Խորենացի՞ն էր եկել, թե ես էի գնացել՝ լավ չեմ հիշում

Խորենացի՞ն էր եկել, թե ես էի գնացել՝ լավ չեմ հիշում

Արդեն ինչքան ժամանակ է մտածում եմ՝ լավ, որպես ազգ, մեր ուզածն ի՞նչ է: Հա էլի, մենք ի՞նչ ենք ուզում այս աշխարհից: Բեռ ենք դարձել աշխարհի վրա, մնացել՝ ոչ դես, ոչ դեն, բալաստի նման քարշ ենք գալիս: Մի օր Թրամփն է քացով տալիս, մի օր՝ Պուտինը… Բա Ֆրանսիան, որ միշտ մեր կողքին է եղել… Տեսաք չէ՞, ինչ արեց Ստեփանակերտի հետ «քույրացած» իր քաղաքներին: Հասկանում եմ Ֆրանսիային՝ ինչքա՞ն կարելի է քարշ տալ մեր բեռը: Չէ, չի կարելի երկար մնալ աշխարհի վզից կախված: Աշխարհը տեղ ունի գնալու, շտապում է: Իսկ մե՞նք…

Խորենացին վիճում է հետս՝ չէ, այդպես մի ասա, թեև մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ հիշատակելու արժանի գործեր կան:

-Վա՞յ, ես իմ պատմահոր ցավը տանեմ, ո՞վ է ասում, որ երևելի գործեր չեն եղել: Բայց դա է՛ երբ էր: Դու մի անգամ պատմիչների շքախումբդ հավաքած արի Երևան, էս մեծ աղբանոցը քո աչքով տես ու նոր ասա, թե ինչեր կան մեզանում հիշատակելու: Թե չէ 5-րդ դարի բարձունքներից է ձայնդ լսվում: Քեզնից հետո մենք իջել ու իջել ենք այդ բարձունքներից՝ քո ասած հիշատակության արժանի գործերը մսխելով, դրանց հաշվին ապրելով…

-Իսկ Սարդարապա՞տը, Շուշի՞ն…

-Յա՛ա՛ա՛, պարոն Խորենացի, Դուք դա՞ էլ գիտեք, այդ ինչպե՞ս:

- Նախ՝ պարոն չի, պատմահայր է, և ապա՝ իմացիր, որ ձեր պապերն են այնտեղ ինձ ամեն ինչ պատմում: Իսկ դու այստեղ նվնվում ես, թե հիշատակության արժանի գործեր չեք արել:

-Պատմահայր ջան…

-Հանգստացիր, քանի եկել եմ, կարող ես Մովսես ասել…

-Բայց սպասիր, կարող ա՞ ես եմ եկել…:

-Չէ, չէ, հանգիստ նստիր տեղդ, հաստատ ես եմ եկել:

-Հա, կարծես արդեն տեսնում եմ… Մովսես ջան, ես պատմությունից քեզ նման ուժեղ չեմ, բայց լիովին համաձայն եմ, որ քո նշած Սարդարապատն ու Շուշին փառքի գագաթներ են, որ կզարդարեին ուզածդ ազգի պատմություն: Արցախյան հերոսամարտը պատմե՞լ են քեզ:

-Հա, իհարկե, հպարտանալու գործ է: 

-Դու մեր նոր անկախության մասին էլ լսած կլինես: Իսկ ի՞նչ ենք արել այդ անկախության վերջին 25 տարիներին, գիտե՞ս:

-Որոշ բաներ լսել եմ՝ ցուրտ, մութ, սով, արտագաղթ, մարդկանց սավանի մեջ փաթաթած եք թաղել… Բայց այդ ամենը հուսահատության պատճառ չի կարող լինել: Հետո հաց էլ եք ունեցել, լույս էլ, սիրուն-սիրուն շենքեր ու ճանապարհներ եք սարքել: Ես այլ ազգերի պատմություններ էլ եմ ուսումնասիրել և կարող եմ ասել, որ այդպես եղել է շատերի հետ:

-Ես դրանից չեմ բողոքում: Ճակատագիր էր, երևի: Իսկ մարտի 1-ը, ՊՊԾ գնդի գրավումը…

-Ճիշտն ասած՝ մարտի 1-ի մասով մեզ մոտ էլ վեճեր կան: Ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե էն 10 հոգուն ով ուղարկեց մեզ մոտ: Այդ դեպքերի ականատեսներ էլ կան, բայց նրանք էլ մի արժանահավատ բան չեն ասում, որ հասկանանք՝ կեսն ասում է Լևոնը, կեսը՝ Ռոբերտը, մեռյալ էլ կա՝ Սերժի անունն է տալիս: Չենք հասկանում:

