Գրեթե կասկածից վեր է, որ թուրք օպերատորներ են կառավարում այդ անօդաչուները․ Վրթանեսյան

Գրեթե կասկածից վեր է, որ թուրք օպերատորներ են կառավարում այդ անօդաչուները․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանը չցանկացավ մեկնաբանել պաշտոնապես տարածված այն տեղեկությունը, որ մեր ստորաբաժանումները հակառակորդի դեմ մարտեր են վարում Իշխանաձոր համայնքի հատվածում։ Հիշեցնենք, որ այս մասին գրել էր Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը․

«Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում (Իշխանաձորի հատվածում) շարունակվել են ծանր մարտերը։ Արցախը, ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, արդեն ավելի քան երեք շաբաթ է հերոսաբար դիմակայում է Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների եռյակ դաշինքին»։

Բացի այդ վարչապետը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ մեր զինծառայողների ձեռքում են հայտնվել թուրքական «Բայրակթար» տեսակի անօդաչու թռչող սարքի բեկորըները․

«Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:

Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:

Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:

Եւ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»։

Ռազմական փորձագետին հարցրինք, թե ի՞նչ կարող է տալ հայկական կողմին այս բեկորի ձեռք բերելը, արդյոք աշխարհի համար տարակուսանք կար, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում․

«Չեմ կարծում, որ աշխարհում տարակուսանք կար, որովհետև Ալիևը անձամբ իր հարցազրույցում հայտարարել է, շնորհակալություն է հայտնել Թուրքիային իր հարվածային անօդաչուները տրամադրելու համար, ասաց, որ իբրև գնել են իրենք հարվածային անօդաչուները։ Դրանք նույնիսկ սեպտեմբերին են հավաքված, այդ աստիճան թարմ են, այդ կարգի շտապ հավաքվել են, փոխանցվել են Ադրբեջանին։ Նաև տրամաբանական է, որ ընդամենը հունիսին այն թեման էր բացվել, որ պետք է փոխանցվեն, կարծես թե՝ այդ բոլոր գործարքները եղել են հուլիս- օգոստոսին՝ գոնե անօդաչուների մասով, կամ դրանց հիմնական մասը, և ես կասկածում եմ, որ Ադրբեջանը կարող էր այքան արագ պատրաստել համապատասխան մասնագետներ, այսինքն՝ գրեթե կասկածից վեր է, որ թուրք օպերատորներ են կառավարում այդ անօդաչուները, և ըստ էության, կռվում եմ մեր դեմ։ Բացի այդ՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բացի բուն կառավարումից, նաև անօդաչուների ամբողջ գործողությունները համակարգվում են թուրք մասնագետների կողմից՝ մարտը վարելը, խնդիրները իրագործելը, համակարգելը և այլն։ Ամենայն հավանականությամբ աշխատում է թուրքական մի ամբողջ ստորաբաժանում՝ իր սպաներով, իր շտաբով, ակնհայտ է, որ Ադրբեջանը այս էտապում չէր կարող դա ինքնուրույն անել»,- պատասխանեց Վրթանեսյանը։