Արդեն կան 15 մլն վճարած քաղաքացիներ, ովքեր չեն ծառայի
Մեկ ամիս է անցել Զինծառայության մասին օրենքում հայտնի փոփոխությունից, սակայն փոփոխության հեղինակ, ՔՊ-ական Հայկ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ կան քաղաքացիներ, ովքեր արդեն վճարել են 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու վճարը և առաջիկայում նրանց վրա հարուցված քրեական գործերը կկարճվեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ օրենքի այն կետերը, որոնք ենթադրում են, որ քաղաքացին անցնելու է ծառայության որոշակի հատվածը և վճարելու է չծառայած ժամանակահատվածի համար՝ դեռ լրամշակվում են։
«Պաշտպանության նախարարությունից խոստացել են, որ մինչև ապրիլ այդ կարգը մշակված կլինի և այն քաղաքացիները, որ կցանկանան, օրինակ, մեկ ամիս ծառայել և 8 մլն դրամ վճարել՝ դեռ կառավարությունը մշակում է, իսկ 5-րդ մասով, որը ենթադրում է, որ քաղաքացին պետք է միայն վճարի և ծառայության հատված չկա, այդ կետն արդեն գործում է և քաղաքացիները կարող են օգտվել այդ բաղադրիչից։ Նրանք կարող են վերադառնալ Հայաստան, ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ ՔԿ և ասել, որ ցանկանում են օգտվել օրենքի կետից՝ այն է վճարել 15 մլն դրամ։ Վճարումը հաշվի առնելով իրավապահները կկատարեն իրենց գործառույթները և հաշված օրերի ընթացքում գործը կկարճվի»։
Այն քաղաքացիները, ովքեր կներկայանան՝ ՔԿ-ն նրանց կալանքի չի տանում, այլ նրանց նկատմամբ կիրառվում է ստորագրություն՝ չբացակայելու վերաբերյալ, մինչև գործը կկարճվի։
Կարծիքներ