-Մովսես ջան, մենք որ այնքան մոտ ենք մարտի 1-ին ու բան չենք հասկանում, դուք ո՞նց կհասկանաք: Բերել, մի հոգու փակել են, ուզում են բոլորով մաքրվել կեղտից: Վարչապետին էլ այս քաշքշուկը ձեռ է տալիս՝ աղմուկի մեջ նրա մտքի փայլատակումները լավ չեն երևում:

-Ասում ես մի հոգու վրա են ուզում բարդել, ո՞ւմ:

-Երկրորդի:

-Ինչո՞ւ ես թվերով խոսում, մեզ լսող կա՞…

-Չէ, ո՞վ պետք է լսի: Եվ գիտե՞ս, այն, որ մեկ հոգու վրա են ուզում բարդել, դեռ ամենակարևորը չէ: Վտանգավոր բան են անում. գործն այնպես են սարքել, որ մարտի 1-ն ընդհանրապես չբացահայտվի, հասկանո՞ւմ ես: Տասը զոհ՝ բերանով ասելն է հեշտ…

-Բայց հուսահատվել պետք չէ: Մեր օրերում էլ նման բաներ էին լինում: Իշխաններն ու նախարարական տները կռվում էին, մեջտեղը հասարակ շինականներն էին տուժում: Ոչ ոք պատասխան չէր տալիս, հետո հաշտվում էին, մոռացվում, գնում էր:

-Է՛, Մովսես ջան, ձեր ժամանակներում ուրիշ էր: Աշխարհն այսօրվա նման թափանցիկ չէր: Մենք մեր տանը միամիտ տ.ում ենք (շատ ներողություն)՝ Լոնդոնում իմանում են: Խայտառակ ենք եղել աշխարհով մեկ՝ էլ իրար վրա տղա բերել, էլ բան, ամեն մեկն իր ճիշտն առաջ տված՝ չգիտեմ ուր են գնում, մեզ էլ հետները տանում:

-Դա լավ չէ:

-Դա շատ վատ է, բայց ավելի վատն էլ կա: Դու կարդացած մարդ ես, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչպե՞ս կարելի է գրեթե 100 տոկոսով նույն ազգի մարդկանցով բնակեցված երկրում ազգային ազատագրական շարժում սկսել: Ի՞նչ էին ուզում անել՝ Հայաստա՞նն ազատագրել հայերից, թե՞ հայերին Հայաստանից: Զարմացա՞ր: Բայց մենք արել ենք: Ժիրոյին ճանաչո՞ւմ ես:

-Սեֆիլյա՞ն… Շուշիի առանձնակի գումարտակ, Սասնա ծռեր…

- Ավտոշարասյունով՝  դեպի Արցախ, հետո՝ Գյումրի… Ձեզ մոտ առանց փայծաղի մարդ չեն բերե՞լ դեռ:

-Չեմ հետաքրքրվել:

- Մի օր կբերեն: Հայաստանում ազգային ազատագրական շարժումը հենց Սեֆիլյանն էր մտածել: Որ գյուղը մտնում էր՝ ոստիկանների ու գյուղացոնց հետ կռիվ էր սարքում:  Փայծաղ էր, որ պայթում էր այդ կռիվների ժամանակ: ՊՊԾ գնդի մասի՞ն ինչ կհրամայես՝ հիշատակեմ, Մովսես ջան:

-Դե դրանք մասնավոր դեպքեր են, երբեմն քաղաքական դրդապատճառներով: Դուք պետք է կարողանաք մեծ անցքերը դիպվածներից տարբերել, կարևորել և իսկական, պատմական արժեք ունեցող իրադարձությունները հշատակել, ինչպես ես եմ արել:

-Ասում ես մեծ անցքե՞ր…

-Հա:

-Թավշյա հեղափոխությունը ո՞նց է, մե՞ծ է, թե՞ փոքր:

-Թավշյա՞:

- Այո, թավշյա հեղափոխությունը: Հողի ամենավերին շերտերի մեռյալներից պետք է որ լսած լինեք դրա մասին:

-Ճիշտն ասած՝ չեմ լսել: Հեղափոխությունը գիտեմ ինչ է, բայց ինչո՞ւ թավշյա:

-Այսինքն՝ փափուկ, անզեն, բաց ձեռքերով, առանց ավելորդ հրմշտոցի, իշխանությունների հետ ջանջիգյար անելով:

-Յա՛ա՛ա՛, բա հետո՞…

-Էլ ի՞նչ հետո, Պատմահայր ջան, շինականները ոտքի կանգնեցին ու Հայաստանում տեղի ունեցավ մի չտեսնված բան՝ իշխանափոխություն: Հեղափոխության առաջնորդ Նիկոլը դարձավ իշխան, շինականները ոնց կային, այդպես էլ շինական մնացին, իսկ նախկին իշխաններին էլ՝ որին բռնեցին, որից փող առան՝ թողեցին, ով էլ որ փող ուներ, բայց չէր տալիս, փռում էին ասֆալտին, հավաքում, փռում էին, հավաքում…

