երես, մեկը գեղարվեստական հորինվածքն է, իսկ մյուսը՝ ռացիոնալը։ Այստեղից գալիս ենք այն հետևությանը, որ Մինասյանը նկատել է միայն գեղարվեստական հորինվածքը, բայց չի կարողացել արձանագրել, որ դրա մյուս կողմում ռացիոնալ ինչ-որ ճշմարտություններ կան։ Մինասյանը պայքարում է միֆի դեմ, բայց չի փորձել Բարտի տրամաբանությամբ հասկանալ դրա առաջացման պատճառներն ու հանգամանքները։ 

Կարևոր է նկատել նաև, որ միֆերի առաջացման ամենամեծ շարժառիթը ներհանրային ճգնաժամն է։ Այո՛, դրանք հատկապես ի հայտ են գալիս խորը ճգնաժամերի պարագայում, ինչը անխուսափելի է։ Բայց դրանց լինելիությունից պետք չի սարսափել, չէ՞ որ դեռևս մի քանի հազար տարի առաջ Պլատոնը նկատել է, որ միֆը անհրաժեշտաբար պետք է նաև դրական ազդեցություն ունենա։ 

Ընդհանրապես պետք է հասկանալ, որ միֆը ինքնին քաղաքական հայտնություն է և ի հայտ է եկել քաղաքականության հետ զուգընթաց։ Մինասյանի կողմից շատ սիրված Ֆուկոյի ձևակերպմամբ, քաղաքական տարածության կոնցեպտուալիզացիան ավանդաբար ելնում է այդ տարածության ինքնուրույնության պոստուլատից։ Նա քաղաքականը դիտարկում է որպես հասարակական կյանքի ամենակարևոր ինքնուրույն ոլորտներից մեկը։ Քաղաքականության ամենաէական սկզբունքներից մեկը ոչ միանշանակ սոցիալական կապերն են և դրանից ելնելով քաղաքական ոլորտը չի կարող դիտարկվել որպես ինչ-որ առանձին կղզյակ։ Ֆուկոն նշում է, որ դրանում չկան ոչ մաքուր քաղաքական և ոչ էլ ապաքաղաքական ստրուկտուրաներ։ Այսինքն, քաղաքականությունը միֆերից մաքրելու նախաձեռնությունը հենց ինքնին միֆ է, քանի որ միֆը քաղաքականի օրգանական բաղադրիչն է և քաղաքական պայքարը ինչ-որ առումով նաև մրցակցող միֆերի պայքար է։

Թեման իհարկե չափազանց մեծ է, ինչի վերաբերյալ վերջին 200 տարիներին ծով գրականություն է ստեղծվել։ Կարող ենք մեկ այլ առիթով ավելի մանրամասն խոսել, բայց հիմա սահմանափակվենք այսքանով և միտքը եզրափակենք  հետևյալ եզրակացությամբ․ Հնարավոր չէ պայքարել միֆերի դեմ՝ փորձելով արմատախիլ անել դրանք, անհրաժեշտ է հասկանալ առաջացման պատճառններն ու  շարժառիթները, գտնել ռացիոնալ տրամաբանությունն ու պահանջարկի հիմնական աղբյուրը։ Միայն այս բարդ աշխատանքի միջոցով է հնարավոր հասկանալ ներհայկական միֆերի էությունն ու առանձնահատկությունները։  Ինչո՞ւ է հայ հանրույթը այդքան շատ միֆեր հորինել վերջին քսան տարիներին։ Սա գիտական չափազանց լուրջ հարց է, որը սպասում է իր ապագա հետազոտողներին՝ սոցիոլոգներին, փիլիսոփաներին, պատմաբաններին և մշակութաբաններին։