Մղձավանջ
![Մղձավանջ](https://hraparak.am/uploads/images/2024/11/image_750x_674a1b2f4c58f.jpg)
2018 թվականին փողոց ելած զանգվածի մտքի ծայրով անգամ չէր անցնի, որ կարող է տեղի ունենալ այն ամենը, ինչը տեղի ունեցավ այս 6 տարում: Որ մենք կարող ենք կորցնել Արցախը, Գորիս-Կապան ճանապարհից զրկվել, անառիկ Տավուշից հողեր հանձնել ու հանդուրժել, որ ադրբեջանցի հրոսակները հանգրվանեն անգամ Հայաստանի Հանրապետությունում: Մենք չէինք կարող պատկերացնել նաեւ, որ ժողովրդի հոգս ու ցավից խոսող, թանկացումների ու տուգանքների դեմ կատաղի պայքարող ընդդիմադիր պատգամավորը, վարչապետ դառնալով, կարող է հարկեր-տուրքեր բարձրացնել, անվերահսկելի թանկացումներ թույլ տալ, ոչ թե շարքային մարդու թոշակն ու աշխատավարձը բարձրացնել, այլ իր թիմին ճոխ աշխատավարձեր նշանակել, պարգեւավճարներ բաժանել:
Ոչ թե իջեցնել, այլ բարձրացնել տրանսպորտի, ջրի, գազի, հոսանքի գինը: 2018-ին փողոց փակող մարդիկ չէին պատկերացնի, որ կոռուպցիայից, ամենաթողությունից, բուհերի կուսակցականացումից, կադրային ապաշնորհ քաղաքականությունից 24/7 ռեժիմով խոսող Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ կկուսակցականացնի բուհական համակարգը, ամենավատ կադրերին կնշանակի` առաջնորդվելով իր հետ «քայլած» լինելու, իրեն անվերապահորեն նվիրված լինելու հանգամանքով, որ նրա կաբինետում կոռուպցիան նույնությամբ բուն կդնի, ինչպես ՀՀԿ-ի ժամանակներում էր:
Եվ դրան գումարած` մեր թշնամիները մեզ ամեն օր կնվաստացնեն, հավակնություններ կդրսեւորեն Հայաստանի բուն տարածքի նկատմամբ, մեր զինվորներին եւ արցախյան գործիչներին տարիներով կպահեն Բաքվի բանտերում եւ կխոշտանգեն: Իսկ մենք խաղաղության պայմանագիր կմուրանք նրանցից` պատրաստ նորանոր զիջումների գնալ, նաեւ` հրաժարվել Արցախից, Մասիսից, Անկախության հռչակագրից, Արեւմտյան ու պատմական Հայաստանից, ցեղասպանությունից, հայ լինելուց:
Կարծիքներ