-Այդ հեղափոխության առաջնորդի անունը՝ Նիկո՞լ ասացիր:

-Հա: Նիկոլ Փաշինյան: Էդ ի՞նչ է, Մովսես ջան, գրո՞ւմ ես:

-Արժեքավոր տեղեկություն է, Կորյունին ու Եղիշին կփոխանցեմ, շատ կուրախանան:

-Կներես, Պատմահայր ջան, Եղիշն ո՞վ է:

-Վա՞յ, Եղիշեն… Ավարայրի: Մեր շրջապատում նրան Եղիշ ենք ասում:

-Հասկացա, բայց Նիկոլ Փաշինյանի անունը նրա ինչի՞ն է պետք:

-Ո՞նց ասեմ, Կորյունն ու Եղիշը թեկնածուականները պաշտպանել են, մեկը՝ Մաշտոցի, մյուսը՝ Վարդան Մամիկոնյանի թեմայով, հիմա դոկտորականի թեմա են ման գալիս: Եթե Նիկոլից բացի մի ուրիշ թեմա էլ հուշես, շնորհակալ կլինեմ:

-Վայ, խնդրեմ, ինչքան պետք է, գրի՝ Արարատ Միրզոյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց, Արսեն Թորոսյան (էս մեկը բժիշկ է), ինչո՞ւ ոչ՝ Աննա Հակոբյան…

-Իսկ ի՞նչ կասեք Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի մասին:

-Մովսես ջան, նրանց էլ գիտե՞ս… հո բան-ման չի՞ պատահել էդ մարդկանց:

-Չէ, պարզապես մինչև քեզ հանդիպելը պատմության ինստիտուտով անցա: Բոլորը խառնված էին իրար, և ինձ թվաց՝ հիշատակելու բան էին որոնում այդ մարդկանց հետ կապված:

-Հասկացա: Գիտե՞ս, ինձ թվում է՝ այդ երկուսի արածը մի այնպիսի երևելի բան չէ, որ Կորյունն ու Եղիշեն զարմանան: Բայց մի բան պատմեմ՝ հաստատ փոխանցիր Եղիշին:

-Այո, այո, գրում եմ:

-Գրի՝ մի Եղիշ էլ մենք ունենք, բայց մեր Եղիշին Սասուն են ասում՝ Սասուն Միքայելյան: Սասունը մասնակցել է Արցախյան հերոսամարտին, ինչպես Եղիշեն՝ Ավարայրին: Բայց մեր Եղիշի ու ձեր Եղիշի տարբերությունն այն է, որ մեր Եղիշը հետո դարձավ թավշյա հեղափոխական ու փնովեց իր Ավարայրը՝ այդ Ավարայրի հերոսներին էլ հետը: Եվ դրա արդյունքում՝ մեր թավշյա «մե՛ե՛ե՛ծ անցքից»՝ հեղափոխությունից մեզ մի Սասուն մնաց հիշատակության արժանի:
Համ պատմում եմ, համ աչքի պոչով նայում Մովսեսի գեղեցիկ ձեռագրին: Մաշտոցյան գրերը ուլունքի պես շարում է… Փառահեղ մորուքը փայլում է արևի առաջին շողերից…

-Այ մարդ վեր կաց, ուշացար… ութն անց կես եղավ… Մինչև գիշերվա 4-ը Ֆեյսբուքում գրում ու գրում ես, թե մեջն ինչ կա՝ չգիտեմ: Վեր կաց…

-Մի խանգարի, թող մի քիչ էլ… կարևոր ա…

-Ի՞նչն ա կարևոր, այ մարդ, ուշացար գործից:

-Ո՛, կին արարած, թող ասում եմ, կարևոր գործի եմ:

-Կարևո՞ր… մենակ ե՞ս…

-Չէ, երկուսով ենք, մի խանգարիր, բան ենք գրում:

-Ո՞ւմ հետ, մեր հարևան Շմավոնի՞…

-Չէ, Մովսեսի…

-Մովսե՞սն ով ա…

-Խորենացի… դու սուրճը դիր, մինչև վերջացնենք:

-Վեր կաց, ճիշտ է ասում, ուշանում ես: Ես էլ վերջացրեցի: Եղիշը շատ կուրախանա: Բայց լսիր պատգամս՝ թեև մենք ածու ենք փոքր, մեզանում էլ հիշատակության արժանի գործեր կան: Աչքիդ լույսը չխնայես, գրի առ մեկիկ-մեկիկ, հետո, երբ գաս, այնտեղ ժամանակ շատ կունենանք, միասին կջոկենք մեծը փոքրից, կարևորն անկարևորից, մնայունն անցողիկից: Քեզ լավ օր:
Գնաց…

-Սուրճը եղավ, գալիս ե՞ս…

-Գալիս եմ, սիրուն ջան…