Շառաչուն ապտակ ընդդիմությանը՝ ԵԽԽՎ-ից

Շառաչուն ապտակ ընդդիմությանը՝ ԵԽԽՎ-ից

Եթե իշխանությունն այդ բանն արած լիներ, գուցեև, այսքան ցավալի չլիներ. հարազատ իշխանությունն ապտակել է էլ ավելի հարազատ ընդդիմությանը: Բայց ապտակողը վերազգային մի կառույց է: ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ապացուցեց ավելի քան 100 տարի առաջ ասված արտահայտության ճշմարտա­ցիությունը. «Երբ քաղաքակրթությունը դռնով ներս է մտնում, բարոյականությունը լուսամուտով դուրս է թռչում»: 

Այդ ապտակի խայտառակությունից դուրս գալու փորձ կարելի է համարել  բանաձևին Հայկ Մամիջանյանի դեմ քվեարկելը: Ստացվեց ex post vs ex ante-ի նման մի բան:
Փաստորեն, ԵԽԽՎ-ի բանաձևով հաստատվեց, որ ՀՀ-ն ժողովորդավա­րության համաշխարհային բաստիոն է: Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը։ 

Եթե ԵԽԽՎ-ի բանաձևը ծածկագրված ուղերձ է պարունակում ընդդիմության համար, ապա վերոնշյալն արդարացի չէ և կարելի է հայցել նրա ներողամտոթյունը: Իսկ ի՞նչ ուղերձ կարող է դա պարունակել: Կարող է լինել ապածածկագրման հետևյալ տարբերակը. «Ուղիղ խոսքն էշին են ասում»: Մարդիկ կարող են ասել դուք էլ, ձեր երկիրն էլ, ձեր ընդդիմությունն էլ: Եվ արդարացի կլինեն: Իսկ ի՞նչ էր մնում նրանց անել, ուղղակի գրե՞լ, թե «ընդդիմությունը չպետք է ընդուներ ընտրությունների արդյունքները և բոյկոտեր նորընտիր խորհրդարանի գործու­նեությու՞նը»:
Նշված բանաձևի քվինտէսենցիան, ըստ էության, ընդդիմության որակազրկման ազդարարումն է: 
Ուրիշ ճար չկա, ՀՀ քաղաքացիների հույսը Հայկ Մամիջանյանն է: Ենթադրաբար, ճիշտ քվեարկելուց հետո նա իր ձեռքը կվնասի փշալարարով, կվիրակապի ու գործի կանցնի: Բայց, ցանկալի կլինի երկու ձեռքն էլ վիրակապել, քանի որ մեկ ձեռքը գրագողություն կհամարվի. ո՞վ գիտի, գուցե արդեն արտոնագրված էլ լինի:

Գագիկ Վարդանյան