Ո՞վ է հանդես գալիս որպես «հիվանդատեր»

Ո՞վ է հանդես գալիս որպես «հիվանդատեր»

Հայտնվել ենք ոչ կամավոր էֆթանազիայի մեջ։ Երբ մենք կարող ենք ապրել, բայց աշխարհը մեզ բռնի էֆթանազիայի տակ է դրել՝ մեր իշխանության գլխավորությամբ, ու փորձում է համոզել, որ կամավոր էֆթանազիայի մեջ ենք։ Մեր իշխանության գլխավորությամբ եմ ասում, որովհետև ինքն  է իրեն իրավունք վերապահել՝  վճռելու  ժողովրդի ապրելու իրավունքը, հայտարարելով, որ ժողովրդի ընտրյալն է ու ինքն է այդ ամենը կարգավորում։ 

․․․Բայց մենք առողջ էինք մեզ ի՞նչ եղավ, որ ծանր, մղձավանջային ցավերի մեջ ընկանք ու մահվանը հանձնելուց զատ ուրիշ ճանապարհ չեն գտնում, քան այն, որ առանց ցավի մեզ մահվան դուռը տանելը։  Կյանքի իրավունքը մարդու բնական և անօտարելի իրավունքն է։ Դա նշանակում է, որ ոչ ոք` ո՛չ պետությունը, ո՛չ անհատ քաղաքացիները չեն կարող կամայականորեն մարդուն զրկել կյանքից։ Մարդու կյանքի իրավունքը իր ամրագրումն է ստացել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում, ըստ որի` յուրաքանչյուր ոք ունի կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք։ 

Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում ու Արցախում։ Առանց ժողովրդի կամքը հարցնելու՝ ոչ կամավոր ու պասիվ էֆթանազիա։ Մաս- մաս ավերել, հանձնել, հայ ժողովրդին զրկել «ապրելու իրավունքի», տնից, հողից։ Ու այս ամենն արվում է կարեկցանքի կեղծ նոտաներով ու հայտարարություններով, իբր կարեկցում են, որ 120․․ 000 հայ շրջափակված են, սովամահ են լինում․․․

Վերջ տվեք աշխարհաքաղաքական էֆթանազիային։ Հայ ժողովուրդը ապրել է ուզում։ Արցախը ապրել է ուզում՝ իր հողում։ Ձեր «քաղաքակիրթ էֆթանազիաները» մեր ժողովրդի համար չեն։ Թույլ իշխանություն դեռ չի նշանակում թույլ ժողովուրդ։ Անհրաժեշտ է առաջին հերթին ժողովուրդը, հոգեբանական ծանր գրոհներից  ուշքի գա ու հասկանա, թե ով է իրեն առաջնորդում էֆթանազիայի։ Ո՞վ է հանդես գալիս որպես «հիվանդատեր»։