Ընտրություններին կհիշվի Նիկոլի վարքագիծը Գյումրիում

Ընտրություններին կհիշվի Նիկոլի վարքագիծը Գյումրիում

Ինձ թվում էր, որ հանուն իշխանության պահպանման՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը վերածվել է ռոբոտի: Որ նրա ողջ գործունեությունը միտված է իշխանության պահպանմանը, և նա կարողանում է խուսափել սխալներ կատարելուց: Բայց պարզվում է, որ այդ առումով ես եմ սխալվում, և ինքը, որպես մահկանացու, կատարում է նաև այնպիսի քայլեր, որ վնասում են նրա կյանքի գերագույն նպատակի իրականացմանը: Իսկ դա, կրկնեմ, իշխանության պահպանումն է՝ հանուն դրա ընձեռած վայելքներից օգտվելու: 

Դեկտեմբերի 7-ին վերջինս, սովորության համաձայն, կնոջ հետ այցելեց աղետի գոտի և, բնականաբար, նաև Գյումրի: Ու բեմադրելով Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղիկներ դնելու ու խոնարհվելու ներկայացումը՝ թռավ Փարիզ: Բայց նա եկեղեցի չմտավ՝ էլ չասած, որ այնքան ուշ էր Գյումրի հասել, որ մինչ այդ ավարտվել էր Սուրբ Ամենափրկիչ վերաօծման հանդիսավոր արարողությունը: Հաշվի առնելով այն, որ վերջինս առավոտ ձեգին հեծանվային արշավ էր կազմակերպում, ապա ցանկության դեպքում կարող էր աղետի գոտու այցելությունը ևս սկսել առավոտ ծեգին, որպեսզի հասներ արարողությանը, ու Վանաձորում և Սպիտակում դա կընկալվեր: 

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը շտապող Նիկոլին ավելի վաղ Սուրբ Ամենափրկիչ հասնելուն նույնիսկ չի դրդել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Փրկչի Խաչափայտի մասունքը Գյումրի տանելը։ Փաշինյան Նիկոլը մեր պետության առաջին (ՀՀ նախագահին հանած) պաշտոնատար անձն է, ու չպետք է անտարբեր գտնվեր Գյումրիում քրիստոնեական մասունքի առկայության առումով: Հատկապես, որ շտապում էր մեկ այլ քրիստոնեական, թեև կաթոլիկ, եկեղեցու վերաբացմանը: Իհարկե, հասկանալի է, որ դա ձևական կողմն էր՝ նա Փարիզ էր շտապում Մակրոնի և արևմտյան այլ պետությունների ղեկավարների հետ թեկուզ ձևական հանդիպման ու նկարվելու համար: Եվ ճակատագրի բարի կամքի կամեցողությամբ նկարվեց աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի և ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի նախագահ Զելենսկին էր շտապել Փարիզ. ինչքա՜ն նման են այդ երկուսն իրար:  

Վերադառնալով Գյումրի՝ ասեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չէր ցանկանա գտնվել ոչ միայն Հայոց Հովվապետի, այլև Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ նույն փոքր տարածքում: Էլ չասած Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, ով այդ եկեղեցու վերանորոգման հովանավորն է: Որի նկատմամբ հանրապետության «անկախ» դատախազության կողմից քրական գործ է հարուցվել «ապօրինի ձեռք բերված գույքի» բռանգրավման նպատակով: Եվ որին, ի դեպ, ՀԱԵ-ի կողմից շնորհվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, ինչը և փոխանցվեց կաթողիկոսի ձեռամբ: 

Պարզ է, որ վերը նշված անձն այդ պատճառով էլ խուսափել էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը մասնակցելուց: Բայց դա հենց նրա սխալն էր՝ ինչի մասին ասվեց հոդվածի սկզբում: Որովհետև գյուրեցիներն, ի տարբերություն Փաշինյան-Հակոբյան ընտանիքի անդամների, հավատացյալ ժողովուրդ են, և դա նրանք ծանր կտանեն: Ու որպես հավատացյալ մարդիկ՝ պետք է, որ թե՛ Գյումրու ավագանու և թե՛ սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հիշեն վերը նշված անձի արհամարհական վերաբերմունքի մասին: Իսկ դա, բնականաբար, խնդիրներ է ստեղծելու երբեմնի «դուխով», իսկ հետո «խեղճ հարիֆի» վերածված Նիկոլի համար: